Թանկացումները շարունակվելու են

23/10/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանում կարագը վաճառվում է մաքսային արժեքից՝ 3-5, իսկ ձեթը՝ 2-3 անգամ թանկ գնով: Բոլորին հայտնի այս իրողությունը երեկ պաշտոնապես արձանագրվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՀ) նիստում:

Հայտնի է, որ այս ապրանքների ներկրումը մի քանի հոգու մենաշնորհն է, եւ ոչ ոք չի կասկածում, որ ներկրողները դրանցից ստանում են գերշահույթներ: Իհարկե, վերջին 2-3 ամիսներին միանգամից մոտ 40 տոկոսով թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքները` հացը, կարագը, ձեթը, ալյուրը, բայց թերեւս ոչ մեկի մտքով չէր անցնում, թե այդ ապրանքների ներկրումը կարող է ապահովել 300-400 տոկոս գերշահույթ: Եվ երեկ ՏՄՊՀ նիստում պարզ դարձավ, որ մոնոպոլիստ ներկրողներն ու մանրածախ խանութների սեփականատերերը միլիոններ դիզելու մոլուցքից կորցրել են խղճի վերջին կաթիլը: Ընդ որում, ՏՄՊՀ-ն ապրանքային ինչ շուկա էլ ուսումնասիրի, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Սալեքս գրուպ» ընկերությունն այնտեղ ներկա է լինում:

Եվ այսպես, «Սալեքս գրուպը» ներկրում է նորզելանդական կարագ եւ «Ավեդով» ու «Սոլնիչնայա դոլինա» ապրանքանիշերի ձեթ: Ինչպես միշտ, այս անգամ էլ ընկերությունը հանձնաժողովին ոչ մի տեղեկատվություն չէր ներկայացրել եւ երեկվա նիստին ներկայացուցիչ չէր ուղարկել: Բայց հանձնաժողովը Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) տրամադրած տվյալներից պարզել է, որ «Սալեքս գրուպի» ներկրած կարագի մաքսային արժեքը 1 կգ-ի համար կազմել է 582 դրամ: Ընկերությունը մայիս-սեպտեմբեր ամիսներին կարագ չի ներկրել, այդ ընթացքում մաքսային արժեքը չի բարձրացել: Այսինքն` ընկերությունն անցած 2-3 ամիսներին վաճառել է մինչեւ մայիս ներկրած կարագը: Նորզելանդական կարագի գինը, սակայն, օգոստոսին դարձել է 1700 դրամ, սեպտեմբերին՝ 2000 դրամ, իսկ հոկտեմբերին հասել է 2200 դրամի: ՄՊԿ-ի տվյալներով, արեւածաղկի ձեթի մաքսային արժեքը մինչեւ օգոստոս նվազել է 14 դրամով, իսկ եգիպտացորենինը՝ 12 դրամով: Սակայն «Ավեդով» ձեթի գինը 550 դրամից օգոստոսին դարձել է 650 դրամ, սեպտեմբերին՝ 850 դրամ, իսկ հոկտեմբերին հասել է 950 դրամի: Նույն բախտին է արժանացել նաեւ «Մառնիկ» ընկերության ներկրած ֆիննական կարագը, որի իրացման գինն օգոստոս-հոկտեմբեր ամիսներին 1850 դրամից հասել է 2600 դրամի:

«Տնտեսվարող սուբյեկտների միջեւ եղել է գների համապատասխանեցում,- հայտարարեց ՏՄՊ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: -Հենց այստեղ է հակամրցակցային համաձայնությունը: Վերջին բարձրացումից հետո, երբ երեք օրվա մեջ 1 կգ կարագը 1600 դրամից դարձավ 2600 դրամ, արդեն ստիպեց մեզ ուսումնասիրել այդ շուկան»: Ըստ Ա. Շահնազարյանի` ընդհանրապես կարագի եւ ձեթի թանկացումը պայմանավորված է եվրոպական շուկայում տեղի ունեցած գների բարձրացմամբ: Եվրոպայում էլ կարագը թանկացել է, քանի որ համաշխարհային շուկայում կարագի հիմնական մատակարար ԵՄ-ն օգոստոսի 1-ից դադարեցրել է արտահանվող կաթնամթերքի սուբսիդավորումը: Իսկ ձեթի թանկացման պատճառն էլ հումքի ծավալների կրճատումն է, որը պայմանավորված է երաշտով եւ ցանքատարածությունների նվազմամբ: Սակայն, եթե Եվրոպայում ֆիննական կարագը թանկացել է ընդամենը 17 տոկոսով, ապա ՀՀ-ում՝ կրկնակի անգամ: Որպես կանոն՝ մեր երկրում կատարվող թանկացումները համարժեք չեն միջազգային շուկային: Ի դեպ, երեկ հանձնաժողովի նիստին, ներկրողներից բացի, հրավիրվել էին նաեւ իրացնող կազմակերպությունները: Ներկա էր «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության ներկայացուցիչ Հրաչյա Մկրտչյանը, ով ընդհանրապես չկարողացավ բացատրել, թե ինչո՞ւ են իրենց խանութում մինչեւ 2300 դրամով վաճառել կարագը, երբ այն ձեռք են բերել 800 դրամով: Հ. Մկրտչյանը պարզաբանում տալու փոխարեն՝ սկսեց հանձնաժողովին մեղադրել, որ գների փոփոխության վերլուծությունը լավ չեն կատարել: Նա նաեւ ցնցող մի հայտարարություն արեց. «Տնտեսվարողները գները բարձրացրել են, որպեսզի առաջիկայում սպասվող թանկ կարագի ու ձեթի համար գումար հավաքեն»: Հանձնաժողովն ամեն անգամվա նման՝ այս թանկացումը որակեց որպես հակամրցակցային համաձայնություն եւ տնտեսվարող սուբյեկտներին տուգանեց շրջանառության 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի շատ, քան 300 մլն դրամը: Հատկանշական է, որ այս ամենից հետո Ա.Շահնազարյանը չի սպասում, որ կարագի եւ ձեթի գները կիջնեն: Նա ընդամենը հույս հայտնեց, որ թանկացումները կլինեն միջազգային տենդենցներին համապատասխան: Իսկ ընդհանրապես «թանկացումների դեմ պայքարողի» կերպարով հանդես եկող ՏՄՊՀ-ն եւ նրա նախագահ Աշոտ Շահնազարյանն իրականում մասնակցում են նույն «շոուին»: Երեկվա նիստում, օրինակ, չհրապարակվեցին թվեր, որոնցից պարզ կլիներ, թե որքան գեշահույթ է ստացել, ասենք, նույն Սամվել Ալեքսանյանն այս թանկացումներից, եւ որքան է իրականում կազմել նշված ապրանքատեսակների իրացումից ստացված դրամաշրջանառությունը: Չնայած, եթե անգամ նրան տուգանեն առավելագույն` 300 մլն դրամի կամ մոտ 90 հազար դոլարի չափով, ակնհայտ է, որ դա կազմելու է թանկացումների արդյունքում ստացված գերշահույթի շատ չնչին մասը: Գուցե ավելի պակաս, քան 2 տոկոսը: