Թուրքերին չի հասկանում

28/10/2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Նաեւ շեշտել է, որ Հայաստանն այդ ուղղությամբ լոբբիզմով չի զբաղվում: Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, թե ցեղասպանության բանաձեւի առաջխաղացումը Կոնգրեսում խոչընդոտում են Թուրքիայի ճնշումները, քանի որ Ներկայացուցիչների պալատում տարակարծություն չկա այն հարցում, թե արդյոք տեղի ունեցե՞լ է ցեղասպանություն: «Հետեւաբար, քննարկելու բան չկա,- ըստ «Ազատության»` ընդգծել է վարչապետը,- Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել, եւ որքան շուտ թուրքերն ընդունեն դա, այնքան լավ` ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար»:

Ինչ վերաբերում է թուրքական կողմի պնդումներին, թե բանաձեւի ընդունումը կվտանգի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարները, ապա Սերժ Սարգսյանը շեշտել է. «Ես չեմ հասկանում, թե ինչ են ասում թուրքերը: Մենք այժմ հարաբերություններ չունենք: Մենք չենք կարող վնասել ինչ-որ բան, որը գոյություն չունի»: Ս. Սարգսյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի հետ բանավեճը չպետք է խոչընդոտի երկկողմ հարաբերությունները վերականգնելու ջանքերը: «Դա երկու երկրների միջեւ հարաբերությունները վերահաստատելու նախապայման չէ»,- ընդգծել է նա: