Օրեր առաջ տեղի ունեցավ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի եւ նրա որդու` Վահեի «Հրաշագործի աշունը» վավերագրական ֆիլմի պրեմիերան` նվիրված մեծ Պոետ Տոնինո Գուերային, ով այս օրերին Հայաստանում է:
Ռուբեն Գեւորգյանցն առաջին անգամ Տոնինո Գուերայի մասին լսել է Սերգեյ Փարաջանովից, ով ասել է. «Դու չե՞ս ճանաչում Տոնինոյին, ուրեմն դու դժբախտ մարդ ես»: Լսել Տոնինո Գուերայի մասին, կարդալ նրա բանաստեղծությունները, տեսնել նրա նկարները, դիտել նրա սցենարներով նկարահանված ֆիլմերը՝ դեռ բավական չէ նրան ճանաչելու համար: Տոնինո Գուերային հարկավոր է տեսնել ու զրուցել նրա հետ, հասկանալ նրա` ամենայն հանգստությամբ ասված պարզ ճշմարտությունները, զգալ նրա վիթխարի ներուժը, արարելու ցանկությունը, պաթոսից զուրկ փիլիսոփայությունը, հումորն ու բարությունը: Հայաստանը հնարավորություն ստացավ ծանոթանալ ու ճանաչել այդ հրաշագործ իտալացուն դեռ անցյալ տարի, երբ Գուերան, որպես «Ոսկի ծիրան» կինոփառատոնի հյուր, Երեւան ժամանեց: Անցել է մեկ տարի, ու նա կրկին Հայաստան է եկել՝ իր հետ բերելով սեփական նախագծերով արված լապտեր-քանդակներն ու իր ընկերներին: Նա եկել է եւ երախտագիտության խոսքեր է ասում մեր փոքրիկ երկրի մասին, որն «ուղղահայաց ճամփորդությունների երկիր» է անվանել: Փաստ է, որ մեր երկրի մասին ասված իր այդ հեղինակային ձեւակերպումը երբեք չի մոռացվի: «Հրաշագործի աշունը» ֆիլմի պրեմիերայից առաջ նա ասաց, որ Հայաստանի Պատմության թանգարանի տնօրենն ասել է իրեն. «Մեր երկիրը փոքր է, սակայն բոլորս էլ գիտենք, որ ժամանակն է տարածություն ստեղծում»: «Ձեր երկրում այնքան խտացված ժամանակ կա, որ տարածությունը լայնանում է, դեպի խորքերն է գնում: Ես տեսա բարձր լեռներում գտնվող ձեր վանքերը, զգացի, թե ինչպես են համեստ վանականները սեփական ձեռքերով քարերը փափկացրել ու եկեղեցիներ կառուցել: Նրանք ցանկացել էին մահից հետո թաղվել վանքի մուտքի մոտ, որպեսզի բոլոր ներս մտնողները քայլեն իրենց վրայով: Ես էլ քայլեցի ու զգացի, որ պատմությունը դեպի խորքերն ու դեպի վեր է ձգվում»,- ասաց նա: Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում եղած ու բարձր պարգեւների արժանացած Պոետը նվիրեց մեզ այս գեղեցիկ բառերը: «Ես արդեն ծեր մարդ եմ, եւ յուրաքանչյուր ծեր մարդու նման՝ երբ պառկում եմ քնելու` վախի զգացում եմ ունենում ու սկսում եմ լավ բաների մասին հիշել: Հիմա, երբ պառկեմ քնելու` Հայաստանն եմ հիշելու,- ասաց Գուերան եւ խորամանկ ժպիտով ավելացրեց,- Մի մոռացեք, որ կա մի բան, որը երբեք չպիտի քնի, դա ձեր ֆանտազիան է: Երեւակայությունը պետք է միշտ լավ մարզավիճակում լինի: Մարզեք ձեր երեւակայությունն այնպես, ինչպես մարզում են մարմինը: Հայաստանը դարձավ իմ ֆանտազիայի մարզիչը, ես երկար ժամանակ բանաստեղծություններ չէի գրում, իսկ Հայաստանում` հենց հյուրանոցի իմ համարում, նորից սկսեցի գրել»:
87-ամյա Տոնինո Գուերայի տուն մարդիկ գնում են ներշնչանք ստանալու համար: «Մարդիկ հիմա հեռանում են գեղեցկությունից, երիտասարդները մտահոգված են փող աշխատելու, սեփական մարմինները գեղեցկացնելու պրոբլեմներով, նրանք կոսմետիկ պրոցեդուրաներ են ընդունում, ֆիտնես են գնում: Ես կնախընտրեի, որ նրանք ավելի շատ ոչ թե մարմինը, այլ` իրենց մտքերը կարգի բերեին: Բայց ես ժամանակավոր երեւույթ եմ համարում, շուտով այդ անձրեւը կվերջանա, ու կրկին արեւ դուրս կգա: Կյանքը միշտ հիանալի է»,- ասում է Տոնինո Գուերան: Լավատեսությունը կյանքի բույրը համարող Պոետն իր ներկայությամբ անգամ հավատացնում է, որ կյանքը մեզ ի վերուստ տրված նվեր է, եւ նրանից դժգոհելն ու բողոքելն անիմաստ է: Հետաքրքիր է, որ հենց այդ միտքը դարձավ Ռուբեն Գեւորգյանցի ֆիլմի ելակետը: Ընդհանրապես Գուերայի մասին ֆիլմ նկարահանելը շատ հեշտ է, նա այնքան համակրելի զրուցակից է, այնքան յուրահատուկ ու գաղտնիքներով լի տուն ունի, որ հերիք է նրան պարզապես նկարել ու խոսք տալ, եւ ֆիլմը պատրաստ կլինի: Ռուբեն եւ Վահե Գեւորգյանցները զերծ մնացին պարզապես դիտողական ֆիլմ նկարահանելու գայթակղությունից, նրանք ստեղծեցին ֆիլմ ընդհանրապես ստեղծագործողի մասին: Մեկ ամիս Պենաբիլե փոքրիկ քաղաքում գտնվող Գուերայի տանն ապրելուց ու նկարահանելուց հետո, Ռուբեն Գեւորգյանցը զգաց, որ կարող է եւ ավարտին չհասցնել իր ֆիլմը, որ հաճախ ճակատագիրը մոտեցնում է կյանքի ավարտը` բնավ էլ հաշվի չառնելով մարդու ցանկությունները: Սեփական վիրահատությունը ու ժամանակի պակասի վախը ռեժիսորը ֆիլմի մեջ տեղադրեց: Եվ Գուերայի կերպարի կողքին կանգնեց ժամանակի կերպարը: Այն ժամանակի, որը տարածություն է ստեղծում եւ այդ տարածությունը բնակեցնում է ֆանտազիայով: Տոնինո Գուերան, օրինակ, իր տան ու այգու մեջ մի ողջ աշխարհ է տեղավորել: Իր տուն են գալիս դպրոցականների շարանները, պաշտոնյաները, Դալայ-լաման, վարսավիրն ու վարորդը… Գուերայի տան դռները երբեք չեն փակվում, այնտեղ ամեն ինչ ներդաշնակ ու բարի է` կատուները համերաշխ ապրում են Միքելանջելո Անտոնիոնիի նվիրած Բաբա շան կողքին, Փարաջանովի գորգերի կողքին Ֆելինիի նկարները, Գուերայի քանդակները, իր կնոջ` Լորայի հարազատների լուսանկարներն են (որոնց մեջ, ի դեպ, կա նաեւ սենյորա Լորայի հայ տատիկի լուսանկարը, ով Կարսի նահանգապետի դուստրն է եղել):
Գուերան ամեն ինչ իր ձեռքերով է սարքում` նկարները, շատրվանները, այգին ու սեփական շրջապատը: Նա Անդրեյ Տարկովսկու հիշատակին նվիրված մատուռ է կառուցել, մուտքն էլ զմռսել է ու դռան վրա խխունջներ է քանդակել: Իսկ Ֆեդերիկո Ֆելինիի ու Ջուլիետա Մազինայի քանդակները, որոնք աղավնիների տեսք ունեն, օրվա կոնկրետ մի ժամի իրենց ստվերներն են գցում հողին, եւ այդ ստվերները նմանվում են երկու մեծ կինովարպետների դիմանկարներին: Նրա նախագծած այգում կան «հիշողության», «մտորումների», «մոռացված մրգերի», «փառքի չհասած, բայց փառքի ձգտող մարդկանց» հատվածներ: Կա նաեւ Հաղթական կամար, որի տակով անցնելով՝ մարդը հաջողակ ու հաղթական է դառնում: Գուերան համոզված է, որ բոլոր մարդիկ տաղանդավոր են, պարզապես ոմանց տաղանդը չի հասցնում փարոսի նման լուսավորել աշխարհը, եւ միայն մոմի լույս է մնում ու ջերմացնում շատ մտերիմ մարդկանց:
«Կանգ առեք եւ հաճույք ստացեք»
«Երջանկությունը հաճույքի պայթյուն է, իսկ արվեստի մարդու համար պայթյունից ավելի կարեւոր են հանգիստն ու կենտրոնացած լինելը: Մարդը հասնում է հանգստության, երբ հեռանում է ցանկություններից: Բայց ես դեռ շատ ցանկություններ ունեմ: Եվ երջանկություն եմ զգում, երբ կարողանում եմ փոքր բացահայտումներ անել: Վերջերս ես, օրինակ, լիակատար երջանկություն զգացի, երբ գեղեցիկ մայրամուտ տեսա, երբ պարզեցի, որ կատվի աչքը կատարյալ ստեղծագործություն է, երբ եղա Ջերմուկում… Եվ էլի շատ ու շատ բաներ կան, որոնք դեռ չեմ հայտնագործել»,- ասաց Գուերան, ով կարողանում է գեղեցիկը տեսնել նաեւ կյանքի մայրամուտին:
«Հրաշագործի աշունը» ֆիլմը, որի անվանումն ուղղակիորեն ակնարկում է Մարկեսի «Նահապետի աշունը» վիպակը, ներկայացված են այն մարդիկ, իրերն ու իրադարձությունները, որոնք եւ ստեղծում են արվեստով ու փիլիսոփայությամբ հագեցած մթնոլորտը: «Մարկեսն իմ լավ ընկերն է, ես շնորհակալ եմ, որ Ռուբենը մեկ անգամ էլ իմ ընկերների հետ շփվելու հնարավորություն տվեց ինձ»,- ասաց Գուերան՝ ֆիլմը դիտելուց հետո:
Նա նկատեց, որ որքան մոտենում է ծերությանը, այնքան շատ է հիշում մանկությունը, հիշողությունը հուշում է իրեն, որ այնպիսի ձյուն, որն ինքը մանուկ հասակում է տեսել, այլեւս աշխարհում չկա, որ խատուտիկի արագ անհետացող թերթիկները հենց այն են, ինչ կյանքն է խորհրդանշում: Կյանքը տոն է դառնում, եթե լավատեսորեն ես նայում, եւ դժոխք է դառնում, եթե փնթփնթում ես: «Իմ այցելությունը Հայաստան՝ տոնով սկսվեց եւ տոնով ավարտվեց: Շնորհակալ եմ ձեզ, ես Իտալիա եմ վերադառնում լիցքավորված: Հայաստանը փոխեց ինձ, եւ ես հասկացա, որ դուք կարող եք աշխարհին տալ այդ կարեւոր զգացողությունը, որը փոփոխություն է կոչվում: Ձեզ հարկավոր է միայն ուղիղ ավիաչվերթեր ապահովել` դեպի Եվրոպա, ու կարգի բերել ճանապարհները: Հայաստանի հրաշքները տարբեր անկյուններում են թաքնված, լավ կլինի, որ դրանք կապված լինեն իրար հետ, այդ ժամանակ իմ նման երիտասարդ ու առույգ մարդկանց համար ավելի հեշտ կլինի դրանք տեսնել: Ղեկավարներ, մտածեք այդ մասին»,- ասաց Տոնինո Գուերան` միայն իրեն հատուկ կարողությամբ սահուն անցումներ անելով՝ թեթեւությունից դեպի հրատապություն: Իսկ մեզ նա խորհուրդ տվեց գոնե մեկ-մեկ հայացք նետել մեր հայտնի հայրենակիցների` Սերգեյ Փարաջանովի ու Մարտիրոս Սարյանի աշխատանքների վրա. «Նայելով Փարաջանովի երեւակայության պայթյուններին ու Սարյանի գունեղ կերպարներին, դուք կզգաք, որ հարկավոր է կանգ առնել, մտածել, վերացարկվել իրականությունից ու հաճույք ստանալ»:
Տոնինո Գուերան հանդիպեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: «Ես ծանոթացա ձեր վարչապետի հետ ու զարմացա, որ նա այդքան երիտասարդ է: Ճիշտն ասած, ես նրան երկար մորուքով ծերունի էի պատկերացնում, իսկ նա շատ երիտասարդ էր: Ես նրան ասացի, որ ուզում եմ նվեր անել Երեւանին ու շատրվան նվիրել քաղաքի տարեդարձի առիթով»,- ասաց Գուերան: Նրա նախագծած շատրվանը հավանաբար կտեղադրվի հաջորդ տարի ու ջրի, քարի ու մտքերի յուրահատուկ զրույց կլինի: Մենք էլ կստանանք այդ մեծ վարպետի ստեղծագործություններից մեկը, որն անպայման լավատեսություն կբերի մեր քաղաքին:
Հ.Գ. Տ. Գուերայի այցի համար շնորհակալ ենք անձամբ Արմեն Մազմանյանին, ով կարողացավ ցույց տալ այն Հայաստանը, որը հետաքրքրեց Մեծ Վարպետին։