Երեկ ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է, թե միջազգային շուկայում ցորենի գնի 20-25 տոկոս թանկացումներն անդրադառնում են Հայաստանում հացի գնի վրա: Շաքարի հետ կապված խնդիրները, նրա համոզմամբ, չի կարելի կապել ընդհանուր քաղաքականության կամ ներկրողների հետ: Ըստ նրա` դա մի քանի արհեստավարժ առեւտրականների ձեռքի գործն է, ովքեր փորձել են, օգտվելով առիթից, գումարներ կորզել: Երեւանի մոտ 30 խանութներում կատարված ստուգումներով պարզվել է, որ շաքարավազ կա եւ վաճառվում է 210-220 մինչեւ 270-280 դրամով: Հ. Աբրահամյանի հավաստիացմամբ` առաջիկա մեկ տարվա համար շաքարավազի պաշար կա, ներկրումների հետ դա կապ չունի, եւ շաքարավազի գների թանկացում չի սպասվում: