«Կգործի՞ հայի վերջին խելքը»

24/10/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Միջազգային գործերի կոմիտեի կողմից ընդունված թիվ 106 բանաձեւի վերաբերյալ Հայաստանի քաղաքական ուժերի արձագանքներին՝ ասում է «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

«Բարոյական տեսակետից, այո, լավ է, որ այն ընդունվեց, բայց պետք չէ, որ հայկական քաղաքական գործիչները դա ներկայացնեն իբրեւ դիվանագիտական մեծ հաղթանակ, ողջ հայության նվաճում: Միջազգային հանրությանն այն պետք է մատուցվի նախեւառաջ որպես ամերիկյան ժողովրդավարության հաղթանակ: Ասվածը միայն խոսքեր չեն, այո, բանաձեւի ընդունումը Կոմիտեի կողմից վկայությունն է նրա, որ ԱՄՆ-ը իրապես ժողովրդավարական երկիր է: Որ, այո, երբ նրանք զորքով մտան Իրաք` դրոշի վրա գրելով՝ ժողովրդավարության հաստատում, նրանք գործում էին՝ հավատարիմ լինելով այդ խնդրի լուծմանը, քանզի չի կարելի ժողովրդավարություն հաստատել դրսում՝ երկակի ստանդարտներ կիրառելով սեփական երկրում»,- վստահեցնում է Ա. Գեղամյանը: Ավելին, ըստ նրա` այս բանաձեւի ընդունումը նաեւ ցույց տվեց, որ ԱՄՆ Սահմանադրությունը կենսունակ է: Այսինքն` օրենսդիր իշխանությունը գործում է ինքնուրույն եւ չի ենթարկվում գործադիրի ճնշումներին, եւ ԱՄՆ Կոնգրեսի Կոմիտեն կարողանում է Սպիտակ տան կամքին հակառակ խղճի մտոք ընդունել որոշում: Հաստատվեց նաեւ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նորագույն պատմության մեջ, թերեւս, ամենահեղինակավոր նախագահ Ռոնալդ Ռեյգանի կառավարման փիլիսոփայության հիմնարար այն թեզին հավատարիմ մնալը, որով նա հանդես էր եկել ԱՄՆ նախագահ դառնալու առիթով: Նա ասել էր, որ Հանրապետական կուսակցության հաղթանակի արդյունքում տեղի է ունեցել հեղաշրջում՝ երբ առանձին մարդու ազատությունն ու արժանապատվությունը վեր են դասվում պետության շահից: «Տվյալ պահին էլ` հայ մարդկանց, զոհված մարդկանց իրավահաջորդների իրավունքները գերադասվեցին ԱՄՆ, կարծում եմ, թվացյալ շահերից: Հանրությանը ահա հենց այս պետք է մատուցել: Նաեւ հաշվի առնելով թուրքական իշխանությունների սանձազերծած բիրտ գործողությունները խնդրո առարկայի շուրջ, ԵՄ անդամ երկրներին դիմել հարցով. նման պարագայում արդյոք արժե՞, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ: Կռվաններից մեկն էլ սա է: ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիան դրսեւորում է ժողովրդավարությանը ոչ հարիր, ճիշտ հակառակը` հակասող մոտեցումներ, փորձում է միջամտել մեկ այլ երկրի ներքին քաղաքականությանը, իրողություն, որը ավա՜ղ, ժողովրդավարություն քարոզող երկրների կողմից մնում է անարձագանք: Չէ՞ որ բանաձեւի ընդունումը դա ԱՄՆ ներքին խնդիրն է: Թող ամերիկացիները, ռուսները կամ ԵՄ-ն մի հատ փորձեն Թուրքիայի Ազգային Մեծ ժողովին պարտադրեն այս կամ այն բանաձեւի ընդունումը, տեսեք, թե տիեզերական ինչ հիստերիա կբարձրացնեն թուրքական իշխանությունները: Կասեն` քրիստոնեական աշխարհը խաչակրաց արշավանք է սկսել մահմեդականության դեմ, փորձում է ստվեր գցել ազգային զարթոնք ապրող երկրի վրա… Ամեն ինչի կդիմեն՝ շանտաժի, սպառնալիքների, անգամ իսկ ահաբեկչության…: Մինչդեռ թուրքերն իրենց իրավունք են վերապահում նույնիսկ բանակի գլխավոր շտաբի պետի շուրթերով անթաքույց սպառնալիքներ հղեն ԱՄՆ-ի հասցեին: Թվում է, թե այս հարցադրումները պետք է հնչեցվեն մեր պետական եւ քաղաքական գործիչների կողմից, մերոնք պետք է կանխավ նախազգուշացնեն աշխարհասփյուռ քուրդ ժողովրդին, որ Թուրքիան Հյուսիսային Իրաքում արյունալի պատերազմական գործողություններ սկսելով, փորձելու է ճնշել Հյուսիսային Իրաքը, հետո իր ողջ քարոզչամեքենան, կաշառատվության բացառիկ հմտությունները կծառացնի պատրանք ստեղծելու համար, որ բանաձեւի ընդունումն այն աստիճան վրդովեցրեց խաղաղասեր թուրք ժողովրդին, որ անհնարին դարձրին հակաքրդական պատերազմական գործողությունների կանխումը: Ավելին, թրքամետ լրատվամիջոցներն էլ աշխարհով մեկ (բա միլիոնավոր դոլարներ լոբբինգի համար իզուր չեն ծախսում) կտարածեն այն տեսակետը, որ թուրքերը այդ աստիճան սանձարձակ չէին գործի, եթե չգիտակցեին, որ ԱՄՆ-ը արդեն հարկադրված էր աչքերը կոծկել որոշակի բաների վրա: Հնարավոր այս բոլոր զարգացումներին ու հարցերին պետք է շրջահայաց մոտենալ, եւ երբեք ու երբեք պետք չէ ԱՄՆ Կոնգրեսում կատարվածը տեղափոխել այն հարթակ, թե մենք ազգովի ցնծության մեջ ենք, որ ծնկի ենք բերել 75 մլն թուրքական պետությանը, առավել եւս՝ թուրք ժողովրդին: Այսօրվա որոշ հրապարակումներից այդ անհեռանկար գնահատականներն են դիտարկվում»,- ասում է «ԱՄԿ» նախագահը: Նրա հավաստմամբ` ամենեւին էլ պատահական չէ ներկայումս Թուրքիայում բարձրացված աղմուկը: Դրանով Թուրքիայի իշխանություններն, ըստ Ա. Գեղամյանի` փորձում են ամերիկացիներին «բարոյական պարտքի մեջ գցել», որպեսզի հետո կարողանան սեփական գաղութատիրական, զավթողական գործողություններն իրականացնել Հյուսիսային Իրաքում: «Այսինքն` պետք չէ, որ մենք թուրքական կառավարության համար լայնածավալ քաղաքական շանտաժ իրականացնելու պարարտ հող ստեղծենք»,- գտնում է նա: