Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան հոկտեմբերի 2-8-ը հարցում է անցկացրել 1000 մարդկանց շրջանակում: Արդյունքները հետաքրքիր են մասնավորապես 2008թ. նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցության տեսանկյունից: Հարցման մասնակիցների 60 տոկոսը «Պատրաստվո՞ւմ եք արդյոք քվեարկել նախագահական ընտրությունների ժամանակ» հարցին պատասխանել է՝ «այո»: Փաստորեն, այն պնդումները, թե հասարակությունն անտարբեր է դարձել ընտրական պրոցեսների նկատմամբ, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: «Ո՞ւմ կտայիք Ձեր ձայնը, եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը» հարցման արդյունքները հետեւյալն են` Արթուր Բաղդասարյան` 11.2 %, Արտաշես Գեղամյան` 10.5 %, Արմեն Ռուստամյան` 0.8%, Վահան Հովհաննիսյան` 3.2 %, Գագիկ Ծառուկյան` 12 %, Լեւոն Տեր-Պետրոսյան` 3.8 %, Սերժ Սարգսյան` 31.8%,Վազգեն Մանուկյան` 3.9%, Րաֆֆի Հովհաննիսյան` 12.3%: Ու թեեւ հարցման ընթացքում մարդիկ տարբեր թեկնածուների անուններ են տալիս, սակայն, եթե նույնիսկ ենթադրենք, որ ընտրություններում ընդդիմությունն, այնուամենայնիվ, հանդես գա մեկ միասնական թեկնածուով (ինչն արդեն իսկ պարզ է, որ չի լինելու), ապա պարզ թվաբանական գումարով այս հարցման արդյունքներով միասնական թեկնածուն կունենա 41.7 % ձայն: