Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի ջանքերով Հայաստան է ներմուծվել շոտլանդական «GREEN MACHINES» («Կանաչ մեքենաներ») ընկերության արտադրության մայթերի մաքրման համար նախատեսված փոշեկուլ-աղբահավաք չորս մեքենա:
Երեկ Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Քանթորի, փոխդեսպանի, «GREEN MACHINES» ընկերության ներկայացուցիչների, Արաբկիրի բնակիչների եւ «Մաքուր Արաբկիր» ընկերության աշխատակիցների ներկայությամբ մեքենաները շահագործման հանձնվեցին: Մայթին թափված տերեւները, փոշին ու աղբը, ինչպես մեքենաների ցուցադրության համար հատուկ կոտրված ապակիները մեքենան վայրկյանների ընթացքում հավաքեց` դրանք վերածելով մանր կտորտանքների: Մեքենաներն Արաբկիր համայնքը ձեռք է բերել վարկային միջոցների հաշվին, դրանցից յուրաքանչյուրի միայն գործարանային արժեքը 24.000 եվրո է (չհաշված` մաքսազերծման ծախսերը եւ մեքենաների` Հայաստան տեղափոխման ճանապարհածախսը):
Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի խոսքերով` «Կանաչ մեքենաները» ծառայելու են Արաբկիր համայնքին: Դրանք մայթերի մաքրման, աղբի, տերեւների հեռացման եւ գազոնների մաքրման անփոխարինելի գործիքներ են. «Կանաչ մեքենաները Երեւան քաղաքում հայտնվում են առաջին, բայց ոչ վերջին անգամ: Շոտլանդիայի «Կանաչ մեքենաներ» ընկերության հետ հետագա համագործակցության համար բանակցություններ ու աշխատանքներ են տարվում: Առայժմ ներմուծվել է չորս մեքենա, որից մեկը կաշխատի ՀՀ նախագահական նստավայրում, երեքը` Արաբկիր համայնքի տարածքում: Մայթերի մաքրման համար որակական առումով սրանք լավագույն մեքենաներն են: Ամբողջ աշխարհում սրանցից լավը դեռ չկա, ամենավերջին տեխնիկան է, որոնք աշխատում են եվրոպական ամենաառաջադեմ եւ զարգացած քաղաքներում: Այս մեքենաները նախատեսված են հենց մայթերի, հետիոտն տարածքների մաքրման համար: Կանաչ մեքենաները նաեւ նախատեսված են ձյան մաքրման աշխատանքների համար: Պարզապես խնդիրն այն է, թե ինչ ծավալի կլինեն ձյան տեղումները: Ձյան խիստ տեղումների դեպքում այս մեքենաներն այդպիսի հզորություն չեն կարողանա ապահովել: Ձմռան համար արդեն ունենք միայն ճանապարհների ձյան մաքրման համար նախատեսված ավելի հզոր մեքենաներ: Այն, ինչ մայթերին տեսնում ենք, այս մեքենան իր հզորությամբ կարողանում է հեռացնել: Արաբկիր համայնքի բոլոր բարեկարգ փողոցներում մեքենաները կաշխատեն` Կիեւյան փողոցն է լավ վիճակում, Արամ Խաչատրյան, Բաղրամյան փողոցները, առաջիկայում` նաեւ Կոմիտասը լիովին կբարեկարգվի»,- ասաց Հովհ. Շահինյանը:
«GREEN MACHINES» ընկերությունը հիմնադրվել է Շոտլանդիայում, սկսել է իր աշխատանքը 1965թվից: Ընկերության արտադրությունը միայն Շոտլանդիայում գտնվող գործարանում է արտադրվում: «GREEN MACHINES» ընկերության արտադրած տեխնիկան գործածվում է ամբողջ աշխարհում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում եւ այլուր: Մեծ պատվերներ ունեն Իրանից եւ երկու տասնյակ պատվերներ` Ռուսաստանից: ԱՊՀ նախկին հանրապետություններից միայն Բելառուսն ունի ընդամենը մեկ կանաչ մեքենա եւ Հայաստանն` ի դեմս Երեւանի Արաբկիր համայնքի: Կանաչ մեքենաներն աշխարհում հայտնի են «Կանաչ փոքրիկ մոնստրներ» անվամբ: «GREEN MACHINES» ընկերության էքսպորտի հարցերով մենեջեր Սելիա Նորտոնի խոսքերով` ««Կանաչ մեքենաները» շատ հզոր շարժիչներ ունեն եւ պատրաստված են չժանգոտող մետաղից: Մեքենաների բոլոր պահեստամասերը պատրաստվում են Շոտլանդիայում: Դրանք գիշերուզօր աշխատում են աշխարհի ամենատարբեր քաղաքներում: Մեքենաներն աշխատում են նաեւ Մեծ Բրիտանիայի թագուհու պալատում, Մոսկվայի Կրեմլում, այժմ արդեն նաեւ` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրում: Մենք շատ երջանիկ ենք լինել այստեղ` Հայաստանում: Եվ շատ հաճելի է տեսնել, որ հայերը շուտ են վերցնում տեխնիկայի նորամուծությունները: Ես եկել եմ այստեղ` տեսնելու ձեր փողոցները, մայթերը եւ հասկանալու համար, թե ինչպես կաշխատեն մեր մեքենաներն այստեղ»,- նշեց Ս. Նորտոնը: Ի դեպ, այս օրերին Հայաստանում է գտնվում նաեւ ընկերության տեխնիկական մասնագետ, ցուցադրող Կառլ Չափլինը, որը «Մաքուր Արաբկիր» ընկերության աշխատակիցների հետ երկու օր շարունակ դասընթացներ էր անցկացնում` մեքենաների տեխնիկական հնարավորությունները ներկայացնելով:
Ի դեպ, «Կանաչ մեքենաներն» աչքի են ընկնում նաեւ իրենց գեղեցիկ դիզայնով, որոնց հեղինակը «PORSCHE» եւ «BMW» ավտոմեքենաների դիզայներն է: