Կիրակի օրն անսպասելիորեն Երեւանի խանութներում 1 կգ շաքարավազի մանրածախ գինը բարձրացավ 150-200 դրամով: Եթե նախորդ օրը 1 պարկ շաքարավազն արժեր 11.000 դրամ, ապա կիրակի օրն այն դարձել էր 17.000 դրամ: Իսկ երեկ Երեւանի բազմաթիվ խանութներում շաքարավազ ընդհանրապես չկար: Դրան հակառակ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» խանութների դիմաց գոյացել էր մեծ հերթ, որովհետեւ այնտեղ կար շաքարավազի անսպառ քանակություն, եւ 1 կգ շաքարավազը վաճառվում էր ընդամենը 220 դրամով. ավելի էժան, քան նախկին երեք տարիների բոլոր ամիսներին:
Թե որն է տեղի ունեցածի իրական պատճառը, այս պահին դժվար է միանշանակ ասել:
Իհարկե, որոշ խանութներ պահպանել էին նաեւ նախկին 250-270 դրամ գինը, սակայն Երեւանում արդեն մարդիկ խոսում էին, որ հացի, կարագի, ձեթի ու այլ ապրանքների հետ միասին թանկանում է նաեւ շաքարավազը: Այդ վերահաս վտանգից խուճապահար եղած մեր քաղաքացիները սկսել էին մեծ քանակությամբ շաքարավազ գնել: Երեկ առավոտյան արդեն շատ խանութներում շաքարավազ ընդհանրապես չկար: Եվ զարմանալին այն է, որ այդ խանութներում շաքարավազը վաճառվում էր նախկինից շատ ավելի ցածր գնով՝ 1 կգ-ն 220 դրամով: Դա մեծածախ գինն է: «Սուրմալուի», «Փեթակի» շուկաներից խանութներն իրենց վաճառքի համար այդ գնով են շաքարավազ ձեռք բերում: Երեկ կեսօրին Տիգրան Մեծ պողոտայի սկզբնամասում գտնվող «Երեւան Սիթի» խանութի դիմաց խանութի աշխատակիցները 220 դրամով շաքարավազ էին վաճառում: Մեր հարցին, թե այդ խանութն ինչո՞ւ է շաքարավազը նախկին գնից 30-40 դրամով էժան վաճառում, աշխատակիցներն այսպես պատասխանեցին. «էժան ենք տալիս, դուք էլ գնեք: Վա՞տ ենք անում, որ էժան ենք վաճառում»: Այդտեղ մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել, եւ մի քանի աշխատողներ չէին հասցնում սպասարկել գոյացած հերթը: Պարկերը միանգամից էին դատարկվում, իսկ բեռնատար մեքենաներով շաքարավազի նոր խմբաքանակներ էին բերում խանութ:
«Շաքարավազը թանկանալու է, չգիտե՞ք: Դուք էլ գնեք: Երեկ Սարի թաղի մեր խանութում 300 դրամ էր՝ չգնեցի: Այսօր էլ հարեւանս էր գնացել, արդեն 400 դրամ էին դարձրել»,- ասում էր մի կին:
Խանութից դուրս եկավ մի տղամարդ, հավանաբար ղեկավարներից էր: Նա ոչ միայն չպատասխանեց մեր հարցին, թե ինչու են շաքարավազն էժանացրել, եթե մյուսները թանկացնում են, այլ նույնիսկ չէր թողնում լուսանկարել գոյացած հերթը: Իսկ վաճառող տղան պատից պոկեց «Շաքարավազ՝ 220 դրամ» ցուցանակը:
Երեկ շաքարավազը 220 դրամով է վաճառվել նաեւ «Փեթակ» եւ «Սուրմալու» շուկաներում: Ընդ որում, այդ շուկաների մեծածախ վաճառքի կետերը երեկ կեսօրին արդեն շաքարավազ չունեին:
«Ինչ ունեինք` էսօր խանութներից շուտ եկան, տարան»,- ասում է մեծածախ խանութի վաճառողներից մեկը:
Այդ վաճառողը չցանկացավ ներկայանալ, բայց կտրականապես ժխտեց, թե շաքարավազը կթանկանա, հավելեց, որ դա «խաղ» էր: Նույն կարծիքին էին նաեւ «Փեթակի» բեռնակիրները, ովքեր բավականին լավ էին տիրապետում, թե կիրակի ինչ է կատարվել շաքարավազի գնի հետ:
«Հա, երեկ էդ անխիղճները 1 պարկ շաքարավազը 17.000 դրամով վաճառեցին, դրանից առաջ 11-12 հազար դրամ էր,- ասում է բեռնակիրներից մեկը: -Էսօր նորից իջեցրել են 11.000 դրամի»:
Բեռնակիրը պնդում էր, որ շուկաների մեծածախ վաճառողներն այդ թանկացման հետ կապ չունեն: Դա արել են ներկրողները, որպեսզի մի գիշերում 1 պարկի մեջ 6000 դրամ ավելի շահույթ ստանան: Հայտնի է, որ շաքարավազի միակ ներկրողը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Սալեքս գրուպ» ընկերությունն է: Այնպես որ, երեկ շրջանառվող հիմնական խոսակցությունն այն էր, որ շաքարավազի գինը բարձրացրել է Ս.Ալեքսանյանը: Նա արհեստականորեն դեֆիցիտ է ստեղծել եւ խուճապ է առաջացրել, որ թանկացման համար նախադրյալներ ստեղծի: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) հակամրցակցային համաձայնություն ձեռք բերելու համար տուգանեց «Սալեքս գրուպ» ընկերությանը, քանի որ այն 582 դրամ մաքսային արժեք ունեցող նորզելանդական կարագը օգոստոսին վաճառել է՝ 1700, սեպտեմբերին՝ 2000, հոկտեմբերին՝ 2200 դրամով: Եվ թվում է, թե Ս.Ալեքսանյանը, ի հեճուկս հանձնաժողովի, մեկ օրով բարձրացրեց նաեւ շաքարավազի գինը: Սակայն այստեղ էլ մի հակասություն է առաջանում` այդ դեպքում Ս.Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» խանութն ինչո՞ւ էր շաքարավազը վաճառում 220 դրամով: Ընդ որում, այդ խանութի վաճառողուհին ասաց, թե շաքարավազն էժանացրել են երեկ. ի տարբերություն մյուս խանութների, կիրակի օրն իրենք վաճառել են նախկին գնով` 240 դրամով: Շաքարավազը 220 դրամով էր վաճառվում նաեւ «Երեւան Սիթիից» 10-15 մետր հեռավորության վրա գտնվող մեկ այլ մթերային խանութում, որի աշխատակցուհին էլ ասաց, թե վաղն ավելի էժան գնով կվաճառեն: Իսկ այս օրերին Վրաստանում գտնվող Սամվել Ալեքսանյանը երեկ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հերքել է լուրերը, թե շաքարավազը թանկացել է: «Շաքարավազը չի թանկացել եւ չի թանկանա դեռ մեկ տարի»,- ասել է Ալեքսանյանը: Իսկ շուկայի իրարանցումն ու գների աճն Ալեքսանյանը բացատրել է նրանով, որ միանգամից շատ մարդ որոշել է շաքարավազ գնել: «Մի օրում 3 մլն մարդ որ որոշի շաքարավազ գնել, ի՞նչ կլինի: Ես ձեզ ասում եմ, 100 տոկոսով, ոչ մի թանկացում չկա եւ չի լինի»,- պնդել է Ալեքսանյանը` շաքարավազի գնի բարձրացումը որակելով որպես «պանիկայի արդյունք»: Սակայն կա վարկած, ըստ որի՝ շուկայում տեղի ունեցածը պայմանավորված է նրանով, որ շաքարավազի շուկա է ցանկանում մուտք գործել մեկ այլ ներկրող, եւ այդ թանկացումները կազմակերպել է հենց այդ «նորեկը»: Իսկ Ս.Ալեքսանյանը դիտմամբ է իր խանութներում կտրուկ էժանացրել շաքարավազը եւ դրա համար էլ փողոցներում ցուցադրաբար շաքարավազ է վաճառում` փորձելով ցույց տալ, որ գների էժանացման միջոցով թույլ չի տա մեկ ուրիշին մուտք գործել շաքարավազի շուկա: Նշենք, որ մինչեւ հիմա փոքր քանակությամբ շաքարավազ են ներկրել նաեւ «Սիլ կոնցեռն» եւ «Գրանդ Քենդի» ընկերությունները, սակայն նրանք դա օգտագործել են իրենց արտադրության մեջ եւ վաճառքի չեն հանել: Բոլոր դեպքերում, կիրակի օրը տեղի ունեցածը վկայում է, որ Հայաստանի տնտեսության մեջ կատարվող երեւույթներն ընդհանրապես չեն տեղավորվում տնտեսագիտական տարրական օրենքների տրամաբանության մեջ: Հակառակը, կապ ունեն ներկրողների եւ դրանց հովանավորողների տրամադրության եւ ախորժակի հետ: Երեկ փորձեցինք կատարվածի մասին պարզաբանում ստանալ նաեւ ՏՄՊՀ-ից: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը պատասխանեց, թե հանձնաժողովը կհետեւի իրադրություններին, եւ եթե պարզի, որ գինն անհիմն է բարձրացվել, համապատասխան միջոցներ կձեռնարկի: Ի դեպ, երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այսպես էր մեկնաբանել տեղի ունեցածը՝ «Կարծում եմ՝ նախ պիտի պարզել՝ դա խանութնե՞րն են անում, թե՞ ներմուծողները: Երկրորդ՝ ներմուծողը պատգամավոր կլինի, թե ոչ, պիտի գործի օրենքի շրջանակներում, եւ երրորդ՝ ես կարծում եմ, որ հանձնաժողովն ունի բոլոր լիազորությունները նման երեւույթների դեմն առնելու համար»: