Արդեն հանրահայտ դարձած 106 բանաձեւին Թուրքիայի պատասխանը չուշացավ: Թուրքիայում քննարկվում են Հայաստանի դեմ կիրառվելիք տնտեսական պատժամիջոցները: Առաջին քայլը, թերեւս, այդ երկրում աշխատող մոտ 100 ՀՀ քաղաքացիների ձերբակալությունն էր: ՀՅԴ ներկայացուցիչը փորձեց այս փաստը մեկնաբանել ոչ որպես պատասխան, այլ, որ «Թուրքիան որոշել է խիստ լինել այս (վիզաներ տրամադրելու.- Ա.Գ.) հարցում»: Եթե հաշվի առնենք, որ հարեւան երկրում, տարբեր տվյալներով, աշխատում է 30-50 հազար ՀՀ քաղաքացի, ապա 100 մարդու ձերբակալությունը, արդի հայերենի քաղաքագիտական բառապաշարով ասած` «թիվ չէ»: 100 մարդու ողբերգությունը միշտ էլ կարելի է ստորադասել ընդհանուրի շահին: Եթե, իհարկե, Թուրքիայում բավարարվեն ընդամենն այդքան ՀՀ քաղաքացիներ արտաքսելով: Պաշտոնական վիճակագրությունը հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների շատ համեստ մակարդակ է արձանագրում: Հայկական արտահանումների դեմ մեր հարեւանը, փաստորեն, չի կարող լուրջ պատժամիջոցներ կիրառել: Չի կարող` որովհետեւ մեր տնտեսության համար արտահանումները եղած-չեղած մի հաշիվ են ընդհանրապես, իսկ Թուրքիայի պարագային` մասնավորապես: 2006թ. մենք Թուրքիա ենք արտահանել ընդամենը 2 մլն 370 հազար դոլարի ապրանք: Այդ չնչին թվի մոտ 90 տոկոսը կաշվի արտահանումն է: Կաշվի մթերման ու արտահանման ոլորտը սոցիալական ծավալներ չունի` ոչ աշխատատեղերի քանակի, ոչ էլ եկամուտների բաշխման իմաստով: Ավելին, այն մեր երկրում խիստ մոնոպոլիզացված ոլորտ է, եւ սեփականատերն իր գլխի ճարը կտեսնի: Այլ է պարագան ներմուծման ոլորտում: Թուրքիայից մենք ներմուծում ենք 78 ապրանքախումբ: Դրանց մեջ մեծ մասնաբաժին ունեն սննդամթերքը, հագուստը, օճառ-լվացքի միջոցները, ներկերն ու շինանյութի որոշակի տեսականին: Այս բոլոր խմբերի ապրանքները, թերեւս, ամենաէժանագինն են ներքին շուկայում: Հետեւաբար՝ թուրքական արտադրանքը Հայաստանում երկու խնդիր է լուծում: Ցածր գնի պատճառով՝ դրանց հիմնական սպառողն ամենաանապահով խավն է: Երկրորդ` այս ապրանքների առկայությունը շուկայում գնազսպիչ դեր է կատարում: Ընդ որում, ավելի հաջող, քան մեր Կենտրոնական բանկը: Թուրքական էժան ապրանքների առկայությունը սպառողի համար այլընտրանք է եւ հնարավորություն չի տալիս շուկայում բարձրացնել մի փոքր ավելի որակյալ, այլ երկրներից ներմուծված ապրանքների գինը: Զուտ աշխարհագրական հարեւանի դիրքը հնարավորություն տվեց, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններում մոնոպոլիզմ չհաստատվի: Հարեւան երկրից ապրանքներ ներկրելու ոլորտում բավական մեծ է մանր ու միջին բիզնեսի ներկայությունը: Ապրանքների տեղափոխումն էժան է եւ, որ պակաս կարեւոր չէ` տեխնիկապես ոչ բարդ: Հետեւաբար մատչելի է մանր ու միջին բիզնեսի մասնագիտական լուրջ հմտություններ չունեցող գործարարների համար: Թե որքան աշխատուժ է զբաղված հայ-թուրքական առեւտրում, հայտնի չէ: Չկան ամբողջական ո՛չ պաշտոնական, ո՛չ փորձագիտական գնահատականներ: «Առեւտրում ներգրավված է մի քանի հազար մարդ, ովքեր մեր ներքին շուկայում աշխատատեղ են ստեղծում մի քանի տասնյակ հազար մարդու համար». սա է փորձագիտական գնահատականը: Իսկ պաշտոնապես մեր ներմուծումները 2006-ին կազմել են մոտ 95,5 մլն դոլար: Սա, հարկավ, հեռու է իրականությունից: Ըստ պետական վիճակագրության՝ 2006 թվին միայն 2,4 մլն դոլարի ներկ-ներկանյութ է ներմուծվել, մինչդեռ այդ նույն արժեքի ներկանյութ ամեն օր կարելի է գտնել մեր շուկայում: Տեքստիլ-տրիկոտաժե հագուստի ծավալը մոտ 6 մլն է արձանագրված, որը նույնպես արժանահավատ չէ: Մոտ 3 մլն դոլարի էլեկտրասարքավորումներ են ներկրվել: Համաշխարհային շուկայում հայտնի շատ ընկերություններ (գերմանական, իտալական, ֆրանսիական եւ այլն) մասնաճյուղեր ունեն Թուրքիայում: Մեր ներքին շուկայում հայտնի տնտեսական-կենցաղային սարքավորումներ վաճառող ընկերությունները ներմուծում են նրանց արտադրանքը: Այլ հարց է, որ դրանք սպառողին մատուցվում են՝ որպես եվրոպական արտադրության սարքավորումներ: Իսկ կահույքի վաճառքով զբաղվող խանութներում թուրքական արտադրության կահույք երբեք չեք հանդիպի: Սակայն անցած տարի պաշտոնապես մոտ 1 մլն դոլարի կահույք է ներմուծվել: Այսինքն, քիչ թե շատ ապահով գնորդին մեր ներքին շուկայում թուրքական ապրանքները մատուցվում են՝ որպես այլ երկրի արտադրանք: Միանշանակ ասել, որ սա հայ-թուրքական պատմական հարաբերությունների արդյունք է, սխալ կլինի: Ներքին շուկայում թաիլանդական ու մալազիական սարքավորումներն ավելի հաճախ որպես ճապոնական են հրամցվում: Բայց այսպիսի մոտեցման հետեւանքում հասարակությունը չի կարողանում օբյեկտիվորեն արձանագրել հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների իրական ծավալը: Իր` տնտեսական իմաստով դրական ու բացասական հետեւանքներով՝ մեր երկրների տնտեսական հարաբերություններն ավելի մեծ ծավալ ունեն, քան արձանագրվում է պաշտոնապես: Թուրքիայի հետ տնտեսական կապերը սոցիալական մասշտաբներ ունեն: Ներգրավված աշխատուժի քանակն է հնարավորություն տալիս նման ենթադրություն անել: Հիշենք, որ տարիներ առաջ թուրքական ապրանքները բոյկոտելու ազգայնական կոչերն արձագանք չգտան: Հասարակությունը, ուր սպառողը ապրանքի առաջին հատկանիշ համարում է գինը, այլ բան չէր կարող իրեն թույլ տալ: Մյուս երկրների հետ մեր արտաքին առեւտուրն այն աստիճան է մոնոպոլիզացված, որ գնագոյացման ոչ մի համակարգ չի աշխատում: Բացառությամբ, իհարկե, մոնոպոլիստի շահի: Փաստորեն, գնաճի այսօրվա տեմպերի պարագային ներքին շուկայից թուրքական ապրանքների դուրս գալը միայն նրանց է ձեռնտու: Սպասենք այդ մոնոպոլիստների հայրենասիրական ճառերին: Որովհետեւ հայտնի է` «ազգայնամոլությունը սրիկաների վերջին հանգրվանն է»: Կապ չունի` հա՞յ, թե՞ թուրք: