Երբ չի կարելի հավատալ սեփական աչքերին

24/10/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Եվրո-2008» ընտրական փուլի Բելգիա-Հայաստան խաղը շատերն են դիտել ուղիղ հեռարձակմամբ։ Իհարկե, ցավալի պարտություն էր, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մեր տղաները մինչեւ 63-րդ րոպեն ոչնչով չէին զիջում մրցակցին եւ ավելին՝ տիրում էին նախաձեռնությանը։

Սակայն խոսենք ոչ թե պարտության, դրա պատճառների եւ հետեւանքների, այլ խաղի հետ կապված մի ուշագրավ դրվագի մասին։ Եվ այսպես, 63-րդ րոպեին Բելգիայի հավաքականի խաղացող Ուեսլի Սոնկը գրավեց Գեւորգ Կասպարովի դարպասը եւ առաջ մղեց իր թիմին։ Եթե դիտել եք խաղը, փորձեք հիշել՝ ինչպե՞ս խփվեց գոլը՝ գլխո՞վ, ոտքո՞վ, թե՞ մարմնի մեկ այլ մասով։ Ես շատ ուշադիր նայել եմ այդ հանդիպումը, եւ, եթե հալյուցինացիաներով չեմ տառապում, ուրեմն գոլը խփվել է գլխով։

Սակայն պարզվում է, կան դեպքեր, երբ պետք է հավատալ ոչ թե սեփական աչքերին, այլ պարզ չէ, թե ինչին։ Գաղտնիք չէ, որ բացի զուտ մարզական կրքերից, ֆուտբոլային իրադարձությունների շուրջ եռում են նաեւ այլ բնույթի կրքեր. մարդիկ խաղադրույքներ են կատարում։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Լավ է դա, թե վատ՝ չենք կարող ասել։ Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իրական դեպք։ Ֆուտբոլասերը գնում է բուքմեյքերական ընկերություն, որտեղ այդ պահին ցուցադրվում է Բելգիա-Հայաստան խաղը։ Հաշիվը դեռ 0-0 է։ Մարդը նայում է խաղադրույքների էկրանին, հետաքրքրության համար ընտրում ամենաբարձր գործակիցը՝ «առաջին գոլը՝ գլխով» (8 գործակից), եւ դնում 2000 դրամ։ Գալիս է 63-րդ րոպեն, Սոնկը գրավում է Հայաստանի դարպասը։ Ցավալի է, բայց գոնե մխիթարվելու բան կա. գոլը խփվել է գլխով եւ 2000 դրամով մարդը շահել է 16.000 դրամ։ Մնում է սպասել մինչեւ խաղի ավարտը, որպեսզի հաշվարկն ավարտվի եւ շահումը տան։ Եվ ահա, երբ գալիս է շահումը ստանալու պահը, նրան ասում են՝ դուք պարտվել եք։ Այսինքն, գոլը գլխով չի խփվել։ Փորձում է ապացուցել, ասում է, որ իր աչքով է տեսել։ Ի պատասխան՝ հնչում է հետեւյալ բնույթի նախադասություն. «Մեզ համար հիմք ծառայում է միայն խաղին վերաբերող պաշտոնական ինֆորմացիան»։ Ասել է թե՝ ինչ-որ սայթի հաղորդած տեղեկատվությունը։ Իսկ թե դուք ինչ եք տեսել՝ դա չի հետաքրքրում։ Իսկ պաշտոնական ինֆորմացիայի համաձայն, գոլը գլխով չի խփվել։ Ավելին, փորձում են բացատրել՝ գլխից հետո սահել, քսվել է ոտքին եւ այլն։ Սա լրիվ իրական դեպք է, սակայն զերծ կմնանք ընկերության անունը տալուց։ Ոչ միայն նրա համար, որ նրա բիզնես-հեղինակությունը չտուժի, այլ՝ որովհետեւ Հայաստանում գործող բոլոր բուքմեյքերական ընկերություններն էլ նման բաներ անում են։

Հիմա եկեք մտածենք՝ ո՞ր կազմակերպության տված ինֆորմացիան կարելի է արժանահավատ համարել։ Իհարկե ՈՒԵՖԱ-ի, որն առաջնության կազմակերպիչն է։ Մտնենք ՈՒԵՖԱ-ի կայքէջ, եւ ընտրենք Բելգիա-Հայաստան խաղը՝ րոպե-րոպե (նման հնարավորություն սայթը տալիս է. կարող եք այցելել http://www.uefa. com/competitions/euro/fixturesresults/round=2241/match=83797/report=mbm.html)։ Եվ ըստ րոպեների՝ նայում ենք 63-րդ րոպեն։ Գրված է. « … Nicolas Lombaerts crosses for Bart Goor, whose volley loops back off the bar only for Wesley Sonck to head in the rebound». Թարգմանվում է այսպես. Նիկոլաս Լոմբարթսը գնդակը փոխանցում է Բարթ Գորին, որի հարվածից հետո գնդակը ետ է մղվում դարպասաձողից, հայտնվում Ուեսլի Սոնկի մոտ, որն էլ գլխով այն ուղարկում է դարպասը։ Ֆուտբոլի մեջ «head in»-ը նշանակում է՝ գլխով գրավել դարպասը։ Այսինքն, եթե մի պահ ընդունենք, որ խաղադրույք կատարողն ու նրա շրջապատը հալյուցինացիաներով են տառապում, ապա միեւնույն է՝ ՈՒԵՖԱ-ն հաստատում է, որ գոլը խփվել է գլխով։ Բա այդ դեպքում ինչի՞ վրա է հիմնվում մեր տեղական բուքմեյքերը։

Մեկ օր անց զանգահարեցինք այդ ընկերություն, եւ մեզ ասացին, որ սխալմունք է եղել, գոլն իրոք գլխով է եղել, եւ շահումը կտան։ Իսկ եթե խաղադրույք կատարողն արդեն համոզվել էր, որ սխալ է, եւ ուղղակի պատռե՞լ էր իր տոմսը։

Միգուցե կասեք՝ սա շատ մանր դեպք է, չարժե դրա մասին գրել։ Սակայն հարցը ոչ թե գումարն է, այլ խաբված լինելու փաստը։ Շատ ծիծաղելի է, որ իրենց ինքնուրույն կառույց համարող հայկական բուքմեյքերական ընկերությունները՝ անգամ Հայաստանի հավաքականի խաղի մասին դատում են չգիտեմ որ կայքէջի տվյալներով։

Երկրորդ, չի բացառվում, որ նման մարդիկ շատ լինեն։ Երրորդ, երբ հետադարձ հայացքով նայում ես, «ոտքին քսվելու» բացատրություն-արդարացումն առնվազն ցինիկ է թվում։ Չորրորդ, կան շատ արտասահմանյան խաղեր, որոնք խաղադրույք կատարողը չի դիտում, այլ վստահում է բուքմեյքերական ընկերության տվյալներին. ի՞նչ երաշխիք, որ չեն խաբում։

Եվ վերջապես, ո՞վ է հսկողություն սահմանում այդ ամենի նկատմամբ։ Պատասխանը մեկն է՝ ոչ ոք։ Իսկ միակ ճիշտ որոշումն, այս պարագայում, խաղադրույք չկատարելն է։ Խնայեք ձեր նյարդերն ու ժամանակը։ Նաեւ գումարը: