Ավարտվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից հանրապետությունում իրականացվող սուբսիդավորման փորձնական ծրագիրը: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի 12 եւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի 3 համայնքների հողօգտագործողներին մշակվող հողատարածությունների համար անհատույց գումարներ են հատկացվել։ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի ասելով՝ 4755 հեկտար մշակովի տարածքի համար վճարվել է մոտ 159 մլն դրամ սուբսիդիա, թեպետ ի սկզբանե հատկացված է եղել 234 մլն դրամ: Սուբսիդիա ստացել է 2463 տնտեսություն: «Սուբսիդավորման նպատակը հանրապետությունում գյուղատնտեսության խթանումն է, գյուղատնտեսության ինտենսիվացման բարձրացումը,- ասում է Գ. Պետրոսյանը: -Գործընթացը շարունակվելու է նաեւ հաջորդ տարիներին»: Հաջորդ տարվա համար նախատեսվում է հատկացնել մոտ 1,6 մլրդ դրամի սուբսիդիա, որը հատկացվելու է մոտ 150 համայնքների: Յուրաքանչյուր շահառուի 1 հեկտարի համար ցորեն եւ կարտոֆիլ ցանելու դեպքում հատկացվել է 35.000 դրամ, իսկ առվույտ եւ կորնգան մշակելու համար՝ 17 հազար 500 դրամ: Գյուղնախարարության պաշտոնյայի ասելով՝ այս գումարը կարող է ապահովել միայն մեկ կարիքի՝ պարարտանյութի կամ մոլախոտերի վերացման ծախսերը: Սուբսիդավորվում են հիմնականում ոչ նպաստավոր պայմաններում գտնվող՝ սահմանամերձ կամ բարձրադիր վայրերում գտնվող համայնքները: Չեն սուբսիդավորվելու Արարատյան դաշտի համայնքները: Ըստ Գ. Պետրոսյանի` այդպիսով մրցակցային որոշակի միջավայր է ստեղծվում ոչ նպաստավոր եւ նպաստավոր պայմաններ ունեցող համայնքների համար: Իսկ հաջորդ տարիներին նախատեսվում է սուբսիդավորումը կատարել ավելի նպատակային ձեւով՝ ուղղված որոշակի ոլորտների: