Երեւանի մերձակայքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի վերացման հիմնախնդիրն օրերս ներառվել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման ազգային ծրագրում: Կոնվենցիայի ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարության Վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման բաժինը մշակել եւ ֆինանսավորման նպատակով տարբեր միջազգային կազմակերպությունների է ներկայացրել ծրագրային առաջարկներ: Վերջիններիս իրականացման շրջանակներում ակնկալվող միջոցները վերջնականապես կլուծեն թունաքիմիկատների գերեզմանոցի հետ կապված հիմնախնդիրները: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` թունաքիմիկատների գերեզմանոցը, որը կառուցվել է 1982թ., իր ընդերքում պարունակում է խորհրդային տարիներից մնացած ավելի քան 500 տոննա ժամկետանց գյուղատնտեսական քիմիկատներ եւ մեծ քանակությամբ քլորօրգանական պեստիցիդներ, (մասնավորապես` ԴԴՏ): Գերեզմանոցի կառուցման ժամանակ հաշվի չեն առնվել տարածքի սողանքային խիստ գոտում լինելը, որի հետեւանքով այն տեղաշարժվել է մոտ 12 մետրով: ՀՀ կառավարության որոշմամբ` հիշյալ տեղանքում 2004թ. (8 մլն դրամի շրջանակներում) չնայած կատարվել են հետազոտություններ, ցանկապատում ու դրենաժների անցկացում, սակայն դրանից հետո էլ սողանքները չեն նվազել: Ակնկալվում է, որ հայ մասնագետների կողմից ներկայացված ծրագրային առաջարկները, որոնք նպատակաուղղված են մարդու առողջության պահպանմանն ու շրջակա միջավայրը կայուն օրգանական աղտոտիչներից զերծ պահելուն, առաջիկայում համապատասխան ֆինանսական լուծում կստանան` վերջնականապես լուծելով գերեզմանոցի անվտանգության ու սողանքների կանխարգելման հարցը: