Բարելավվե՞լ ենք

20/10/2007

«Lրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում, հրապարակել է 2007թ. աշխարհում մամուլի ազատության ցուցիչների զեկույցը: Փաստաթուղթը Հայաստանում նախորդ տարվա համեմատ որոշ առաջընթաց է արձանագրել: «Ավելի շուտ, ստատուս-քվոն տարածաշրջանում պահպանվել է, որոշ չափով բարելավում կա Հայաստանում եւ Վրաստանում»,- ասել է կազմակերպության եվրոպական եւ ԱՊՀ երկրների գծով պատասխանատու Էլզա Վիդալը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ԱՊՀ երկրների մասով ի՞նչ հիմնական տարբերություններ կան 2006-2007թթ. զեկույցների միջեւ: «Հայաստանում եւ Վրաստանում տեսնում ենք որոշ բարելավում, հատկապես` տեղեկատվությունը հանրությանը հասանելի դարձնելու հարցում»: Այս զեկույցում 169 երկրների շարքում Հայաստանը 77-րդն է, Վրաստանը` 66-րդը: Իսկ Ադրբեջանի վերաբերյալ, որն աղյուսակում 139-րդն է, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է. «Ադրբեջանի իշխանությունները խուլ են մեր բողոքների հանդեպ եւ որոշել են դադարեցնել մեզ հետ երկխոսությունը: Նրանք չեն ցանկանում համագործակցել մեզ հետ: Նրանք կարծում են, որ եթե չպատասխանեն մեր բողոքներին, մենք այլեւս հարցեր չենք տա, բայց մենք շարունակում ենք բացատրություններ պահանջել 7 լրագրողների մասին, որոնք մինչեւ հիմա գտնվում են մեկուսարանում»: «Նրանցից մի քանիսի նկատմամբ շինծու մեղադրանքներ են առաջադրվել հենց այն ժամանակ, երբ իշխանությունների համար անցանկալի հոդվածներ են հրապարակել,- ընդգծել է Էլզա Վիդալը` հավելելով,- Դա է բացատրությունը, թե մամուլի ազատությունների առումով ինչո՞ւ է Ադրբեջանը Կովկասում համարվում ամենավատ ցուցիչով երկիրը»: Զեկույցում նշված է, որ Թուրքիան տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ այս ընթացքում լրագրող է սպանվել. ծայրահեղ ազգայնականների կողմից սպանվել է հայ փոքրամասնության «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի, մամուլի ազատությունների առումով աշխարհում ամենաազատ երկրներն են Իսլանդիան, Նորվեգիան, Էստոնիան: Աղյուսակը եզրափակում են Չինաստանը, Բիրման, Կուբան, Իրանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան: