Ղրղըզստանի իրադարձություններին պետք է անուն տալ, որը նման կլինի Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած հաջող հեղափոխություններին։ Կիրգիզական հեղափոխությունը վտանգավոր շրջափուլում է։ Եվ եթե մինչեւ վերջերս կային փոքրաթիվ զոհեր, հիմա այն կարող է դառնալ իսկական քաղաքացիական պատերազմ եւ վերածվել Հյուսիսի ու Հարավի հակամարտության։ Հյուսիսի բնակչությունը հիմնականում ղրղըզներ են, իսկ հարավում ապրում են մեծ թվով ուզբեկներ։
Մի քանի օր առաջ ընդդիմությունը փողոց է կանչել հազարավոր ցուցարարների, որոնք, օգտագործելով փայտեր եւ այրվող հեղուկներով լեցուն շշեր, գրոհով անմիջապես վերցրել են պետական հաստատությունների եւ ոստիկանական բաժանմունքների շենքեր։ Սկզբում իրադարձությունները զարգացել են Ջալալ-Աբադում եւ Թոքթողուլում, իսկ հետո` Օշում, որը գտնվում է երկրի հարավում եւ սահմանակից է Տաջիկստանին։
Ընդդիմադիր որոշ գործիչներ հաստատում են, որ բողոքի դրսեւորումներն արդեն դուրս են եկել քաղաքական ուժերի վերահսկողությունից, բայց երեկվանից ձեռնարկվում են իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի միջեւ համաձայնություն գտնելու գործողություններ։ Այս գործընթացի բռնկման կայծը խորհրդարանական ընտրություններին օտարերկրյա դիտորդների տված բացասական գնահատականն է եղել։ Ընդդիմության բողոքի ցույցերը, սակայն, հանգեցնում են ազգամիջյան եւ միջկլանային հին տարաձայնությունների բռնկման, որոնք նախկինում արդեն բերել էին դաժան ընդհարումների։
Ցուցարարների թիրախը Ասկար Ակաեւն է, ով իշխանության ղեկի մոտ է 1991-ին Ղրղըզստանի անկախության հռչակումից ի վեր։ Այսուհանդերձ, Ակաեւը միջինասիական հանրապետությունների ղեկավարներից ամենաժողովրդավարն է։ Նա քաղաքականություն է մտել գորբաչովյան պերեստրոյկայի տարիներին եւ միշտ հանդուրժող է եղել ընդդիմության նկատմամբ։ Հիմա նա արդեն գալիք տարվա ընտրություններում չի կարող չորրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը, բայց ընդդիմությունը զգուշանում է, որ նա պատրաստվում է փոփոխել սահմանադրությունը։ Խորհրդարանական ընտրություններում հաղթել են Ակաեւի կողմնակիցները, բայց, ընդդիմության կարծիքով, բազմաթիվ խախտումներով։
Ցուցարարները գրավել են պետական հաստատություններ։ Ջալալ-Աբադում գրոհով վերցվել է Ներքին գործերի վարչության շենքը, որտեղ պահվում էին մի քանի օր առաջ ձերբակալված ցուցարարներ։ Յոթանասուն ձերբակալվածներ ազատ են արձակվել, իսկ ոստիկանության շենքն այրվել է։ Հետո նրանք եկել են օդանավակայան եւ քարերով փակել թռիչքուղիները, որպեսզի ոստիկանները չկարողանան համալրում ստանալ։
Նմանատիպ գործողություններ են կատարվել նաեւ Օշում։ Իշխանությունների տվյալներով, հարձակումներից տուժել է 14 ոստիկան, մի քանի ցուցարար մահացել է։ Թոքթողուլ քաղաքում պատանդ են վերցվել քաղաքապետն ու դատավորը։
Այս ամենից հետո Ակաեւն առաջարկել է սկսել բանակցություններ։ Նա առաջարկել է եւս մեկ անգամ ամփոփել քվեարկության արդյունքները, հատկապես այն տեղերի, որտեղ կան ընդդիմադիրներ։ Ընդդիմության շարքերում ճեղքվածքի առաջացման վտանգ կա։ Որոշ գործիչներ համաձայն են մասնակցել բանակցություններին, իսկ մյուսները մերժում են այդ առաջարկը։
Մերժողների շարքում է Ղրղըզստանի արտաքին գործերի նախկին նախարար Ռոզա Օթունբաեւան, ով ղեկավարում է Աթա-Յուրտ շարժումը։ Օթունբաեւան շատ կտրուկ է. «Մենք մի նպատակ ունենք՝ քշել այս կառավարությանը։ Բանակցությունների անհրաժեշտություն չկա»։
Նախագահի օգնական Աբդիլ Սեգիզբաեւը ստեղծված իրավիճակը բավական բարդ է համարում։ «Ոչ իշխանությունները, ոչ ներկա պահին ընդդիմությունը ամբոխին չեն վերահսկում։ Եթե հայտնվի առաջնորդ, ում կհարգեն ցուցարարները, կառավարությունը նրա հետ կնստի բանակցությունների»,- ասել է նա։
Ռուսաստանն այս անգամ կարծես չի մասնակցում իրադարձություններին, սակայն այս ամենի համար մեղադրում է ԵԱՀԿ դիտորդներին, ովքեր տարածաշրջանի համար չափազանց խիստ պայմաններ դնելով ու գնահատականներ տալով, սադրել են բողոքի գործողությունները։ Իրավիճակի զարգացումներին ուշադիր հետեւում են նաեւ Վաշինգտոնում։ Ինչպես Ռուսաստանն, այնպես էլ ԱՄՆ-ը Ղրղըզստանի տարածքում ունեն ռազմավարական կարեւոր նշանակության ռազմական բազաներ։