ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որ նախօրեին Վաշինգտոնից մեկնել է Լոս Անջելես, հանդիպելու է «Լոս Անջելես թայմսի» խմբագրային խորհրդի հետ: Իսկ երեկ Ս.Սարգսյանը հանդիպել է Լինսի հիմնադրամի ղեկավարների հետ:
Պենտագոնում ՀՀ վարչապետը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի, փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչի հետ: Ռ. Գեյթսի հետ հանդիպմանը Ս. Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության զարգացման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին` ՀՀ զինված ուժերին շարունակական օգնություն ցուցաբերելու համար: Պաշտպանության քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Հակաահաբեկչական կոալիցիայում, ինչպես նաեւ հայկական ուժերի խաղաղարար առաքելությունն Իրաքում: Կողմերը քննարկել են Իրաքի վերականգնման աշխատանքներում Հայաստանի մասնակցության հետագա ուղիները, անդրադարձել են կոալիցիայի ջանքերը փոխլրացնելու նպատակով Աֆղանստանում հայկական կողմի մասնակցության հնարավորությանը: Ս. Սարգսյանը կարեւորել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակության համաչափության պահպանման խնդիրը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին, վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը մնում է փոխզիջումների միջոցով ԼՂ հիմնահարցի խաղաղ եւ արագ կարգավորման համոզված կողմնակիցը: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող քննարկումները եւ երկխոսությունը կտան անհրաժեշտ արդյունք: Գեյթսը մեկ անգամ եւս վերահաստատել է, որ ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցը խաղաղ կարգավորման տանելու ջանքերը: Իսկ Ջոն Դանիլովիչի նկատառմանը, թե իր ղեկավարած գրասենյակը դրական է գնահատում Հայաստանի 2007թ. կատարողականը, Ս. Սարգսյանը պատասխանել է, որ ըստ կորպորացիայի երկրների զարգացման 2007թ. դասակարգման՝ Հայաստանն անցել է «ցածր եկամտի երկրից» դեպի «միջին եկամտի երկիր»: Նաեւ հավելել է, որ 2008թ. պետբյուջեի նախագծում Հայաստանի կառավարությունը հավակնոտ նպատակադրումներ է ամրագրել, ինչի ուղղությամբ կատարվող աշխատանքներն իրենց դրական ազդեցությունը կունենան նաեւ ՀՄԿ ցուցանիշների վրա: Իսկ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը կողմերը նշել են, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին` վարչապետը նշել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժամանակակից ժողովրդավարական պետություն կառուցելու հարցում: Չեյնին վերահաստատել է ԱՄՆ-ի շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, ինչպես նաեւ՝ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացների աջակիցը լինելու հարցում: Նրանք քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Ներկայացնելով ՀՀ դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ` Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում, սակայն մեր երկիրը պատրաստ է գործնական քայլերի դիմել` առանց նախապայմանների Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին` ՀՀ վարչապետը մեկ անգամ եւս նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում փոխզիջումների միջոցով ԼՂ հիմնահարցի խաղաղ եւ արագ կարգավորման իր դիրքորոշմանը:
Հիշեցնենք, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ է մեկնել հոկտեմբերի 17-ին: Հոկտեմբերի 23-ին պատվիրակությունը Վաշինգտոնից կմեկնի Փարիզ, որտեղ հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների, քաղաքապետերի, ֆրանսահայ ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այցի պատվին տրվելիք ընթրիքի ժամանակ: Փարիզում Ս. Սարգսյանը հարցազրույց է տալու «Ֆիգարո» եւ «Պոլիտիկ ինտերնասիոնալ» թերթերին: Ս. Սարգսյանը նաեւ հանդիպելու է Ֆրանսիայում ուսանող հայաստանցի երիտասարդների հետ: Ս. Սարգսյանը ՀՀ կվերադառնա հոկտեմբերի 27-ին: