«Մենք պատրաստ ենք մրցակցությանը»,- ասում է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը

28/10/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

– Հայաստանի բանկային համակարգի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ դեռ լիովին չեն վստահում բանկերին։ Այս հարցում առաջընթաց նկատվո՞ւմ է։

– Իհարկե, բանկի ճանաչելիությունը եւ դրա հետ կապված՝ վստահությունը դեպի տվյալ բանկը, կարեւոր հիմնախնդիրներից մեկն է։ Նախեւառաջ, ինձ ուրախացնում է այն փաստը, որ, ընդհանուր առմամբ, վստահությունը դեպի բանկային համակարգն ավելանում է։ Այդ մասին են վկայում մեր անցկացրած հարցումները։ Երկու տարի առաջ անցկացված հարցման արդյունքներով՝ հարցվողների 85%-ը չէր օգտվում բանկային ծառայություններից։ Այս տարվա հարցումներով այդ թիվը կազմել է 70%, այսինքն՝ նկատվում է զգալի առաջընթաց։ Մենք, որպես բանկային ոլորտի ներկայացուցիչներ, աշխատում ենք այդ թիվը բերել նվազագույնի եւ ընդլայնել բանկային ծառայությունները։ Խնայողությունների ավելացումը եւ մյուս մակրոտնտեսական ազդակները թույլ են տալիս ենթադրել, որ բանկային ծառայությունների պահանջարկը կմեծանա։ Մեր խնդիրն է՝ հասարակությանը ներկայացնել որակյալ, մատչելի եւ միջազգային չափանիշներին համապատասխանող բանկային ծառայություններ։

– Վստահության խնդիրն ավելի սուր է, երբ բանկը նոր է։ Այդ առումով՝ ինչպե՞ս է վիճակը Արարատբանկում։

– Արարատբանկն, իհարկե, համեմատաբար նոր է սկսել իր գործունեությունը ֆինանսական շուկայում։ Ես՝ որպես գործադիր տնօրեն, մոտ 1 տարի է՝ աշխատում եմ Արարատբանկում, եւ առաջին օրվանից դրված է եղել ճանաչվելիության բարձրացման խնդիրը։ Շատ միջոցառումներ ենք անցկացնում՝ PR ակցիաներ, գովազդ, հանդիպումներ հաճախորդների, բուհերի ուսանողների հետ եւ այլն։ Ճանաչվելիությունից բացի, վստահության հարցն էլ ենք դրանով լուծում։ Դրա ազդակներն էլ մենք տալիս ենք շուկային, եւ առաջին հերթին՝ դա լուրջ պայմանագրերի կնքումն է մեր միջազգային գործընկերների հետ՝ օրինակ, «Western Union»-ը կամ «Իզմիրլյան» հիմնադրամը։ Նրանք պայմանագրերը կնքելուց առաջ կատարեցին համապատասխան ուսումնասիրություն եւ միայն դրանից հետո համաձայնեցին համագործակցել։ Մենք դարձել ենք «Western Union»-ի գործընկերը Հայաստանում, որը բավականին բարձր ստատուս է եւ մեզ իրավունք է տալիս ունենալ ենթագործակալներ։ Մյուս կարեւոր քայլն այն էր, որ մենք դարձանք բաց բաժնետիրական ընկերություն։ Դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք լինել ավելի թափանցիկ։

– Իսկ ովքե՞ր են լինելու ապագա բաժնետերերը:

– Մենք բաց ենք լինելու։ Ապագա բաժնետերեր կդառնան բոլոր ցանկացողները։ Այդ գործընթացը շարունակելի է լինելու։ Նշեմ նաեւ «Global Rate»-ի կողմից Արարատբանկին տրամադրած վարկանիշը։ «Global Rate»-ը միջազգային ստանդարտների կառույց է, որը գնահատում է բանկի ֆինանսական վիճակը, կայունությունը։ Առաջին անգամ մենք ստացանք «B-» վարկանիշը։ Իսկ անցած ամիս առաջադիմեցինք միանգամից 2 աստիճանով՝ ստանալով «B+», որը նշանակում է՝ կայուն կանխատեսմամբ։ Բանկի ճանաչվելիության եւ վստահության մեծացման մասին է վկայում նաեւ հաճախորդների թվի աճը՝ մոտ 11 հազար, ակտիվների աճը՝ տարվա սկզբի համեմատ մոտ 3.8 անգամ, բանկային ներդրումների 3.5 անգամ աճ եւ այլն։ Այսինքն՝ բոլոր բանկային ցուցանիշներով մենք ունենք աճ՝ շնորհիվ այն վստահության, որը բանկը կարողանում է ստանալ։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Արարատբանկը կայուն զարգանում է։

– Տարբեր գնահատականներով, ՀՀ բանկային ոլորտը մյուս ոլորտներից ավելի լավ է զարգացած։ Ձեր կարծիքով՝ մենք այժմ զարգացման ո՞ր մակարդակի վրա ենք գտնվում։

– Իրոք, այսօր բանկային հատվածն առավել զարգացած է, քան այլ հատվածները։ Դա կախված է նախեւառաջ օրենքների, կարգավորման մակարդակից։ Եթե մի նախադասությամբ ձեւակերպենք, խաղի կանոններն այստեղ շատ հստակ են։ Դուք ականատես դարձաք միջազգային բանկերի՝ մուտքի հայտ ներկայացնելուն Հայաստան, որը շատ կարեւոր փաստ է։ Կարող ենք արձանագրել, որ բանկային համակարգն ավելի գրավիչ է եւ ավելի հետաքրքիր, եւ այդ հետաքրքրությունը գնալով մեծանում է։ Դա գլոբալիզացիայի հետեւանք է, որի արդյունքները Հայաստանում տեսնում ենք առաջին հերթին բանկային համակարգում։

– Իսկ կոնկրետ Ձեզ համար՝ որպես տնտեսվարող սուբյեկտ, լա՞վ է, երբ, ասենք, «Գազպրոմը» մտնում է Հայաստանի բանկային համակարգ։ Դա չի՞ դժվարացնում ձեր գործը։

– Ես այդ հարցին երկու տեսանկյունից եմ նայում. որպես ՀՀ քաղաքացի՝ շատ ուրախ եմ, որ մենք ունենալու ենք նոր մրցակցություն, նոր բիզնես մշակույթ, ինչից կշահեն սպառողները։ Նրանք կունենան որակյալ եւ մատչելի բանկային ծառայություն։ Իսկ որպես բանկի ղեկավար, կարող եմ ասել, որ մենք ունենք սցենարներ՝ ինչպես ենք մրցակցելու։ Մենք պատրաստ ենք մրցակցությանն այդ բանկերի հետ։

– Նշեցիք, որ բանկային ոլորտը զարգանում է։ Իսկ բանկային ծառայությունները, մասնավորապես՝ վարկավորումը, որքանո՞վ է հասանելի քաղաքացիներին։ Հաշվի առնելով ստվերային տնտեսության ծավալները եւ այն, որ մարդկանց եկամուտների մեծ մասը չեն երեւում, այսինքն՝ նրանք փաստացի չեն բավարարում բանկի պահանջներին, դժվար չի՞ օրինակ հիպոթեքային վարկ ստանալը։ Ե՞րբ կլուծվի այդ խնդիրը։

– Դա միանգամից չի լուծվի։ Մենք փուլ առ փուլ գնում ենք նրան, որ բանկային ծառայությունները մատչելի դառնան։ Պատասխանը հարցի մեջ արդեն կար. խոչընդոտներից մեկը ստվերն է։ Իսկ ընդհանուր առմամբ, բանկ-հաճախորդ հարաբերությունների, բիզնես մշակույթի ձեւավորման համար ժամանակ է պետք։ Եթե համեմատենք, ապա մենք այսօր ունենք բանկային այնպիսի ծառայություններ, որոնց մասին 10 տարի առաջ երազել անգամ չէինք կարող։ Որպես օրինակ կարող եմ նշել պլաստիկ քարտերը. այսօր Հայաստանում կան ավելի քան 120 հազար քարտատերեր։ Այնպես որ, չի կարելի սպասել, որ բանկային ծառայությունները միանգամից կդառնան մատչելի։

– Սպասվող նախագահական ընտրությունները՝ անկախ արդյունքներից, ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի բանկային ոլորտի վրա։

– Յուրաքանչյուր երկրում էլ նախընտրական շրջանն ընդունված է համարել սպասումների ժամանակաշրջան։ Սակայն մեր տնտեսական փորձից եւ զարգացումներից ելնելով՝ կարող եմ ասել, որ այդ սպասումները շատ չեն։ Հայաստանը զարգացման շուկայական ուղին է որդեգրել եւ, անկախ որեւէ ընտրության արդյունքներից, Հայաստանում ընթացող շուկայական պրոցեսները՝ միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրական դաշտ, կարգավորում եւ այլ գործընթացներ, անվերադարձ են։ Իհարկե, ներդրողների մոտ սպասումներ կլինեն, սակայն դրանք կապված են ոչ թե ընտրությունների արդյունքների, այլ հենց իրենց որոշումների հետ։ Եվ այդ սպասումներն ավելի շատ վերաբերում են դրսի ներդրողներին։