Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի նկատմամբ պետական եւ մասնավոր հատվածի ցուցաբերած հետաքրքրությունն առիթ է դարձել, որպեսզի նշյալ բնագավառի ընկերությունները պարբերաբար մասնակցեն ՏՏ ցուցահանդեսներին, որոնց շարքին է դասվում ՏՀՏ միջազգային «ԴիջիԹեք» ցուցահանդեսը: Արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է նշյալ ցուցահանդեսը, ու կարելի է ասել, ավանդական բնույթ ունի: Եթե մինչ «ԴիջիԹեքը» ՏՏ ընկերությունները նմանօրինակ ցուցահանդեսների մասնակցում էին հիմնականում համակարգիչներ ներկայացնելու եւ այս ոլորտում գործընկերներ գտնելու հիմնական նպատակով, ապա այսօր մասնակցության դրդապատճառներն էականորեն այլ են. նախորդ տարիների համեմատ «ԴիջիԹեք 2007»-ում կառուցվածքային, բովանդակային լուրջ փոփոխություններ կան, ինչի մասին փորձեցինք զրուցել նշյալ ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:
– Ոլորտում առկա ի՞նչ խնդիրներ է լուծում «ԴիջիԹեքը»:
– Նախ ասեմ, որ «ԴիջիԹեքը» մեկնարկել է 2005-ից` սկզբնապես նպատակ ունենալով լոկալ ընկերությունները տեղական ու դրսի շուկայում ճանաչելի դարձնել: Սակայն այսօր հիշյալ ցուցահանդեսի գործառույթներն առավել բազմազան են. նախ` ստեղծվում է գործարար միջավայր ՏՏ ընկերությունների ու գործարար սպառողների մեջ, ինչը ոլորտի ու տնտեսության զարգացումներն առավել դինամիկ ու արդյունավետ կդարձնեն: Երկրորդ` «ԴիջիԹեքը» հնարավորություն է տալիս հայաստանյան շուկան ճանաչելի դարձնել միջազգային կազմակերպություններին, ստեղծել նոր բիզնես կոնտակտներ, այսինքն` մեր ցուցահանդեսը, այսպես ասած, մի ռեգիոնալ հանդիպման վայր է ՏՀՏ ընկերությունների համար: Կան ընկերություններ, որ Հայաստան են մուտք գործել հենց «ԴիջիԹեքի» միջոցով, օրինակ, անցյալ տարի ցուցահանդեսի մասնակից միջազգային կազմակերպությունների ցանկում էր «Նեյշնլ ինսթրումենթսը», որն էլ հետագայում իր գրասենյակը հիմնեց Հայաստանում: Այս տարի մեր արտասահմանյան հյուրերի շարքը համալրել է աշխարհահռչակ «Այ Բի Էմ» ընկերությունը, եւ հույս ունենք, որ այն եւս կհաստատվի մեր հանրապետությունում:
Այս ցուցահանդեսը նախաձեռնելիս մենք նպատակադրվել ենք այն դարձնել տարածաշրջանում խոշորագույններից մեկը: Իսկ այդ նպատակը կյանքի կոչելու համար պետք է ունենանք անհրաժեշտ նախապայմաններ. առաջին հերթին՝ ցուցասրահը, տաղավարների դիզայնը, այցելուների եւ մասնակիցների սպասարկման որակը պետք է համապատասխան լինի միջազգային չափանիշներին: Ըստ էության, ցուցահանդեսի կազմակերպման բոլոր բաղադրիչների վրա աշխատելու կարիք կա, բայց, այնուամենայնիվ, ամենահրատապ հարցը Հայաստանում ժամանակակից էքսպո կենտրոն ստեղծելն է: Ասեմ, որ այս տարի մենք չնչին չափով գերազանցեցինք անցյալ «ԴիջիԹեքի» չափանիշները, եւ հիմնական պատճառը տարածքի խնդիրն էր: Այնպես որ, այս հարցի շուրջ լրջորեն պետք է մտածել, որոշիչ արդյունքների համար հարցի լուծմանը պիտի ձեռնամուխ լինի թե՛ պետությունը, թե՛ ոլորտի ընկերությունները:
Բազմիցս նշվել է, որ Հայաստանում ՏՏ զարգացման գրավականներից է հասարակության ինտեգրումը այդ ոլորտ… «ԴիջիԹեքը» պոտենցիալ կիրառողին տեղեկատվական տեխնոլոգիաները ճանաչելի դարձնող մի հարթակ է:
– Շատ է հնչել այն տեսակետը, որ այլ բիզնես ոլորտների արդյունավետությունն ու մրցունակությունը բարձրացնելու լավագույն միջոցն այդ ոլորտներ տեղեկատվական տեխնոլոգիաներ ներդնելն է: «ԴիջիԹեքում», այսպես ասած, ոչ ՏՏ ընկերությունների հետ գործակցություն նախատեսվո՞ւմ է:
– Այս տարվա ցուցահանդեսն էապես տարբերվում է նախորդներից, այն ավելի բովանդակալից է, ֆորմատն էլ փոքր-ինչ այլ է: Ավելացել են զուգահեռաբար անցկացվող միջոցառումները, դրանք մասնավորապես «ԴիջիԹեք բիզնես լուծումներ», «Էլեկտրոնային կառավարում» ֆորումներն են եւ «Դիջիլայֆ» սեմինարների շարքը: Հայաստանի տնտեսության այլ ոլորտներ-ՏՀՏ մերձեցումը մեր միության ստրատեգիական խնդիրներից է: Ասում են` խեղդվողների փրկությունը իրենց ձեռքում է. ուստի մենք ինքներս պետք է գտնենք գործակցության հնարավորություններ եւ ուղիներ: Հարցում ենք արել տնտեսվարող սուբյեկտներին` իրենց բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու համար ինչ տեխնոլոգիաների կարիք ունեն: Ըստ այդմ էլ մշակել ենք «ՏՏ լուծումների փաթեթ» եւ «ԴիջիԹեք բիզնես լուծումներ» ֆորումի շրջանակներում ամեն տնտեսվարող սուբյեկտին առաջարկելու ենք համապատասխան ՏՏ լուծումներ: Վերջիններս կարող են վերաբերել, օրինակ, աշխատակազմի, ռեսուրսների, ֆինանսական հոսքերի արդյունավետ կառավարմանը եւ այլն: ՏՀՏ-տնտեսության այլ ոլորտներ գործակցության ամենացայտուն օրինակն է «ԴիջիԹեք»-«Միկա Թրեյդինգ» գործակցությունը, «Միկան» ստանձնել է ցուցահանդեսի գլխավոր հովանավորությունը: «Դիջիլայֆի» շրջանակներում անցկացվելու է «ՏՏ ներդրումները ավիացիոն բիզնեսում» սեմինարը, որի շրջանակներում մասնավորապես քննարկվելու են էլեկտրոնային տոմսերի ներդրման, ավիացիոն կառավարման, փոքր ավիացիային վերաբերող հարցեր: Նշեմ նաեւ, որ «ԴիջիԹեքի» պաշտոնական հովանավորն է «Էյ Դի Սի» ընկերությունը, որն օպտիկական մալուխային կապի ապահովման խնդիրն է լուծում Հայաստանում: Կարծում եմ` այս ընկերությունների հետ գործակցությունը նշան կլինի այլ խոշոր կազմակերպություններին` ինտենսիֆիկացնել, խորացնել համագործակցությունը ՏՀՏ ոլորտի հետ` դրանով իսկ բարձրացնելով եւ՛ իրենց, եւ՛ ՏՀՏ բիզնեսի արդյունավետությունը: Սեմինարների ընթացքում գործարար սպառողներին ներկայացնելու են ոլորտը զարգացնելու իրենց լուծումները, իրենց առաջարկներն ու դիտողությունները:
– Ասացիք, որ ցուցահանդեսի հիմնական գործառույթներից մեկն էլ ոլորտը հասարակություն ինտեգրելն է…
– Այո՛, «ԴիջիԹեքը» ստեղծում է մի միջավայր, ուր այցելուն կարող է հաղորդակցվել ՏՏ լուծումներ տրամադրողների հետ, դա աշխատուժի համար էլ օգտակար մի վայր է. մասնագետները, ուսանողները կարող են ծանոթանալ ընկերությունների պահանջարկներին ու առաջարկներին, մասնակցել սեմինարներին: Հավելեմ, որ երեք օր է տեւելու ցուցահանդեսը, մենք ջանացել ենք ապահովել տրամադրող, դրական միջավայր, ու կարծում եմ` թե՛ մասնակիցները, թե՛ այցելուները բավարարված կհեռանան ցուցահանդեսից:
Հ.Գ. «ԴիջիԹեք-2007» տեղեկատվական, հաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, USAID CAPS ծրագրի աջակցությամբ, հոկտեմբերի 26-28-ը: