Գնային վերք Հայաստանի

28/10/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Սպառողական շուկայում այս շաբաթ շաքարավազի հետ կատարվածին պաշտոնական հնարավոր (այսինքն` անհեթեթ) պատասխաններ դեռ կտրվեն: Մինչդեռ ակնհայտ դարձավ, որ մեր ներքին շուկան հնարավորինս բաց է ցանկացած սպեկուլյացիայի համար: Եվ, որ գնագոյացման շուկայական մեխանիզմները չեն գործում: Լայն պահանջարկի ապրանքներ ներկրող ցանկացած գործարար կամ գործարարների խումբ կարող է ցնցում առաջացնել շուկայում: Ցնցում, որ միաժամանակ գնաճ ու սպառման ծավալների աճ կապահովի: Անցած երկուշաբթի պաշտոնական տվյալներով վաճառվել է նույնքան շաքարավազ, որքան սովորաբար վաճառվում է 10-15 օրում: Վաճառքի մի մասը կատարվել է աննախադեպ բարձր գներով: Հին Հռոմի ժամանակներից հայտնի է, որ նման դեպքերում առաջին հերթին հարկավոր է գտնել «Ո՞ւմ է դա ձեռնտու» հարցի պատասխանը: Նոր Հայաստանի կենսափորձից հայտնի է, որ ցանկացած արտառոց իրավիճակում նա, ում ձեռնտու է կատարվածը, տվյալ պահին բացակայում է հանրապետությունից: Պաշտոնական տվյալներով՝ շաքարավազի ներկրման 84 տոկոսն ապահովող ձեռնարկության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դեպքի վայրում (այսինքն` Հայաստանում) չէր: Փաստորեն այլուրեքությունն ապահովված է: Եվ որպեսզի մնացորդային կասկածներն էլ փարատվեն, նրա շահերի պաշտպանությունն իր վրա վերցրեց պետությունը: Վերցրեց` ի դեմս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի: Նա ասուլիս հրավիրեց ու մանրամասն պատմեց, որ այն պահին, երբ մյուս խանութներում վաճառվող շաքարավազի գինը 250-600 դրամ էր, Ս. Ալեքսանյանի խանութներում այն վաճառվում էր 220 դրամով: Գնաճի հետ կապված հարցերում հասարակությունը վաղուց էր սպասում պետության արձագանքին: Հիմնական սննդամթերքների թանկացման անշեղ գործընթացը Հայաստանում մի քանի ամիս է՝ լայն թափ է ստացել: Իրար հերթ չտալով՝ թանկանում են հացը, ձեթը, կարագը: Պետությունը այս թանկացումներին ըմբռնումով էր մոտենում: Պետական քարոզչամեքենան հասարակությանը փորձում էր համոզել, որ ներքին թանկացումները պայմանավորված են արտաքին գործընթացներով: Ոչ ոք հարկ չէր համարում ճշտել, որ արտաքին շուկայում կատարված փոքր թանկացումները վերաբերում են դեկտեմբեր-հունվար ամիսների մատակարարումներին: Մինչդեռ Հայաստանում գներն աճեցին օգոստոսից: Շաքարի գնի հետ կապված պատմության ընթացքում հայտարարվեց, որ երկրում այս ապրանքատեսակի կես տարվա պաշար կա: Կարելի էր ենթադրել, որ հացի, ձեթի (եւ այլն) պաշարներ չկային: Ուստի դրանք թանկացան միանգամից: Հիմա նոր-նոր ու ուշացումով պետությունը սպառնում է, որ հետեւելու է շաքարավազի գներին եւ պատժելու է խանութի տերերին` «Եթե առաջիկա երկու օրերին որեւէ խանութ շարունակի հակամրցակցային դրսեւորում ունենալ եւ չդադարի արհեստական դեֆիցիտի պատրանք ստեղծել, ապա համապատասխան տուգանքներ կվճարի»: Սա նոր խոսք է շուկայական տնտեսության կառավարման ոլորտում: Եվ ասված է այն հանձնաժողովի նախագահի կողմից, որ պետությունը ստեղծել է շուկայական տնտեսության կառավարումն արդյունավետ դարձնելու համար: Ըստ այս տրամաբանության՝ մի քանի հարյուր խանութ ի վիճակի են պայմանավորվել ու գին բարձրացնել, իսկ մինուճար ներմուծողն անմեղ է, քանց մանուկ: Այսինքն` ենթադրվում է, որ մեկ առանձին վերցրած խանութ կարող է «հակամրցակցային դրսեւորում ունենալ»: Այն էլ, ոչ թե գին գցելու (դեմպինգ) եւ մանր-մունր հակառակորդներին շուկայից դուրս մղելու, այլ գին բարձրացնելու մտայնությամբ: Տնտեսագիտության տրամաբանությամբ դա կարող է անել միայն խոշոր գործարարը: Բայց մեր երկիրն անզոր է խոշոր գործարարի դեմ պայքարում: Ա. Շահնազարյանի ղեկավարած հանձնաժողովը լավագույն դեպքում ի վիճակի է խոշոր գործարարին պատժել հասույթի 2 տոկոսի չափ տուգանքով: Սա իրականում ծիծաղելի մանր թիվ է խոշոր գործարարի համար: Մեր օլիգարխների գրանցած հասույթն իրականից այնքան փոքր է, որ 2 տոկոսանոց տուգանքն ընդամենը «գրպանի մանր է»: Արդեն տասը տարուց ավելի է, տնտեսական անհրաժեշտություն է առաջացել ընդունել օրենք գերշահույթի հարկման մասին: Սակայն մեր խորհրդարանը, որ բաղկացած է գործարարներից, այդ օրենքը չի ընդունել եւ չի ընդունի: Գերշահույթի մասին օրենքի առկայության պարագային մեր պետական չինովնիկները տնային տնտեսուհու անզորությամբ չէին բողոքի, որ 600 դրամանոց կարագը ներքին շուկայում վաճառվում է 2500 դրամով: Եթե նման գերշահույթը հարկվեր՝ 60-80 տոկոսով ներմուծող գործարարներն իրենք կիջեցնեին գները: Բոլորն էլ գիտեն, որ շուկայական տնտեսությունը կառավարվում է ոչ այնքան լաց ու կոծով ուղեկցվող վարչական քաղաքականությամբ, որքան` հարկային քաղաքականությամբ: Գիտեն, բայց ձեւացնում են, թե Սակագնային ու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովները բավարար են տնտեսության արդյունավետ բավարարման համար: