Վերջին ժամանակներս մեծ աղմուկ է բարձրացել գյումրեցի Ավոյի կատարած «բժշկությունների» շուրջ: Շատերն են խոսում, որ 27-ամյա երիտասարդը հրաշքներ է գործում, մեծ թվով անբուժելի հիվանդություններ է բուժում եւ դա անում է անշահախնդիր ձեւով:
Շատերի բջջային հեռախոսներում ձայնագրված պատկերը, որտեղ ամպերից գոյանում է Հիսուս Քրիստոսի կերպարը, ձեռքից ձեռք է փոխանցվում, եւ ասում են, որ այդ զարմանալի երեւույթն ի հայտ է եկել հենց Ավոյի տան մոտ: Այս առեղծվածային պատմությունը Երեւանում բավականին իրարամերժ կարծիքների տեղիք է տվել, նրա կատարած հրաշքների մասին լեգենդներ են պատմում: Ոմանք ասում են, որ Ավոն մահամերձ հիվանդների ոտքի է կանգնեցրել, ոմանք էլ նրան համարում են սուտ մարգարե: Ավոյի հետ հանդիպելու ակնկալիքով մենք գնացինք Գյումրի: Նախ նշենք, որ նրա տան մոտ անհավանական հերթ էր գոյացել, եւ հավաքված բազմության հերթը հասնում էր մինչեւ փողոցի վերջ: Գրեթե անհնար էր նաեւ ավտոմեքենաների համար կայանատեղ գտնելը, որովհետեւ տարբեր մարզերից, ինչպես նաեւ՝ Երեւանից ժամանած մարդիկ ժամերով, օրերով սպասում են, որպեսզի Ավոյի մոտ մտնելու իրենց հերթն էլ հասնի: Պատկերացրե՛ք, որ նրա մոտ մտնելու համար նույնիսկ վիճաբանություններ են լինում, որովհետեւ այցելուների հերթը մեծ է: Ավոյի տունն ընդամենը երկաթե տնակ է, որի կողքին տեղադրված նույնանման մի տնակում էլ նա «աշխատում է»: Տնակի երկու մուտքերի մոտ մի քանի տղամարդիկ են հսկում, որպեսզի կարողանան մարդկանց հոսքը կարգավորել: Երեխայի հետ այցելուներն Ավոյի մոտ մտնում էին առանց հերթագրվելու: Մենք խնդրեցինք թույլ տալ ներս մտնել եւ Ավոյին մի քանի հարց ուղղել, սակայն մերժեցին՝ ասելով, որ նա հարցազրույց կտա միայն դեկտեմբեր ամսին: Ավելի ուշ Ավոն մեզ ընդունեց ընդամենը 2 րոպեով, այնուհետեւ հրաժարվեց հարցազրույց տալ՝ ասելով. «Թողեք ես իմ գործն անեմ»: Մենք, այնուամենայնիվ, փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ հավաքված մարդկանցից:
Բագրատ Գաբրիելյանն Ավոյի մասին իմացել է հեռուստատեսությամբ թողարկված ռեպորտաժից: Ի դեպ, գյումրեցիներն ասում են, որ Ավոն 3 տարի է՝ նման բժշկություններ անում է, սակայն այդ ռեպորտաժից հետո է նրա «հեղինակությունն» անսպասելիորեն մեծացել: Բ. Գաբրիելյանը եկել էր Հրազդանից: Ասում է. «Ոչ էդքան ռեպորտաժից, ինչքան Ավոյի մոտ եկող մարդուց եմ հետաքրքրվել: Ասեց, որ խելոք տղա ա, հավայի չի: Իրա խորհրդով եմ եկել, ու մի շաբաթ ա՝ նստած եմ»: Բ. Գաբրիելյանն ինֆարկտ է տարել, նրա առողջական վիճակը հաճախակի վատանում է նա, դեղորայքով է ապրում: Նրա հավաստմամբ՝ մի քանի անգամ Ավոյի մոտ մտնելուց հետո ընդհանրապես դեղորայք չի օգտագործում: «Դեղերը գրպանումս ա, բայց չեմ խմում, պատկերացրե՛ք, որ ինձ էդքան լավ եմ զգում: 3 անգամ մտել եմ մոտը, հիմա էլ կմտնեմ ու մի անգամ էլ մի շաբաթ հետո պիտի գամ»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ Ավոն իրեն դիմած հիվանդից նախ հարցնում է, թե ի՞նչ գանգատ ունի, այնուհետեւ ձեռքով շոշափում է մարդու մարմնի հիվանդ մասը: «Ձեռքը դրեց իմ թիակների վրա, ու ջերմություն զգացի, ոնց որ արդուկով տաքացնեին: Հետո ձեռքը դրեց ողնաշարիս սկզբնամասից մինչեւ վերջնամաս, ու ողնաշարս ընդհանուր տաքացավ: Ես տեսել եմ, որ կծկված երեխուն պառկած վիճակում բերել են մոտը, մի քանի վայրկյան նայեց ու ասեց՝ երեխուն կանգնացրեք գետնին: Երեխեն կանգնեց ու իրա ոտքով դուրս եկավ»,- պատմում է Բ. Գաբրիելյանը: Ի դեպ, շատերն էին պատմում, որ ֆիզիկական «դեֆորմացիա» ունեցող մարդիկ մտել են Ավոյի մոտ եւ ուղղված, նորմալ քայլելով նրա մոտից դուրս են եկել: Որոշ մարդիկ էլ վկայեցին, որ սայլակով մարդկանց բերել են նրա մոտ, եւ հիվանդն իր ոտքով քայլելով հեռացել է: Ջեմմա Շահնազարյանն էլ պատմում էր, որ իր երեխան խուլ է, 3 անգամ Ավոյի մոտ լինելուց հետո լսողությունը սկսել է վերականգնվել. «Պատկերացրե՛ք, որ արդեն հեռախոսի, դռան զանգերը լսում է»: Կառլեն Պետրոսյանը վստահեցնում է, որ Ավոյի բժշկություններին չի կարելի թերահավատորեն վերաբերվել, որովհետեւ իր աչքի տեսածն իսկական հրաշք է. «Աչքիս առաջ ծռված, կծկված երեխուն բերել են մոտը, բայց մոտից դուրս ա եկել ուղիղ, բուժված երեխա: Մի երեխու բերեցին, որի մի ձեռքն ուղիղ էր, իսկ մյուսը՝ լրիվ ծռված, ծալված, քարացած վիճակում: Ձեռքը քաշեց, ուղղեց, բա դա հրաշք չի՞»։ Կառլենը վկայում է, որ օրեր առաջ, երբ Ավոյի մոտ մտնելու իր հերթը հասել է՝ իր փոխարեն մի կնոջ արտահերթ մտցրել են, որովհետեւ վերջինիս մարմինն ամբողջովին ծռմռված է եղել, եւ նա ի վիճակի չի եղել սպասելու: «Կնոջ ձեռքը բարձրացրեց, թղթի վրա Ավոն ինչ-որ բաներ նկարեց, հետո էդ կնոջ ձախ ձեռքին խփեց, լրիվ անզգայացած էր, չէր աշխատում, կամաց-կամաց ձեռքը բացեց, ուղղեց, բուժեց, կանգնեցրեց, ու նա էլ իր ոտքով դուրս եկավ»: Մեր այցելությունից րոպեներ առաջ էլ մի հիվանդ կնոջ գրկած վիճակում մեքենայից իջեցրել, բերել էին Ավոյի մոտ: Ներկաների պատմելով՝ տեղաշարժվել չկարողացող կինն ամբողջովին բուժվել եւ իր ոտքով գնացել էր տուն: Ավոյի մոտ մտնել ցանկացող հերթագրվածներից մի կին էլ պատմում էր. «Ես զոբ, լյարդի պրոբլեմ, ստամոքսի խոց ունեի, 6 անգամ Ավոյի մոտ եմ մտել, հետո էխո եմ արել, ու պարզվել ա, որ ոչ զոբ ունեմ, ոչ էլ ուրիշ հիվանդություն: Իմ բուժվելուց հետո՝ հիմա էլ բարեկամներիս եմ բերել: Թոռս ողնաշարի ծռվածություն ունի, բերել եմ, որ Ավոն բուժի»: Մի մարդ էլ իր հոգեկան հիվանդ տղային էր բերել Ավոյի մոտ բուժվելու: Մեկ անգամ մտնելուց հետո հայրն արդեն զգում է որդու առողջական վիճակի փոփոխությունը. «Կյանքի հանդեպ հետաքրքրություն, ակտիվություն եմ զգում: Շատ ա փոխվել, հիմա 2 անգամ էլ ա կանչել, ու ես վստահ եմ, որ կբուժի: Ո՞նց չհավատաս, եթե հիվանդիդ վրա փոփոխությունը զգում ես: Իմ աչքի տեսածին ո՞նց չհավատամ: Շաքարով հիվանդը, որ դեղերով էր ապրում, հիմա լրիվ նորմալ վիճակում ա, դեղ չի օգտագործում»:
Ներկաների պատմելով՝ Ավոն աշխատում է առավոտից մինչեւ ուշ գիշեր: Մեկ օր աշխատում, մեկ օր էլ քնում է: «Էն օրն իմ աչքի առաջ Ավոյին քաշեցին ու շորերը ճղեցին: Մարդիկ անշնորհք են, չեն կարում համբերեն, որ իրանց հերթը հասնի»: Ավոյի մոտ գալիս են Իջեւանից, Շամշադինից, Վրաստանից, Կրասնոդարից, անգամ արտասահմանյան երկրներում ապրող մեր հայրենակիցները: Ի դեպ, ասում են` Ավոն մեր պաշտոնյաներից մեկին բուժել է թմրամոլությունից, ինչի առիթով վերջինս Ավոյին «Ջիպ» մեքենա է նվիրել: Սա՝ ընդամենը գյումրեցիների պատմելով, իսկ թե ինչքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, ցավոք, մեզ չհաջողվեց պարզել հենց գյումրեցի Ավոյից: