Որ հոկտեմբերի 23-ի իրադարձություններն իշխանությունների խուճապի մասին են վկայում՝ ինչպես ասում են, ոզնուն էլ է հասկանալի։ Խնդիրը տվյալ դեպքում այլ է. ո՞ր իշխանությունների մասին է խոսքը։
Փաստորեն, օրը ցերեկով Երեւանի կենտրոնում կարմիր բերետավորները հարձակվում են բացարձակապես որեւէ օրենք չխախտող մի քանի տասնյակ մարդու վրա, արցունքաբեր գազ կիրառում, ծեծուջարդով լցնում մեքենաներն ու տանում ոստիկանություն, ու առ այսօր այդպես էլ գաղտնիք է մնում, թե կոնկրետ ո՞վ է տվել «հատուկ գործողություն իրականացնելու» հրամանը։ Մի հարցում բոլորը համաձայն են՝ արվածը հիմարություն էր, իսկ թե ով էր դրա պատասխանատուն՝ մնում է անհայտ։ Ստացվում է, որ Երեւանում կան չգիտես ում կողմից վերահսկվող եւ չգիտես ում հրամանները կատարող ստորաբաժանումներ։
Ամենազարմանալին այն է, որ իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ուղղակի հայտարարում են, թե կատարվածն ակնհայտորեն նախագահական ընտրություններում «իրենց թեկնածուի» դեմ էր, եւ իրենք անպայման կպարզեն, թե ով է այդ ամենի հեղինակը։ Ինչպես ասում են՝ «տՐՌպւՈսՌ»։ Ստացվում է, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող կուսակցությունը ոչ միայն չի վերահսկում իրավիճակը, այլեւ չի էլ պատկերացնում, թե ով կարող էր նման անխելք «ՎՈրՍՌ-ՔՏց» սարքել ու միանգամից երկու անկախ թերթերի գլխավոր խմբագիրների ձերբակալել։ Երեւի հենց սա էլ կոչվում է՝ «կազմակերպված պետություն»։
Իհարկե, եթե ՀՀԿ-ն իսկապես ցանկանա բացահայտել մեղավորներին, դրա համար կպահանջվի ընդամենը 15 րոպե, եւ «հատուկ հանձնաժողով» ստեղծելու կարիք չի լինի։ Դրա համար անհրաժեշտ կլինի ընդամենը գտնել կարմիր բերետավորների հրամանատարին եւ ճշտել, թե ումի՞ց է ստացել հրամանը, հետո այդ հրամանը տվողից հարցնել, թե նա իր հերթին ումի՞ց է այդպիսի հրաման ստացել, եւ այլն։ Ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում ոչ մի գնդապետ կամ գեներալ ինքնագլուխ նման կտրուկ քայլերի չէր գնա։ Եվ եթե հանրապետականներն ասում են, որ իրենք (եւ «իրենց թեկնածուն») տեղյակ չեն, մնում է միայն Ռոբերտ Քոչարյանը։
Անշուշտ, շատերն են հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանը «գնացող է», հետեւաբար՝ սրանից հետո Հայաստանում ինչ վատ բան լինի, նրա անվան հետ է կապվելու։ Պարզ ասած, Քոչարյանի «նախկին հանցավոր» դառնալու գործընթացը սկսված է։ Բայց, մեր մեջ ասած, կողմնորոշվելու ժամանակն է. կամ ՀՀԿ-ն հզոր քաղաքական ուժ է եւ լիովին վերահսկում է իրավիճակը ու ամեն ինչի համար պատասխանատվություն է կրում, կամ ՀՀԿ-ն «շարքային կուսակցություն» է։
Ի դեպ, եւս մի ուշագրավ փաստ։ Փաստորեն, Հայաստանում տեղի էին ունեցել զանգվածային ձերբակալություններ, ոստիկանություն էին տարվել երկու գլխավոր խմբագիրներ, երկու կուսակցությունների ղեկավարներ եւ այլք (ի դեպ, բոլորի նկատմամբ արդեն իսկ քրեական գործեր են հարուցված)։ Եվ ի՞նչ. հեռուստաընկերություններից ոչ մեկը չանդրադարձավ այդ իրադարձություններին։ Միայն «Երկիր-Մեդիան» անդրադարձավ, այն էլ՝ հետագա թողարկումներից ռեպորտաժը հանվեց։ Մյուս հեռուստաընկերությունների եթերներում կամ վաղուց բոլորին ձանձրացրած «աստղերն» էին, կամ երկկոնտուրանի գազի կաթսաները։ Հարց է ծագում՝ իսկ ո՞ւմ կողմից են վերահսկվում «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի խոսնակի, դրանք ոչ մեկի կողմից էլ չեն վերահսկվում, լիովին անկախ են, պարզապես մի օրվա մեջ որոշում են այլեւս «հասարակությանը չհետաքրքրող» ռեպորտաժներ չցուցադրել։ Սիրով հավատում ենք, բայց զանգվածային ձերբակալությունների թեման հաստատ հասարակությանն ավելի կհետաքրքրեր, քան, ասենք, Այգեհովիտ գյուղի դպրոցին կից խորդանոցի հիմնանորոգումը։ Ուրեմն ո՞վ եւ ինչո՞ւ էր հեռուստաընկերություններին հրահանգել այդ թեմայով ծպտուն չհանել։
Մի խոսքով, եթե հավատալու լինենք հանրապետականներին, ստացվում է, որ Հայաստանում կան «անհայտ ուժային կառույցներ», որոնք գործում են ՀՀԿ-ի դեմ։ Ընդ որում, այդ «անհայտ ուժերն» ամբողջովին վերահսկում են եւ՛ իրավապահ համակարգը, եւ՛ հեռուստաեթերը։ Ըստ այդ տրամաբանության, եթե ՀՀԿ-ն ցանկանում է առաջիկա նախագահական ընտրություններում հաղթել, առաջին հերթին հենց այդ «անհայտ ուժերի» դեմ պիտի պայքարի։
Հետո էլ ասում ենք՝ քաղաքական կյանքում ամեն ինչ կանխատեսելի է։