Արձագանքում են աշակերտները

23/10/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օրեր առաջ խմբագրություն զանգահարած կնոջ խոսքերն ուղղակի շշմեցրին ինձ: Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենն էր, ով խնդրում էր սոցիալապես անապահով ընտանիքներից մեկի մասին մեր հրապարակման հերոսների հասցեն:

Ասում էր, որ հետեւում են մեր թերթում հրապարակված բոլոր ընտանիքների մասին նյութերին եւ այդ նյութերը դասարանում բարձրաձայն կարդում են աշակերտների համար. «Ուզում ենք, որ երեխաները տեղյակ լինեն, թե ինչ բան է կյանքը: Թող իմանան, որ իրենց հարեւանությամբ ապրող մարդիկ իրենց օգնության կարիքն ունեն: Երբ կարդացինք «Մեր ապագան վաղը հայտնվելու է փողոցում» հոդվածը, շատ ազդվեցինք, երեխաները հուզվել էին: Պատկերացրե՛ք, որ որոշել են գումար հավաքել եւ խնդրել են հասցեն իմանալ, որպեսզի դասարանով գնանք այդ հոդվածի հետեւից` Սոնայենց տուն»,- ասում էր տիկինն, ով վկայեց, որ աշակերտներն ու ուսուցիչները կամավոր կերպով գումար են հավաքել, որպեսզի սնունդ գնեն եւ տանեն Սոնայենց տուն: Ոմանք էլ պատրաստակամություն են հայտնել հագուստ տրամադրել նրանց: Մեզ զանգահարող մանկավարժի մոտեցումը հաճելիորեն զարմացրեց ինձ, ասում էր` «Հաճախ մենք չենք նկատում մեր հարեւանությամբ ապրող օգնության կարիք ունեցող մարդկանց: Ուզում եմ, որ երեխաներն այնպես կրթվեն, որ սիրեն նրանց»:

Ամիսներ առաջ էլ Էրեբունի համայնքում գտնվող քոլեջի ղեկավարները սաների հետ այցելել էին «Երեխան քաղցից գիշերը չէր քնել» հոդվածի հերոս Լիանայենց տուն: Նրանք նույնպես գումար էին հավաքել, գնումներ էին կատարել եւ փորձել էին ինչ-որ կերպ աջակցել այս ընտանիքին: Լիանայի ուրախությունը հնարավոր չէ նկարագրել, անընդհատ ասում էր` «Խոստացել են նորից գալ: Իմ համար կարեւորը նրանց բերածը չէ, կարեւորն ուշադրությունն է: Կարեւոր է, երբ քեզ մենակ չես զգում»:

Այն, որ շարքային ուսուցիչն ու շարքային աշակերտը պակաս կարիքավոր չեն` փաստ է, սակայն նրանց մեջ խոսում է մարդասիրությունն ու մեծահոգությունը:

Մեր բարձրաստիճան պաշտոնյաները վերջերս սկսել են քննարկել դժոխքի ու դրախտի թեման` այն ինչ-որ կերպ պայմանավորելով երկրային կյանքում մեր ունեցած նյութականի կառավարումով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ որոշել է իր երկրի քաղաքացիների հետ երկխոսություն վարել, հավանաբար ուզում է սիրել իր ժողովրդին: Մեր երկրի ղեկավարների համար գուցեեւ պետք է օրինակ լինի աշակերտների տրամաբանությունը, ովքեր ոչ այնքան կարեւորում են նյութը, որքան սերը: Նրանք գնում են Սոնայենց տուն` ասելու, որ սիրում են նրանց, եւ նրանք մենակ չեն: Հայաստանի աշակերտները չեն ընդունում փայլուն սկուտեղի վրա մատուցված այն գեղեցիկը, որը կեղծ է միայն այն պատճառով, որ այդ կեղծ գեղեցիկի կողքին կան ամոթալի, ցավալի երեւույթներ: Նրանք ուզում են ճանաչել այն, ինչը մեր ղեկավարները հակված չեն ի ցույց դնել:

Մեր թերթում անդրադարձել էինք նկարում պատկերված Հարություն եւ Շուշան տարեց ամուսինների ծայրահեղ վատ վիճակին: Այդ հրապարակումից շատ չանցած մահացել էր նրանց հիվանդ որդին` 35-ամյա Արթուրը, որի հուղարկավորության համար անգամ դագաղի հարցում չէին օգնել համայնքային իշխանությունները: Այս ծերունիների վիճակը կարելի էր շատ երկար ու ցավոտ նկարագրել, եթե այդ տեսարանից հոգիդ այնքան ծանրացած չլիներ, որ կարողանայիր տեսածից հետո մտքերդ ձեւակերպել: Տեսողությունը կորցրած Շուշան տատիկի հետ հնարավոր չեղավ խոսել, նա ամեն օր, ամեն ժամ բարձրաձայն ողբում է որդու մահը: Նրանք անգամ ցամաք հաց չունեն, ապրում են միայն նրա համար, որովհետեւ չեն մեռնում: Հարություն պապիկը չի կարողանում դիմանալ կնոջ տանջանքներին, անընդհատ իրեն դուրս է գցում, որ լաց լինի, թեթեւանա: Ծերունիներն անգամ նպաստ չեն ստանում, իսկ թոշակով նույնիսկ հաց չեն կարողանում գնել:

Հարություն պապի ու Շուշան տատի ծայրահեղ վատ վիճակի մասին գրել չի լինում, որովհետեւ նրանց պետք է տեսնել: Որովհետեւ նրանց տեսնելու համար գուցեեւ մեր ղեկավարներն իրենց խնայում են: Վաղը, հավանաբար, նրանց այցելության կգնան մեր երկրի այն աշակերտներն, ովքեր ուզում են ճանաչել այս ծերերին: Ծնողներին կստիպեն, որ սիմվոլիկ գումար տան իրենց, որպեսզի կույր տատիկի համար հաց գնեն: Ու եթե այս աշակերտները վաղը-մյուս օրը դառնան մեր ղեկավարները, հավատացե՛ք, որ մեր երկրում կգնահատվի ոչ թե նյութը, այլ` մարդկային հատկանիշները, որոնք, ավելի քան երբեք, այսօր անհրաժեշտ են մեզ բոլորիս: