Որպես Թուրքիայի կողմից hայերի ցեղասպանությունը չընդունելու հակակշիռ՝ մշտապես բերվում է Գերմանիայի օրինակը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունեց հրեաների Հոլոքոստը: Սակայն, ինչպես պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է հիշեցնում` նման անալոգիաներն այնքան էլ տեղին չեն, քանի որ ֆաշիստական Գերմանիան Հոլոքոստն ընդունեց միայն այն պատճառով, որ պատերազմում պարտություն կրեց. «Եթե Հիտլերը, ֆաշիզմը չպարտվեին, որեւէ խոսք հրեաների ցեղասպանությունը ճանաչելու մասին լինել չէր կարող: Այնպես որ, խորհուրդ չեմ տա Գերմանիայի այդ քայլն ընդունել որպես բարձր քաղաքակրթության կամ հումանիզմի դրսեւորում: Դա պարտված երկրին պարտադրված քայլ էր»: Հետեւաբար, սպասել, որ այդպես կվարվեր նաեւ Թուրքիան 20-րդ դարասկզբին, տրամաբանական չէ, քանի որ Առաջին աշխարհամարտին Թուրքիան, եթե վերհիշենք պատմությունն ու Ալեքսանդրապոլի պայմանագիրը, մեղմ ասած, չի պարտվել: Այսօր էլ ակնկալել, որ միջազգային հանրության բարոյական ճնշումը կարող է ստիպել Թուրքիային` ընդունել հայերի ցեղասպանությունը, իրատեսական չէ: Ըստ մեր զրուցակցի` նման ճնշումը կարող է բերել անգամ հակառակ ազդեցության: Թեեւ 1991 թվականից Հայաստանի իշխանություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել` բանակցել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների, սակայն Բենիամին Պողոսյանի կարծիքով, երբ 1998 թվականից Հայաստանի իշխանությունները ցեղասպանության ճանաչումը ներկայացրին որպես մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից մեկը, Թուրքիան Հայաստանի հետ երկխոսության մեջ մտնել չի շտապում այն զգուշավորությամբ, թե մեր երկիրը երկակի խաղ է խաղում. մի կողմից՝ ներկայանում է որպես առանց նախապայմանների երկխոսություն սկսելու ջատագով, մյուս կողմից` ցեղասպանության ճանաչումը համարում է իր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթ խնդիրը: Եվ հետո, Հայաստանը չունի հստակ ռազմավարություն, թե ինչ է հետապնդում ցեղասպանության ճանաչմամբ` տարածքների վերադա՞րձ, նյութական փոխհատուցո՞ւմ, թե՞ այլ խնդիր: Եվ այս անորոշությունը թույլ չի տալիս Հայաստանին` հստակ ներկայացնել Թուրքիային ցեղասպանության ճանաչմանը միտված իր քայլերի հաջորդականությունը: Եվ ինքներս էլ լավ չպատկերացնելով՝ ի վերջո, ի՞նչ ենք ուզում, ստիպված ենք ընդամենը հաճելի էմոցիաներ ապրել՝ վերհիշելով, թե ինչպես են աշխարհի հզորները փորձում ցեղասպանության փաստը ծառայեցնելով իրենց երկրների շահերին՝ այն ընդունել կամ ընդունելու փորձեր անել:
Ինչ վերաբերում է 106 բանաձեւի ընդունմանը, ապա բոլոր հայկական գաղթօջախներում չէ, որ ցնծությամբ արձագանքեցին այդ փաստին: Գոնե արտաքուստ: Որքան հասկանալի է հատկապես ամերիկահայության խանդավառությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 106 բանաձեւի ընդունումից հետո, նույնքան հասկանալի է նաեւ Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցների զգուշավորությունը: Բանաձեւի ընդունումից հետո, եթե հիշում եք, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հորդորեց ԱՄՆ Կոնգրեսին` վերանայել 106 բանաձեւը եւ չընդունել այն: Ստացվել է այնպես, որ Թուրքիայի հայ համայնքի գոյատեւման ռազմավարություն Հայաստանը չի կարող առաջարկել, եւ թրքահայերի ինքնապահպանումն այսօր, փաստորեն, միայն համայնքի ինքնուրույն, լոկալ դիվանագիտության վրա է թողնված:
Ինչպես ճշտեցինք «Ակոս» թերթի հայաստանյան ներկայացուցիչ Տիրան Լոքմագյոզյանից, պատրիարքի հորդորն ԱՄՆ Կոնգրեսին՝ հայ համայնքը միանշանակորեն չի ընդունել: Անկախ արտաքին ճնշումներից` Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցների մի մասը գտնում է, որ այս դեպքում առավել ցանկալի կլիներ պատրիարքի լռությունը, որը կարող էր հիմնավորվել իր` հոգեւոր դասին պատկանելու եւ աշխարհիկ իրադարձություններին չմիջամտելու հնարավորությամբ: Ըստ պարոն Լոքմագյոզյանի` 106 բանաձեւի ընդունումից հետո, ինչպես ցեղասպանությունը ճանաչող յուրաքանչյուր երկրի հայտարարությունից հետո, Թուրքիայում հայ համայնքի կյանքն ավելի է ծանրանում: Թեեւ վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում ապրող հայերը Թուրքիայի քաղաքացիներ են եւ նրանց նկատմամբ 106 բանաձեւի ընդունումից հետո որեւէ ճնշում չպետք է իրականացվի, այնուամենայնիվ, անգամ աշխատավայրում, ըստ մեր զրուցակցի, թուրք գործընկերները հայերին դիտում են որպես իրենց երկիրը քայքայել փորձող մարդկանց` դրանից բխող համապատասխան վերաբերմունքով: Ամեն դեպքում, այս օրերին Թուրքիայի հայկական համայնքը որդեգրել է չեզոքության քաղաքականություն` մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, եւ այդ ամենը մեզ չի առնչվում: Ինչ վերաբերում է զանգվածային ձերբակալությունների մասին լուրերին, ապա, ըստ «Ակոս» թերթի հայաստանյան ներկայացուցչի, 100 տոկոսանոց ճշտված լուրեր չկան, սակայն հայտնի է, որ ձերբակալվում են ոչ թե Թուրքիայի քաղաքացի հայերը. Թուրքիայում կան անձնագրային ռեժիմը խախտած բազմաթիվ հայաստանցիներ, ում հանդեպ թուրք ոստիկաններն այս օրերին առավել ուշադիր են, եւ ձերբակալությունները կարող են վերաբերել նրանց:
Ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն համարող մեր պետությունը, պետք է խոստովանել, այնքան էլ գրագետ չի աշխատում եւ կարծես լրջորեն շահագրգռված է ցեղասպանության ճանաչման միայն արտաքին, ձեւական կողմով: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ Հայաստանում Թուրքիայից (կամ Մերձավոր Արեւելքի երկրներից) արտագաղթող հայերի համար Հայաստանում ոչ մի հնարավորություն ստեղծված չէ: Եվ Թուրքիայից հայերը նախընտրում են արտագաղթել ոչ թե Հայաստան, այլ երրորդ երկիր: Եթե դեռեւս 40 տարի առաջ Թուրքիայում բնակվում էր 150 հազարից ավելի հայ, այսօր մեր համայնքը 50 հազարանոց է:
Պատմական արդարության վերականգնման գինն ու նպատակը լավ չպատկերացնելով, կարելի է եւ ոգեւորվել, երբ ԱՄՆ-ի պես հզոր պետությունը փորձ է անում ճանաչել մեր ողբերգությունը: Սակայն մեր մյուս ողբերգությունը թերեւս այն է, որ այդ ճանաչման փորձից դարձյալ օգտվում ենք ոչ թե մենք, այլ հենց ցեղասպանություն կատարած պետությունը` Թուրքիան՝ միջազգային հանրության կարծիքն ու հորդորը հաշվի չառնելով` Իրաքի հյուսիս մտնելու իր դիտավորությամբ:
Ցեղասպանության ճանաչման այն ձեւերն ու մեթոդները, որոնք կիրառում են մեր իշխանությունները, հնացած են: Աշխարհաքաղաքական նոր մշակույթի պայմաններում թերեւս առավել տեղին է սպասել նոր սերնդի հայ եւ թուրք քաղաքական գործիչների, պատմաբանների երկխոսությանը, որոնք պակաս զգացմունքային են եւ տիրապետում են դիվանագիտության նորագույն գործիքներին: