ԱՄՆ-ը կաջակցի Սերժ Սարգսյանին

28/10/2007 Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ ավարտվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ հայկական պատվիրակության` ԱՄՆ կատարած պաշտոնական այցը, որից հետո նրանք կմեկնեն Ֆրանսիա: Հայաստանի ներքաղաքական շրջանակներում այս այցի մասին խոսելիս հիմնականում նշում են, որ 1999թ. հետո սա հայաստանյան պատվիրակության միակ պաշտոնական այցն էր, որն էլ արժանացավ բարձր ընդունելության:

ԱՄՆ այցի վերջին օրը՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ներկային եւ ապագա գործակցությանը վերաբերող հարցեր: Ըստ կառավարության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության` կողմերը հանգամանորեն անդրադարձել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությանը եւ Հայաստանի ներդրումային միջավայրի հետագա բարելավման խնդիրներին: «Պետքարտուղարի տեղակալը գոհունակությամբ է արձանագրել, որ ԱՄՆ իշխանությունները ուրախ են տեսնել, թե ինչպես է ամերիկյան օգնությունը նպաստել Հայաստանում լուրջ արդյունքներ ունենալուն»,- ասված է կառավարության հաորդագրության մեջ:

Իսկ ավելի ուշ «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում Ս. Սարգսյանն անդրադառնալով Ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հարցին՝ նշել է. «Այդ հարցը ցավոտ ու կարեւոր է յուրաքանչյուր հայի համար, եւ ԱՄՆ մեկնելուց առաջ Հայաստանի ժողովրդին խոստացել եմ անձամբ շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 106-րդ բանաձեւի ընդունման գործում, ինչը եւ անում եմ հանդիպումների ժամանակ»:

Նույն օրը Ս. Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ նրա տեղակալի հետ: Հանդիպման ընթացքում, ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության` անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների ընթացքին` վարչապետը ներկայացրել է ՀՀ իշխանությունների շարունակական ջանքերն այդ ուղղությամբ: Նա մասնավորապես նշել է, որ ԱԺ վերջին ընտրություններից հետո Հայաստանում լավ հիմքեր են ստեղծվել՝ շարունակելու ընտրական գործընթացների կատարելագործման նախաձեռնությունները: Կոնդոլիզա Ռայսն ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հարկ եղած դեպքում աջակցել Հայաստանին` լուծելու 2008թ. նախագահական ընտրությունների կազմակերպման ընթացքում առաջացող տեխնիկական խնդիրները` ավելացնելով, որ իրենք կասկած չունեն, թե ՀՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական արժեքներին համապատասխան: Կ. Ռայսը եւ Ս. Սարգսյանը հանդիպման ժամանակ արտաքին քաղաքականության շրջանակներում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնց ընթացք կտրվի ՀՀ նախագահական ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ մինչ այդ Դիք Չեյնի-Սերժ Սարգսյան հանդիպման ընթացքում եւս հարցեր են քննարկվել եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք պետք է իրականացվեն նախագահական ընտրություններից հետո: ԱՄՆ փոխնախագահ Դ. Չեյնին մասնավորապես նշել էր, որ Ս. Սարգսյանը քաղաքական գործիչ է, որին իրենք լավ գիտեն, ճանաչում են եւ վստահ են, որ նա կլինի Հայաստանում ժողովրդավարական գործընթացների երաշխավորը:

ԱՄՆ պետքարտուղար Կ. Ռայսի հետ Ս. Սարգսյանը քննարկել է նաեւ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա ընթացքը, եւ արձանագրել են «այդ գործընթացի հնարավորին արագացման կարեւորությունը»: «Վարչապետ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի աճող ռազմատենչ հայտարարություններն ամենեւին էլ չեն նպաստում գործընթացին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ս. Սարգսյանի ԱՄՆ կատարած այցն ավարտվել է երեկոյան Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը վարչապետի պատվին կազմակերպված ընդունելությամբ, որին մասնակցել են ԱՄՆ Պետքարտուղարության, Պաշտպանության եւ այլ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀԲ եւ ԱՄՀ բարձրաստիճան ղեկավարությունը: Ներկա են եղել նաեւ ամերիկահայ քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստում ունեցած ելույթի ժամանակ Ս. Սարգսյանը նշել է, թե` «ԱՄՆ-ը կարեւոր տեղ է զբաղեցնում ՀՀ քաղաքական եւ տնտեսական կյանքում` հանդիսանալով ՀՀ-ին մարդասիրական օգնություն տրամադրող խոշորագույն դոնոր, եւ ԱՄՆ հետ փոխհարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից են: Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ եւ դինամիկ զարգացման բնույթ են կրում… ԱՄՆ-ի հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրի տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական»: Անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին, Ս. Սարգսյանը նշել է, թե ՀՀ իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում գյուղական շրջանների զարգացմանն ու աղքատության կրճատմանը եւ չեն ապավինում միայն օտարերկրյա պետությունների օգնությանը, այլ ինքնուրույն որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով գյուղի խնդիրները:

«ՀՀ քաղաքական եւ տնտեսական ապագան, մեր տեսլականը` կայացած ժողովրդավարական եւ ազատական երկրի կառուցումն է եւ, համամարդկային արժեքների դավանման համատեքստում ԱՄՆ-ը ընկալվում է մեր կողմից իբրեւ Հայաստանի դաշնակից: Միայն վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ-ում ընդունվել է նոր Սահմանադրություն, արմատապես բարեփոխվել է արդարադատության համակարգը, բարելավվել է Ընտրական օրենսգիրքը, ընդունվել է տեղական ինքնակառավարման նոր օրենքը: Կոռուպցիայի դեմ պայքարը ներկայիս կառավարության համար գերակա առաջնահերթություն է, եւ կառավարությունն արդեն իսկ կտրուկ քայլեր է ձեռնարկել հարկային եւ մաքսային ոլորտներում իրավիճակի բարելավման ուղղությամբ: Առաջին արդյունքներն առկա են, եւ այս գիծը հետեւողականորեն շարունակվելու է նաեւ առաջիկայում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ օրերս «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն անդրադառնալով ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին՝ ասել էր, թե շատ բան հայտնի կդառնա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարելիք պաշտոնական այցից հետո: Թերեւս նա նկատի ուներ այն, թե արդյոք ԱՄՆ-ը 2008թ. նախագահական ընտրություններում կսատարի՞ Ս. Սարգսյանին: Հաշվի առնելով ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներում քննարկված հարցերի շրջանակը եւ ժամկետները, ԱՄՆ-ը ՀՀ նախագահական ընտրություններում կաջակցի Ս. Սարգսյանին: