«Microsoft»-ը` 2008-ին

28/10/2007

Համաշխարհային շուկայի առաջատար «Microsoft» ընկերությունը 2008-ին Հայաստանում մի շարք ծրագրեր կիրականացնի: «Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում է «Microsoft»-ի ներկայացուցչությունը, եւ մեծ ուրախությամբ կարող եմ նշել այն առաջընթացի մասին, որն արձանագրվել է այս ընթացքում կրթության բնագավառում, ինչպես նաեւ՝ մեր առաջնային արտադրանքի` «Windows»-ի, «Office»-ի եւ «New Generation»-ի հայերեն տարբերակի ստեղծման բնագավառում»,- «Արմենպրեսին» փոխանցել է ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի փոխնախագահ Վահե Թորոսյանը: Նրա հավաստմամբ` «Microsoft»-ը ստեղծել է լավ ինովացիոն հնարավորություններ, եւ ընկերությունը մտածում է ապագայում Հայաստանում ինովացիոն կենտրոն ստեղծելու շուրջ, որն ավելի խորը հարաբերություններ կստեղծի բուհերի եւ «Microsoft»-ի միջեւ: ««Microsoft»-ի հայաստանյան ներկայացուցչությունն ապահովել է 100 տոկոսանոց աճ այս տարվա ընթացքում, սա ամենաարագ աճող բիզնեսն է: Ես տեսնում եմ, որ Հայաստանում գոյություն ունեն ընկերություններ, որոնք սկսել են նպաստել` համաշխարհային շուկայում ՀՀ-ին որպես ազգային մրցունակ երկիր ընկալելուն, մենք շատ ուրախ ենք դրա համար եւ մեր միջոցներն ենք ներդնում Հայաստանում»,- ասել է նա: Անդրադառնալով «Microsoft»-ի կողմից 2008-ին Հայաստանում իրականացվելիք ծրագրերին` Վ. Թորոսյանը նշել է չորս հիմնական ուղղություն` կրթություն, մտավոր սեփականություն, գործընկերային համակարգի կառուցում եւ ծրագրերի ազգայնացում: «Այդ 4 ուղղություններն են, որոնց վրա մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ միասին: Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրությունը բավական լավ եւ արդյունավետ է, բայց այն չի գործում, եւ, կարծում եմ` հայաստանյան ներկայացուցչությունը պետք է գործի այնպես, որ օրինակ ծառայի: Հայաստանում գործող առաջատար ընկերությունները կարողանում են գումար վաստակել, ուստի ոչ մի պատճառ չունեն չվճարելու օգտագործվող ծրագրերի համար: Մենք պատրաստվում ենք դիմել առաջին հերթին այդ ընկերություններին, ինչն արդեն անում ենք»,- ասել է Թորոսյանը: