ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը ցանկանում է, որ Հայաստանում քաղաքական զարգացումներն այն ուղղությամբ ընթանան, որ «մենք կարողանայինք վերադառնալ 1995-96թթ. իրադարձությունների գագաթնակետը եւ փորձեինք այդտեղից շարունակել մեր պատմությունը»: Ավելի կոնկրետ` Հ.Խաչատրյանը ցանկանում է, որպեսզի բոլորը հիշեն, որ 1996 թվականի սեպտեմբերից հետո Հայաստանի զարգացումը հետ ընկավ առնվազն 10 տարով: «Հիմա, քանի որ ասպարեզում նորից հայտնվել են այդ ժամանակահատվածի բոլոր հերոսները, արդյոք հետաքրքիր չէ՞ր լինի՝ մենք այդ 10-15 տարին համարեինք, որ հետ է գցված, ավարտված է, եւ փորձենք շարունակել այդ կետից: Այսինքն` այն ուժերը, որ այսօր ձգտում են իրավիճակի արմատական փոփոխության, սատարեին այն ժամանակվա հաղթած թեկնածու Վազգեն Մանուկյանին, եւ դրանով վերականգնեին ազգային համաձայնության այն ժամանակվա խաթարված գործընթացը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Հ. Խաչատրյանը` առաջարկելով Վ. Մանուկյանի շուրջ համախմբվել ոչ միայն 1996 թվականին նրան աջակցած ուժերին` ՀՅԴ, Պարույր Հայրիկյան եւ այլք, այլեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Համենայնդեպս, Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք այդ ամենը տեղի ունեցավ, եւ լավ կլիներ, եթե նա այսօր իր ունեցած հնարավորություններով նույնպես կանգներ Վ.Մանուկյանի կողքին կամ թիկունքին, եւ բոլորս միասին փորձեինք շարունակել մեր կյանքն այնտեղից, որտեղ մենք համարեցինք ընդհատված: Չէ՞ որ 1996թ. հետո որեւէ շատ հաջող համախմբման գործընթաց մենք չենք իրականացրել»,- ասում է Հրանտ Խաչատրյանը: