– Պարոն Քանթոր, Դուք ծանոթ եք Համաշխարհային բանկի (ՀԲ) նկատմամբ բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերի բարձրացրած մեղադրանքներին, որոնք վերաբերում են Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրում տեղի ունեցած չարաշահումներին: Այդ մեղադրանքներն ուսումնասիրելու առաջարկով Դուք դիմել եք նաեւ միջազգային տարբեր կառույցների: Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ինչպե՞ս է վերաբերվում այդ մեղադրանքներին:
– Մեծ Բրիտանիայում գործում է կաշառակերության եւ կոռուպցիայի վերաբերյալ օրենք, որն ամբողջ աշխարհում բրիտանական դեսպանատներին պարտավորեցնում է Մեծ Բրիտանիայի կառավարությանը տեղեկացնել կոռուպցիայի, կաշառակերության կամ խաբեության հետ կապված ցանկացած հայտարարությունների մասին, որում կարող է ընդգրկված լինել Բրիտանիայի քաղաքացի կամ բրիտանական ցանկացած կառույց: Եվ եթե մենք ստանում ենք նման պնդումների մասին տեղեկատվություն, մենք պարտավորված ենք այդ մասին տեղեկացնել Լոնդոնին՝ Արտաքին գործերի նախարարությանը, որը հետո դա ուղարկում է Կոպիտ խախտումների գրասենյակ (Serious Fraud Office):
– Դա ի՞նչ կարգի կառույց է:
– Դա հետաքննող մարմին է՝ ստեղծված զբաղվելու կոպիտ խախտումների եւ խաբեության մասին հայտարարություններով: Այստեղ ընդգրկված են մարդիկ, ովքեր մասնագիտորեն ունակ են հետաքննելու նման հայտարարությունները եւ որոշելու` արդյո՞ք պետք է շարունակել հետաքննությունը, եւ արդյո՞ք կան բավարար փաստեր, որպեսզի դատական գործ հարուցվի, թե՞ ոչ: Այս կառույցն ինքն է որոշում՝ արդյո՞ք բավարար փաստեր կան հետաքննությունը շարունակելու համար, գուցե անհրաժեշտ է լրացուցիչ հարցումնե՞ր անել, փաստե՞ր ձեռք բերել: Ո՛չ դեսպանատունը, ո՛չ էլ Միացյալ Թագավորության Արտգործնախարարությունը չեն կարող ավելին անել, քան պարզապես հաղորդել այդ տեղեկատվությունների մասին: Մենք չենք կարող ազդել հետաքննության ընթացքի կամ դրա արագության վրա: Մենք նաեւ 2007թ. մայիսին նամակ ենք ուղարկել ՀԲ Ինստիտուցիոնալ անաչառության վարչություն՝ INT, որում տեղեկացրել ենք, որ տեղյակ ենք այդ դեպքին, եւ հույս ենք հայտնել, որ այդ պնդումների հետ կապված ուսումնասիրությունը կկատարվի պատշաճ եղանակով եւ ժամանակին:
– Այդ պնդումների հարցով Դուք ե՞րբ եք դիմել Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությանը:
– Առաջին անգամ տեղեկատվություն ուղարկել ենք 2005թ. սկզբին, երկրորդ անգամ` 2006թ. վերջում, երբ պարոն Թասկերը նորից այդ հարցը բարձրացրեց:
– Երկու անգամ եք դիմել, առաջին դիմումից հետո 2 տարի է անցել: Դեսպանատունը չի՞ փորձել հետաքրքրվել, թե ինչ փուլում է հետաքննությունը:
– Կարծում եմ, ինչպես բոլոր հետաքննող կառույցներում, այդպես էլ Կոպիտ խախտումների գրասենյակում չեն հայտնում հետաքննության գործընթացի մասին:
– Փաստորեն 2004 թվականից հետո հետաքննությունը չի ավարտվել:
– Կարող եմ ենթադրել, որ չի ավարտվել: Նման կառույցները շատ մեծ չեն եւ մեծ աշխատակազմ չունեն: Չգիտեմ, թե քանի նման գործեր են ստանում եւ ինչպես են որոշում առաջնահերթությունները:
– Դիմելուց հետո դեսպանատունը չի՞ փորձել տեղեկանալ, թե հետաքննությունն ինչ ընթացքի մեջ է:
– Մենք ընդհանուր առմամբ կապի մեջ ենք Արտգործնախարարության հետ, իրենք էլ ընդհանուր առմամբ կապի մեջ են այդ գրասենյակի հետ: Մինչեւ նրանք չավարտեն եւ որեւէ որոշում չկայացնեն` շարունակե՞լ, թե՞ ոչ, ինֆորմացիա չեն հրապարակի:
– Լոնդոնի Կոպիտ խախտումների այդ գրասենյակն իրավասո՞ւ է ինքնուրույն որոշում կայացնել կոռուպցիայի որեւէ դեպքի վերաբերյալ եւ պատասխանատվության ենթարկել իր քաղաքացուն, եթե նույնիսկ այդ դեպքը տեղի է ունեցել ՀԲ-ի կամ այլ կառույցի համակարգում եւ այլ երկրում:
– Կոպիտ խախտումների գրասենյակը հետաքննում է այն դեպքերը, որում ներգրավված են Բրիտանիայի քաղաքացիներ կամ կառույցներ, նույնիսկ, եթե այդ մարդիկ կամ կառույցները Միացյալ Թագավորության սահմաններից դուրս են, եւ անկախ այն հանգամանքից` դա կլինի ՀԲ-ում, թե այլ կառույցում:
– Տվյալ դեպքում դեսպանատունը շահագրգիռ է, որ այդ գործը հետաքննվի, որովհետեւ Բրիտանիայի քաղաքացի պարոն Թասկե՞րն է հարցը բարձրացրել:
– Հարցն այն չէ, որ խախտումների մասին պնդումները հնչեցրել է Միացյալ Թագավորության քաղաքացի պրն Թասկերը: Հարցն այն է, որ պնդումները հնչեցվել են Միացյալ Թագավորության քաղաքացու դեմ: (Հիշեցնենք, որ պրն Թասկերը Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրում կատարված չարաշահումների համար մեղադրում էր Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակին: Իսկ այդ ծրագրի իրականացման ժամանակ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր: Մեծ Բրիտանիայի քաղաքացի է նաեւ «Էյ Յութիլիթիի» ներկայացուցիչ Ռիչարդ Վոլքլինգը. – Ա.Ա.): Կաշառակերության եւ կոռուպցիայի մասին Միացյալ Թագավորության օրենքը թույլ է տալիս արտերկրում գտնվող Միացյալ Թագավորության քաղաքացու կամ կառույցի դեմ հետաքննություն սկսել, եթե նրանց դեմ նման չարաշահումների մեղադրանքներ են հնչեցվել: Այսինքն, Միացյալ Թագավորության քաղաքացիների դեմ կարող է դատական գործ հարուցվել նման հանցանքների համար, եթե նույնիսկ հանցանքը կատարվել է արտերկրում:
– Իսկ դեսպանատունը կոնկրետ ի՞նչ հարցերով է դիմել INT-ին:
– Մենք իրականում հարցեր չենք տվել INT-ին, եւ, որպես այդպիսին, պատասխան չենք ակնկալում: Նամակում մենք պարզապես հույս ենք հայտնել, որ INT-ի հետաքննությունը, հարցումները կկատարվեն պատշաճ եղանակով եւ ժամանակին:
– Դեսպանատունն օգոստոսի սկզբին ի՞նչ հարցով է դիմել ՀԲ-ում Բրիտանիայի ներկայացուցիչներին:
– ՀԲ-ի հետ Վաշինգտոնում մենք կապի մեջ ենք մեր ներկայացուցիչների միջոցով: Չի ենթադրվում, որ նրանք պետք է ինֆորմացիա հրապարակեն, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել: Գիտեմ, որ հիմա նրանք կապի մեջ են GAP-ի հետ (Government Accountability Project), որը հանդես է գալիս պրն Թասկերի անունից: Կան սահմանափակումներ հանրային քննարկումների մասով, քանի դեռ հետաքննությունն ընթացքի մեջ է, ինչպես որ ամբողջ աշխարհում է, ենթադրում եմ: