Լավ տնօրենը ժանտախտն էլ կբուժի

28/10/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտը համառորեն բուն է դրել ու չի ուզում հեռանալ, թեպետ տեղացի անասնաբույժները հիվանդության դեմ պայքարում են բոլոր միջոցներով: Դեռեւս կարանտինի մեջ են Տավուշի եւ Լոռու մարզերը»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը:

Սակայն Գրիշա Բաղյանին անհանգստացնելու առիթն այս անգամ Եղվարդում վերջերս տեղի ունեցած խոզերի մասսայական կոտորածն էր: Պարզվեց, որ հանրապետության գլխավոր անասնաբույժն այս դեպքի մասին այնքան էլ տեղեկացված չէ: «Եղվարդում կարծես թե սովորական ժանտախտի դեպքեր են գրանցվել: Հասցեն ասացեք, մարդ կուղարկենք»,- վստահեցրեց Բաղյանը: Եղվարդում, իրոք, խոզերի զգալի գլխաքանակի անկում է եղել, եւ այս մասին, որքան էլ տարօրինակ է` տեղեկացված չեն համապատասխան ծառայությունները: Մեր տեղեկություններով` խոզերի մոտ ժանտախտի վարակը սկսվել է կերից: Եղվարդում խոզաբուծությամբ զբաղվող մարդիկ մայրաքաղաքի սննդի օբյեկտների հետ պայմանավորվածություն են ունեցել եւ խոզերին կերակրել սննդի մնացորդներով: «Պարզ է, որ մայրաքաղաքում իրացվել է ժանտախտով վարակված միսը, եւ նրա մնացորդներով էլ խոզերին կերակրելը ժանտախտի բռնկման նոր օջախ է առաջացրել: Հիվանդ խոզի միսը, անգամ սովորական ժանտախտի դեպքում՝ ընդհանրապես չի կարելի ուտել, մինչդեռ Գյուղնախարարությունը հակառակն է քարոզում: Եթե մարդն անմիջապես չի մահանում, սա չի նշանակում, որ նա հետո չի տառապելու տարատեսակ աղիքային հիվանդություններից»,- ասում է մեր զրուցակից մասնագետը, ով բավականին մոտ է կանգնած պետական համակարգին: Գրիշա Բաղյանը չի հերքում, որ շատ դժվար է վերահսկել ամբողջ շուկան, մանավանդ՝ փոքր եւ փողոցային սննդի կետերը: Սրանք այն տեղերն են, որտեղ սնվում է ամբողջ ուսանողությունը: Օրինակ, շաուրմայի բիզնեսով զբավողները կարող են միսը գնել ոչ թե շուկայից, այլ ցանկացած անհատից, եթե վերջինիս առաջարկած գինն ավելի էժան է: Այս դեպքում ոչ ոք չի կարող ասել, թե ինչ միս է ուտում ինքը: Չհաշված այն դեպքը, եթե հանկարծ Սննդամթերքի անվտանգության տեսչությունը պատահականության սկզբունքով ստուգումներ չանցկացնի փողոցում տեղադրված տվյալ սննդի կետում, որն էլ շատ քիչ հավանական է: «Աղմուկներից խուսափելու համար հիվանդ խոզերի միսն էլ հիմնականում իրացվում է փողոցային սննդի կետերում»,- նման համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը, ինչի դեմ, սակայն, հակափաստարկ չուներ Գրիշա Բաղյանը: ԵՄ-ն եւ ՖԱՕ-ն վերջապես ծրագիր են կազմել, որը հաստատվելուց հետո Հայաստանը վերջապես ֆինանսական աջակցություն կստանա ժանտախտի «հախից» վերջնականապես գալու համար: Մեր զրուցակիցը տարակուսում է, թե ինչպես պետք է Անասնաբուժական տեսչությունը դրսի միջոցներով պայքարի ժանտախտի դեմ, երբ տեսչությունում անասնաբույժների հաստիքները տնտեսագետներ ու իրավաբաններ են զբաղեցրել: Իսկ իրավաբանի հաստիքով էլ մասնագիտությամբ կենսաքիմիկն է աշխատում: Մի տեղ էլ էներգետիկն է տնօրենի պաշտոնը զբաղեցնում: Գրիշա Բաղյանը վստահեցնում է, որ ստորին օղակներում ամեն մարդ իր տեղում է, իսկ տեղամասային տեսչության պետերի հարցում այնքան էլ էական չէ, թե ինչ մասնագիտություն ունեն: «Տնօրենը պետք է ունենա կազմակերպչական ջիղ: Նա կարող է եւ մասնագետ չլինել»,- պատասխանում է Գ. Բաղյանը: Մասնագետները նաեւ ծանր են տանում հիվանդ խոզերին սպանդի ենթարկելու մեթոդը եւ նկարագրում են, որ շատ դաժան է հիվանդ անասունին գլուխը ջախջախելով սպանելն ու հետո թաղելը: Հիվանդ խոզերին կարելի է եւ սպանել ներարկելու կամ թմրեցնողներ փչելու եղանակով: