Աղբավայրի աշխատանքները հետաձգվել են

24/10/2007

Երեւանի Նուբարաշենի աղբավայրում մեթանի օգտահանման աշխատանքները հետաձգվել են, քանի որ դրանք իրականացնող ճապոնական «Շիմիձու» ընկերության եւ հայկական կողմի միջեւ դեռեւս վերջնական համաձայնագիր չի կնքվել: Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ ճապոնական ընկերության հետ հայկական կողմը դեռեւս քննարկումներ է իրականացնում, պարզաբանվում են համաձայնագրի որոշ կետեր: Համաձայնագրում դեռեւս հստակեցված չեն կրկնակի հարկումների, բանկային երաշխիքների տրամադրման խնդիրների մասին որոշ դրույթներ: Հիշեցնենք, որ «Շիմիձու» ընկերությունը մտադիր է Նուբարաշենի աղբավայրում մեթան գազի օգտահանման եղանակով էլեկտրաէներգիա ստանալու ծրագիր իրականացնել: Աղբավայրում այժմ կուտակված է շուրջ 8 մլն տոննա աղբ: Յուրաքանչյուր օր այստեղ տեղափոխվում է 180-200 մեքենա աղբ: Ծրագրի իրականացման արդյունքում կկանխվեն աղբավայրի հրդեհները, օդային ավազանը զերծ կմնա աղտոտումից եւ կստեղծվեն նոր աշխատատեղեր: