Յուրաքանչյուր ամսի 20-ը տնտեսվարողների համար հարկային հաշվետվություններ ներկայացնելու վերջնաժամկետն է: Հոկտեմբերի 19-ին տնտեսվարողները հանձնում էին նաեւ 3-րդ եռամսյակի հարկային հաշվետվությունները: Եռամսյակային հաշվետվություններ հանձնողներին Հարկայինում նախ ծանուցվեց խաղի նոր կանոնների մասին, եւ հարկային տեսուչները խոստացան առաջիկայում ստուգել բոլոր նրանց գործունեությունը, ովքեր չեն ենթարկվի այդ կանոններին: Արաբկիրի հարկային ծառայությունում մի տնտեսվարողի հաշվետվությունը չէին ընդունում` պատճառաբանելով. «Տար շրջանառությունը 1մլն դրամ գրի, նոր բեր: Հետո էլ տնօրենին ասա, որ ինքը գա»: Ընկերության հաշվապահը շվարած շրջում էր միջանցքներում եւ իր նեղ վիճակի մասին պատմում իրենց հերթին սպասող մարդկանց. «Մեր կազմակերպությունը լուսանկարչական ծառայություններ է մատուցում, եւ մեր տնօրենն էլ Ամերիկայի քաղաքացի է: Նրա համար միեւնույն է, թե ինչ են ասում հարկային տեսուչները, քանի որ նա 600 հազար դրամ շրջանառություն ցույց տալով` չի թաքցրել իր եկամուտները: Մյուս կողմից էլ՝ այսօր հաշվետվությունների հանձնման վերջին օրն է, եթե այսօր չհանձնեմ, վարչական հոդվածի (տուգանք 50 հազար դրամի չափով.- Ա.Պ.) տակ կընկնեմ»: Հարկայինն այս անգամ վերանայել էր իր մոտեցումները նաեւ կենսաթոշակի վճարի գծով: «Օր օրի հացը թանկացնում եք, քաշն էլ գցում եք, այս ի՞նչ թվեր եք գրել: 30 հազար աշխատավարձի փոխարեն` 50 հազար պետք է գրեք»,- նկատողություն է ստանում հաջորդ տնտեսվարողը: Ակնհայտ է, որ այս գործողություններն իրականացվում են 2008-ին Կառավարության խոստացած կենսաթոշակների 60 տոկոսով ավելացումն ապահովելու համար: Դեռ տարին չի փակվել եւ հարկային մարմինները մանր եւ միջին բիզնեսին «խեղդում» են՝ ավելացնել կենսաթոշակների վճարները: Նվազագույն աշխատավարձի` 20 հազար դրամի դեպքում տնտեսվարողը պարտավոր է Կենսաթոշակային հիմնադրամի բյուջե վճարել իր միջոցներից 7000 դրամ եւ նշյալ գումարի 3 տոկոսը` աշխատողի աշխատավարձից, այսինքն` 7600 դրամ: 30 հազար դրամ աշխատավարձ վճարվելու դեպքում տնտեսվարողը պետք է վճարի 9400 դրամ կենսաթոշակային վճար, իսկ 50 հազարի դեպքում` 13 հազար դրամ: Ակնհայտ է, որ պատահական չէ հարկային մարմինների պահանջը տնտեսվարողներին` աշխատավարձը ներկայացնել 50 հազար դրամ: Այս դեպքում նվազագույն աշխատավարձի համեմատ կենսաթոշակային մուտքերն ավելանում են գրեթե 50 տոկոսով: Սակայն դեռ հայտնի չէ, թե ի՞նչ թիվ կպարտադրի հարկահավաք մարմինը եկող տարի: