Պետդեպարտամենտը զավզակությո՞ւն է արել

20/10/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի ընդունումից հետո տեղեկություն հայտնվեց այն մասին, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են ՀՀ մոտ 100 քաղաքացիների, ովքեր խախտել են Թուրքիայի հետ վիզային ռեժիմը:

Թուրքիայի վարչապետի խորհրդականն արդեն հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատժամիջոցներ իրականացնի ՀՀ-ի դեմ, եւ, որ Թուրքիայի իշխանություններն արդեն կազմել են այն գործողությունների ցանկն ու ժամանակացույցը, որ պետք է իրականացնեն, իսկ վարչապետ Էրդողանն արդեն տվել է անհրաժեշտ հրահանգները: Տեղեկություններ կան այն մասին, որ Թուրքիան կարող է չեղյալ հայտարարել Ստամբուլ-Երեւան չվերթները, ու ընդհանրապես փակել ՀՀ-ի հետ նաեւ օդային սահմանը: Թուրքիայի իշխանությունները կարող են նաեւ թույլ չտալ, որ շուրջ 4 հազար բեռնատարներ Թուրքիայից Վրաստանի տարածքով ապրանքներ տեղափոխեն ՀՀ (Թուրքիայի հետ Հայաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը մոտ 90 միլիոն դոլար է): Հակառակ Թուրքիայի վարչապետի խորհրդականի հայտարարություններին, երեկ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Փաստարկ» ակումբում հայտարարեց, թե Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկը չի խոսել կոնկրետ պատժամիջոցի մասին: Ըստ նրա, միակ բանը, որ ասվել է, եղել է այն, թե Թուրքիայում կստեղծվի հակաամերիկյան հասարակական կարծիք, իսկ մնացած բոլորն, ըստ բանախոսի՝ մեկնաբանների կարծիքներ են: Կ. Մանոյանի խոսքերով՝ այն, ինչ Թուրքիան կարող է կիրառել մեր երկրի նկատմամբ, այն է, որ թույլ չտա ընդհանրապես իր տարածքով բեռներ գան Հայաստան: «Սակայն այդ առումով արդեն արգելք կա»,- նշում է նա: Ինչ վերաբերում է օդային սահմանի փակմանը, ապա Կ. Մանոյանը նշում է, թե այն փակել էին նաեւ պատերազմի տարիներին, սակայն հետո բացեցին, որովհետեւ դա վնասում էր ավելի շատ ոչ թե Հայաստանին, այլ՝ Ադրբեջանին: Հավանական մյուս պատժամիջոցն էլ Թուրքիայից ՀՀ քաղաքացիներին վտարելն է, սակայն Կ. Մանոյանն այստեղ էլ մխիթարող մոտեցումներ ունի: Ըստ նրա, նախ՝ այն քաղաքացիների թիվը, ովքեր ձերբակալվել են վիզային ռեժիմի խախտման համար, այդքան մեծ չէ, որքան գրել էր միջազգային մամուլը, եւ, բացի դրանից, այդ պատժամիջոցը կիրառվում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ բոլոր այն օտարերկրացիների հանդեպ, ովքեր ունեն վիզայի ժամկետի սպառման խնդիր: Ու թեեւ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում 106-րդ բանաձեւի աջակիցների թիվը նվազել է (ըստ որոշ տեղեկությունների, իրենց ստորագրությունները հետ են վերցրել մոտ 10 կոնգրեսականներ), սակայն Կ. Մանոյանը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում կհաստատի այդ բանաձեւը: Թուրքերը, ըստ նրա, վախենում են, որ թեեւ բանաձեւն իրավական ուժ չունի, սակայն հայերը դա կարող են այլ նպատակներով օգտագործել: Իսկ ովքե՞ր են այդ հայերը, որ պետք է այլ նպատակներով օգտագործեն ԱՄՆ-ի ընդունած բանաձեւը: Հայաստա՞նն է, թե՞ Սփյուռքը, որ պետք է պահանջներ ներկայացնի Թուրքիային: «Բանաձեւի որդեգրման հետ կապ չունի մեր պահանջներ ներկայացնելը, իրավունք ունենալը: Ընդհանրապես ցեղասպանություն ճանաչել-չճանաչելու հետ կապ չունի մեր իրավունքների խնդիրը: Մեր իրավունքները ոչ Ցեղասպանությամբ սկսվում են, ոչ Ցեղասպանությամբ վերջանում են, որովհետեւ հիմնական փաստաթուղթը Սեւրի պայմանագիրն է, եւ Սեւրի պայմանագիրը պետությունն է ստորագրել, ՀՀ-ն մենք նկատում ենք Առաջին Հանրապետության իրավահաջորդ, ժառանգորդ, եւ, ուրեմն, հիմնական իրավատերը Հայաստանն է: Դրանից բացի, հայ ժողովուրդը՝ իբրեւ անհատներ, ոչ միայն հավաքականություն, նա էլ խնդիրներ ունի Թուրքիայի հետ,- նշեց Կ. Մանոյանն ու շարունակեց,- Երբ ասում ենք՝ պետությունն իրավատերն է, պետությունն այդ իրավունքից չի հրաժարվել ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, ո՛չ Քոչարյանի օրոք: Հայաստանն ասում է, որ այսօր մենք այդպիսի հարց չենք դնում: Դա չի նշանակում, որ վաղը չենք դնելու»: Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե քանի՞ պետություն պետք է ճանաչի ցեղասպանությունը, կամ ո՞ր պետությունը պետք է ճանաչի, որ դրանից Հայաստանը, բարոյական հաղթանակից, խանդավառությունից բացի, առարկայական ինչ-որ օգուտ ստանա, բանախոսը պատասխանեց. «Թուրքիայի ճանաչումից հետո այլ պետությունների մոտ աշխատանք կգնա: Այլ պետությունների մոտ աշխատանքը հոգեշահ աշխատանք չէ, որ հանկարծ մենք ուրախանանք, գիշերը քնելուց ասենք. «Վայ, ինչ լավ է, նաեւ այս երկիրը ճանաչեց»: Կա քաղաքական ուժի արտահայտություն, որի հետ անպայման հաշվի կնստեն եւ՛ այդ պետությունները, եւ՛ Թուրքիան»: Ըստ նրա, այսուհետ երբ ՀՀ-ին վերաբերող հարց լինի, բոլորը կիմանան, որ ՀՀ-ն իր մեջքին ունի «այսքան քաղաքական ուժ»: «Ցեղասպանության հարցն առիթ է ցույց տալու համար, թե ինչքան քաղաքական ուժ ունենք: Այդ նույն Ամերիկայի հայ համայնքն այս իր նույն քաղաքական ուժով շատ հանգիստ կարող է, օրինակի համար, երբ Սպիտակ տունն ասում է՝ այս տարի 45 միլիոն պիտի տանք Հայաստանի արտաքին օժանդակության մեր ծրագրերում, եթե Ամերիկայի համայնքն ասի՝ չէ, նույնն ես պահելու, շատ հանգիստ Կոնգրեսը դեմ կգնա Սպիտակ տանը եւ հայ համայնքի կողմից ներկայացված թիվն է, որ կորդեգրի»,- հայկական լոբբի զորությունն այսպես նկարագրեց բանախոսը: Իսկ հարցին, թե այդ դեպքում այդ նույն համայնքն ինչո՞ւ չկարողացավ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի զեկույցում ՀՀ-ի կողմից Ղարաբաղի եւ շրջակա տարածքների «օկուպացիայի» մասին դրույթը հանել, Կ. Մանոյանն այսպես պատասխանեց. «Պետդեպարտամենտի այդ դրույթը նախ պարզ է, որ Պետդեպարտամենտի բարձրագույն մակարդակի հավանությանը չէր արժանացել: Այլապես, կներեք, զավզակություն էր իրենց արածը, որովհետեւ Հայաստանի զեկույցից հանեցին, ադրբեջանականի մեջ պահեցին, վերջը Հայաստանի մասին զեկույցի մեջ ետ վերականգնեցին»: