Ցեմենտի գների աճի նախադրյալներ չեն եղել

28/10/2007

Այս տարի գրանցված ցեմենտի վերջին թանկացումների համար կոնկրետ նախադրյալներ չեն եղել: «Ցեմենտի հումքը տեղական է, որը չի թանկացել, էներգակիրների գները եւս չեն բարձրացել»,- երեկ լրագրողներին ասել է «Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Ըստ նրա` ցեմենտի հայաստանյան շուկայում գները որոշվում են հիմնական գործունեությունն իրականացնող մի քանի կազմակերպությունների կողմից: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների բաժնից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ ցեմենտի 50 կգ-անոց պարկի միջին շուկայական գինն այս տարվա հունվար-սեպտեմբերին եղել է 2 հազար 226 դրամ` 2006-ի միջին տարեկանի 2 հազար 137-ի դիմաց: 2004-ին ցեմենտի պարկն արժեցել է 1518 դրամ` ներկա գներից 46.6 տոկոսով էժան: