Նորը լավ մոռացված հինն է,- վստահեցնում է Հմայակ Հովհաննիսյանը

20/10/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքին, որը հրավիրել են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն հրաժարվել են մասնակցել մի շարք ընդդիմադիր հզոր ուժեր` «Ազգային Միաբանություն», ԱԺՄ, «Նոր Ժամանակներ» եւ այլն: Չե՞ք գտնում, որ սա այլեւս ապացուցում է, որ ընդդիմությունը դատապարտված է հրաժարվել միասնական թեկնածուով հանդես գալու հեռանկարից:

– Միանգամից ասեմ, որ մեզանում հզոր ընդդիմադիր ուժ չկա: Եթե հզոր ընդդիմադիր ուժ լիներ, ապա ԱԺ ընտրություններից հետո, երբ ընդդիմությունն ամբողջովին դուրս դրվեց ԱԺ-ից, այդ «հզորները» գոնե մի 2,5 մարդ կհանեին փողոց ու կբողոքարկեին կեղծված ընտրությունների արդյունքները: Եթե ասում եք` «հզոր ընդդիմադիր ուժ», դա կնշանակի` դուք ընդունում եք, որ ԱԺ ընտրությունները ահավոր ձեւով կեղծվել են: Սակայն, եթե ընտրություններն իսկապես կեղծվել են, եւ իրենք հզոր են, ապա դրանից հետո ինչո՞ւ իրենք չկարողացան բողոքավոր ժողովրդին հանել փողոց: Իսկ ինչ վերաբերում է հարցին, ապա` ոչ, չեմ գտնում, որ այդ գաղափարը դատապարտված է, որովհետեւ միասնական թեկնածու ասվածն, իմ կարծիքով, նշանակում է` բողոքավոր ընտրազանգվածի միասնական թեկնածու: Այսինքն` իրադրությունից դժգոհ ընտրազանգվածի միասնական թեկնածուի մասին ենք մենք խոսում, եւ ես այդ համատեքստում որեւէ նշանակություն չեմ տալիս այսօրվա ընդդիմադիր կուսակցություններին եւ կուսակցապետերին: Այն, որ այսօրվա ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց կուսակցապետերը որեւէ ազդեցություն չունեն ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի վրա, ցույց տվեց հետընտրական ժամանակաշրջանը, երբ այդ կուսակցապետերը չկարողացան իրենց շուրջ համախմբել ԱԺ ընտրությունների արդյունքներից դժգոհ ընտրազանգվածին եւ առաջնորդել նրանց բողոքի դրսեւորումների անցկացման ճանապարհը:

– Խոսքն առաջիկա ընտրությունների մասին է, ոչ թե նախորդ, եւ չե՞ք կարծում, որ գոնե այս ընտրություններին ընդդիմությունը, եթե, իհարկե, չի ցանկանում կրկնել ԱԺ ընտրությունների արդյունքները, պետք է ունենա միասնական թեկնածու, ինչի կարեւորության մասին տարբեր ուժեր բարձրաձայնում են:

– Հարցադրումը շինծու է. 1998թ. էլ, երբ անխտիր բոլոր կուսակցություններն ու կուսակցապետերը քարկոծում էին Կարեն Դեմիրճյանին, ընտրություններից հետո իրավիճակից դժգոհ ընտրազանգվածը համախմբվեց նրա շուրջ եւ` անտեսելով տարբեր կուսակցապետերի, այդ թվում նաեւ՝ այն կուսակցապետերին, որոնք այսօր իրենց ամպագոռգոռ հայտարարություններով դեմ են, գնացին Դեմիրճյանի հետեւից: Այսօրվա ընդդիմադիր կուսակցություններն ու կուսակցապետերը չեն վայելում ընդդիմադիր ընտրազանգվածի վստահությունը, եւ նրանց դիրքորոշումը որեւէ նշանակություն չունի նրանց համար: Դուք փողոցում մարդկանց հետ շփվեք, կտեսնեք, որ իրենց համար այդ մարդիկ եւ իրենց դիրքորոշումները, ում դուք թվարկում եք, նշանակություն չունեն: Եթե ուզում եք իմանալ, հենց այս հոգեվիճակն է դարձել պարարտ հող Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային քաղաքականություն վերադառնալու համար: Եթե չլինեին այդ տրամադրությունները, այդ վերադարձն անձնային կլիներ: Բայց քանի որ սուրբ տեղը դատարկ չի մնում, եւ քանի որ այսօր բացարձակապես բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները վարկաբեկվել են, վստահություն չեն ներշնչում` դրա համար հրապարակ դուրս եկավ Տեր-Պետրոսյանը: Մինչեւ այս պահը ոչ մի ընդդիմադիր ուժ չէր խոսում, հետընտրական ամսին նրանք չէին խոսում, չէին երեւում այդ մարդիկ, թե՞ թփերի տակ էին, թե՞ տանն էին թաքնվել` պարզ չէ: Հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն ակտիվացավ, նրանք էլ թփերի տակից դուրս եկան ու ակտիվացան: Ի դեպ, 1996թ. հայտնի իրադարձություններից հետո ընդդիմությունը մեզ մոտ չկարողացավ կազմակերպվել եւ պարտության մատնել վարչակազմին: Միայն 1998թ. տեղի ունեցավ պալատական հեղաշրջումը, ընդդիմությունն այդ ժամանակ էլ վարկաբեկված էր, որովհետեւ Լ. Տեր-Պետրոսյանը հեռացավ ոչ թե ընդդիմության ջանքերով, ոչ թե ընդդիմության կողմից պարտության մատնված, այլ հեռացավ ներիշխանական զարգացումների արդյունքում: Այդ ժամանակ ընդդիմության հիասթափության ֆոնի վրա քաղաքականություն վերադարձավ Կարեն Դեմիրճյանն ու, չնայած բոլոր կուսակցություններն ու կուսակցապետերը նրան սվիններով դիմավորեցին, այնուամենայնիվ, ընդդիմադիր տրամադրություններով տոգորված ընտրազանգվածը գնաց Դեմիրճյանի հետեւից, ոչ թե Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի կամ մեկ ուրիշի: Դրա համար եմ ասում, որ իրավիճակները շատ նման են իրար այն առումով, որ եւ՛ 1998-ին, եւ՛ այսօր ընդդիմությունը պարտված է, ընդդիմադիր տրամադրություններով տոգորված ընտրազանգվածը հիասթափված է բոլոր կուսակցապետերից եւ ինչ-որ նոր մարդու է սպասում: Իսկ նոր մարդը դա միշտ լավ մոռացված հին մարդն է:

– Չե՞ք կարծում, որ այսօրվա եւ 1999թ. իրավիճակները տարբեր են գոնե այնքանով, որ այն ժամանակ Վազգեն Սարգսյանն իշխանության մեջ էր, եւ տիրապետում էր իշխանության բավական լուրջ լծակների: Եվ Կարեն Դեմիրճյանը դաշինք կազմեց քաղաքական հզոր գործչի հետ:

– Այո, դա 1999թ. էր: Իսկ 1998թ. Վազգեն Սարգսյանն առաջինն ինձանից է իմացել Կ. Դեմիրճյանի առաջադրվելու մասին: Նա ապշած էր, դա նրա համար անակնկալ էր: Նա ինձ հրավիրել էր որոշակի պայմաններով օգնել իրեն, որովհետեւ այն ժամանակ ուզում էին, որ նա ստանձնի Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարի պարտականությունները: Բայց հետագայում ինքը հրաժարվեց այդ պարտականությունից: Միայն 1999թ. տեղի ունեցավ «Միասնություն» դաշինքի ստեղծումը:

– Իսկ ձեր կարծիքով` Լ. Տեր-Պետրոսյանն այսօրվա թիմով նախագահական ընտրություններում հաղթանակ ապահովելու շանսեր ունի՞:

– Դուք գիտե՞ք նրա այսօրվա թիմը: Ես չգիտեմ:

– Ստեփան Դեմիրճյան, Արամ Զ. Սարգսյան, ՀՀՇ, «Այլընտրանք»…

– Բայց որքան ես գիտեմ, Ս. Դեմիրճյանն ու Արամ Զ. Սարգսյանը հայտարարել են, որ Լ. Տեր-Պետրոսյանի թիմը պետք է ձեւավորեն ոչ թե կուսակցություններ, այլ` անհատականություններ: Ինքս էլ եմ ասել, որպեսզի Տեր-Պետրոսյանը հաջողության հասնի, նրա թիմը պետք է ձեւավորվի անհատականություններից, քանի որ այսօր կուսակցությունները չեն վայելում ժողովրդի վստահությունը: Բոլորը վարկաբեկված են ժողովրդի աչքում` անխտիր բոլորը: Կուսակցություններն ինչ-որ թվեր են կրակում` մեկը 400.000 անդամ ունի, մյուսը` 100.000… դա ռեալ չի: Մեզանում նրանք վարկաբեկված են: Բայց իսկապես ես դեռ չգիտեմ, թե ովքեր են Տեր-Պետրոսյանի թիմում: Երբ նա կհայտարարի իր որոշման մասին, պետք է նաեւ ներկայացնի իր թիմը: Սեպտեմբերի 21-ին «Մարիոթում» եմ տեսել նրա թիմին, որն իր հետ անցել է այն ուղին, որը բերեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Բայց դա նրա հին թիմն էր, որով ինքը լուծեց Հայաստանի անկախացման խնդիրը, եւ դա պատեհ էր այդ օրվա խորհրդին: Իսկ նոր թիմին մենք ծանոթ չենք, որի հետ պետք է լուծի ապագայի խնդիրները: Նա պետք է ունենա նաեւ իր նոր թիմը: Եթե հոկտեմբերի 26-ի հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարի իր առաջադրման մասին, որը միանգամայն սպասելի է, ապա դա կնշանակի, որ Արամ Զ. Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանն, այո, իր թիմում են: Բայց պարզ է, որ միայն նրանք չեն, եւ մյուս մարդկանց, կարծում եմ` կներկայացնի առաջիկայում, եւ մենք կտեսնենք, թե ովքեր են այն մարդիկ, ում հետ միասին ինքը մտադիր է լուծել երկրի ապագայի խնդիրները: Ինձ թվում է, դրանք պետք է լինեն այն մարդիկ, ովքեր իր նախագահության շրջանում չեն զբաղեցրել պաշտոններ գործադիր իշխանությունում: Այն մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք պաշտոններ են զբաղեցրել, նրանք իրենց առաքելությունն արդեն կատարել են եւ այլեւս չեն կարող ներկայացնել Տեր-Պետրոսյանի՝ որպես ապագայի քաղաքական գործչի կերպարը:

– Կոնկրետ անուններ կասե՞ք, որոնք չպետք է լինեն նրա կողքին:

– Ես այդ հարցը չեմ անձնավորում: Ես ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի անողոք քննադատն եմ եղել: Իմ քննադատությունը ճիշտ ժամանակին էր եւ օգնել է սրբագրել որոշ սխալներ: Այսօր նրանց քննադատելը համարում եմ ժամանակավրեպ եւ գտնում եմ, որ այսօր պետք է նայել առաջ:

– Արամ Կարապետյանը նախօրեին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ գրազ եկավ, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու են ինքն ու Սերժ Սարգսյանը: Համաձա՞յն եք, եւ ձեր կարծիքով` քանի՞ փուլով են ավարտվելու ընտրությունները:

– Նկատի ունենալով, որ հավակնորդների թիվը մոտենում է տասի եւ, համենայնդեպս հինգից ավելի է` երկրորդ փուլն անխուսափելի է: Տարրական հաշվարկը ցույց է տալիս, որ եթե թեկնածուների թիվը պատկառելի է` մեկ փուլով չեն ավարտվում ընտրությունները: Արամ Կարապետյանի մասով պետք է մի պարզ բան ասեմ. եթե հաշվի առնենք այն, որ Ա. Կարապետյանն ու Սերժ Սարգսյանն աշխարհաքաղաքական իրենց ընկալումներով ռուսամետ են եւ, քանի որ հնարավոր է թավշյա հեղափոխություն, կարծում եմ` իմ լավ բարեկամ Արամ Կարապետյանը, այնուամենայնիվ, անզգուշություն է ցուցաբերել այդ հարցում: Իմ կարծիքով` երկրորդ փուլ են դուրս գալու Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, Արամ Կարապետյանը մի անգամ արդեն իր գրազը տարվել է Արամ Աբրահամյանին, եւ, կարծում եմ, Ա. Աբրահամյանը համեստություն է դրսեւորում` չբարձրաձայնելով իր հաղթանակը: Այնպես որ` Արամ Կարապետյանն այս անգամ էլ կպարտվի գրազը: