«Այս փուլում կալանքի անհրաժեշտություն չի առաջանա, բայց, որ երեւույթը, հասարակական կարգի խախտումն ակնհայտ է` փաստ է: Միգուցե նրանք հին ձեւերով են ուզում գործել, մարդկանց հունից հանել, այդ ձեւերն իրենք լավ գիտեն»,- անդրադառնալով հոկտեմբերի 23-ին ընդդիմության եւ Ոստիկանության միջեւ տեղի ունեցած միջադեպին` երեկ ԱԺ-ում հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը: Վերջինս երեկ պատմել է նաեւ բախման Ոստիկանության տարբերակը: «Հավաքվել են ու գոռգոռալով, փողոցները փակելով, ժողովրդի ուշադրությունը շեղելով, հանրահավաքի օրը հայտարարելով, թռուցիկներն անթույլատրելի վայրերում փակցնելով` հասել են մինչ Շրջանային»,- ասել է նա: Իսկ թե քայլերի այս հաջորդականության մեջ կոնկրետ ո՞րն է եղել խուլիգանություն` նա չի ասել: Մահտեսյանի ասելով` ոստիկանները զգուշացրել են երթի մասնակիցներին, սակայն, ըստ նրա` «իսկապես որեւէ միջոց չեն ձեռնարկել` հասկանալով, որ պրովոկացիայի են գնում, ասել են՝ վերջացրեք նման գործողությունները»: Ամենաուշագրավն այն է, որ, ըստ փոխոստիկանապետի` դրանից հետո հավաքվածները «սկսել են ոստիկաններին խփել, վիրավորել, հայհոյել: 4 ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել, սալջարդեր, անգամ ոստիկաններից մեկն ընկել է։ Ի՞նչ է, եթե քաղաքական գործիչ են` նրանց թո՞ւյլ է տրվում խուլիգանություն անել»,- ասել է Մահտեսյանը: Շ. Մաթեւոսյանը վստահեցրել է, որ երեկ բոլոր ձերբակալվածներին Ոստիկանությունում ենթարկել են ալկոհոլի առկայության բժշկական քննության. «Իրենց մեծ ցանկությանը հակառակ` ոչ մեկիս մոտ ոչինչ չհայտնաբերեցին»,- ասել է Շ. Մաթեւոսյանը: