Նախագահական ընտրություններ – 2008. ո՞ւմ ընտրել

20/10/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շարունակում ենք ներկայացնել 2008թ. կայանալիք նախագահական ընտրությունների մասին տաքսու վարորդների վերլուծությունները: Թեեւ պաշտոնապես դեռ հայտարարված չեն նախագահի հնարավոր թեկնածուների անուններն, այդուհանդերձ, վարորդները որոշ մարդկանց մասին կանխատեսումներ են անում:

«Ո՞վ պիտի պատասխան տա»

Վարորդ Վազգենը զայրացած ասում է. «Մեր երկրում ոչ մի բանն էլ օրենքով սահմանված պաշտոնական հայտարարությունից հետո չի արվում, էդ թվում նաեւ՝ նախագահի թեկնածուների անուններն ու քարոզարշավը: Էդ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանկարծ հիշել ա հայ ժողովրդի մասին, դա նշանակում ա, որ ինքը պաշտոնի ախորժակ ունի: Ես մենակ մի բանի վրա եմ զարմանում, թե էս ժողովուրդն ինչքան աներես ու պադոշ ա, որ նրա նմանին դեռ պատրաստ ա ընդունել: Մարդիկ մոռացել են էն հսկայական գործարանները, որոնք վաճառվեցին Լեւոնի թեթեւ ձեռքով: Հայաստանի հարստությունը Լեւոնի ձեռքով ա թալանվել, ու էսօր բոլորդ էլ գրկաբաց ընդունում եք իրան: Ես երբեք նրան չեմ ընտրի մենակ էն պատճառով, որ տարիներ շարունակ իմ երեխեքը մթության մեջ, մոմի լույսով են ապրել: Իմ երեխեքը, օր ա եղել, որ հաց չեն կերել, որովհետեւ հացի իմ հերթը տենց էլ չի հասել: Երբեք չեմ մոռանա, թե ոնց էի գիշերվա ժամը 2-ից հացի հերթի կանգնում, որ առավոտվա կողմը հերթս հասներ: Պատահում էր, որ սուտկով հերթ էի կանգնում, բայց հացը վերջանում էր, ու չգիտեի՝ գնամ տուն, երեխեքիս ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, որ հաց չեմ բերել, պիտի սոված մնաք: Մի՛ մոռացեք, որ էդ տարիներին տղամարդկանց մեծ մասը հարբեցող դարձավ, որովհետեւ չէր կարողանում տեսնել, թե ոնց ա երեխեն սոված քնում: Ես մի հարեւան ունեի, հայոց լեզվի, գրականության մասնագետ էր, էնքան ինտելեկտով մարդ էր, որ հացի հերթերին միշտ իրա հերթը չէր հասնում, որովհետեւ շատ կուլտուրական էր, չէր կարում մարդկանց վրայով անցներ` ինքն էլ 2 հատ հաց ձեռք գցեր: 4 երեխա ուներ, երեխեքը սովից լաց էին լինում, ցրտից փետանում էին: Փոքր երեխեն 6 տարեկան էր, վատանում-ուշագնաց էր լինում: Ահագին անցավ, տարան հիվանդանոց, պարզվեց՝ երեխու արյան մեջ սպիտակ գնդիկները շատ էին: Էս մարդը մեր աչքի առաջ բարակեց, նիհարեց էդ ապրումներից: Որպես տղամարդ՝ ինքն իրան շատ անպետք էր զգում: Մեր աչքի առաջ մազերը սպիտակեցին, աչքերը փոս ընկան, տնից դուրս չէր գալիս: Կինը շատ էր վրեն խոսում, ասում էր՝ երեխեքը կոտորվում են, բայց չես կարում մի բան անես: Հետո պարզվեց, որ էս մարդը էդ ապրումներից ցնդվել, հոգեկան խանգարում ա ստացել: Տարան հոգեբուժարան, դեղեր-մեղերով «դոդացրեցին», ու մինչեւ հիմա էլ, որ քայլում ա, ոնց որ կենդանի դիակ լինի: Ոչ բան ա հասկանում, ոչ էլ ռեակցիա ա տալիս… Երեխեն էլ կործանվեց, ինքն էլ, ընտանիքն էլ: Հիմա որ տեսնես՝ ոնց որ բոմժ լինեն, կինը շուկաներում պոնչիկ-պերաշկի ա ծախում, լավ ա, գոնե երեխեքը մեծացել են, մորն օգնում են: Դե՛, ասում եք, էդքանից հետո, երբ Լեւոնն ուզում ա գա իշխանության, ո՞նց չասես՝ բա էդ մարդու ճակատագիրն ո՞ւմ պատճառով խեղվեց, չէ՞ որ նրա նման հազարավորները կան, որ կորուստներ ունեցան: Գնացեք նարկալագիչեսկի հիվանդանոց, գնացեք հոգեբուժարաններ ու մարդկանց ճակատագրերով հետաքրքրվեք, ուսումնասիրեք ու կտեսնեք, որ էդ տարիների հետեւանքների մասին պետք ա խոսալ: Էսօր ինչի՞ են երեխեքը հիվանդոտ ու դեֆորմացիաներով ծնվում, որովհետեւ մարդկանց ներվային համակարգը շատ փխրուն ա: Ինչի՞ էդ մասին ոչ ոք չի խոսում,- հարցնում է Վազգենն ու զայրանում,- Էդքանից հետո ո՞նց չկանգնես ու դրանց քֆրտես, ասես, որ էսքան տարի ա անցել, ու ինչի՞ ժողովրդին ճշմարտությունը չեք ասում: Էս ժողովուրդը հո անխելք չի՞: Նենց որ, էդ թերթերում որ Լեւոնի նկարը տենց պորտրետներով շարում եք, մի հատ մտածեք, թե ժողովրդի մեջ ինչ եք առաջացնում: Էդ վիրավորանք ա»:

«Հավաքվեցինք, մաղարիչ արեցինք»

Վարորդ Մանուկը մեր հայրենակիցներին սթափության կոչ է անում՝ ասելով. «Էսքան խոսում, բացատրում ենք, բայց ընտրությունների օրը մարդիկ գնալու են 2000 դրամով ձայն վաճառեն: Երբ ասում են, որ ընտրությունները փողով են անցել՝ ես սկի չեմ մեղադրում մեր քաղաքական գործիչներին, որովհետեւ ժողովուրդը ծախվող ա դարձել: 4 տարի շարունակ քննադատում են իշխանություններին, բայց ընտրության օրն էդ նույն իշխանությունից կաշառք են վերցնում ու իրանց հոգին վաճառում են: Ես դեռ չեմ որոշել` ում կընտրեմ, բայց հաստատ էդ ընտրությունը հոգով կանեմ, ոչ թե շահից ելնելով: Որ անկեղծ ասեմ՝ ես կուզենայի, որ Քոչարյանը դներ թեկնածությունը, ու ես կընտրեի իրան, որովհետեւ մեջներից ինքն ա, որ համ թերությունները գիտենք, համ էլ առավելությունները: Ինչքան էլ քննադատենք, մեկ ա` սրտի խորքում լավ էլ հասկանում ենք, որ իրա օրոք մեր կյանքը շատ ա փոխվել: Օրինակ՝ քույրս Կայարանում ա ապրում: Իմ պապենական տները մի 35-40 տարի ա՝ էնտեղ են եղել, բայց մենք ոչ սեփականության փաստաթուղթ ունեինք ու ոչ էլ հույս կար, թե մի օր կունենանք: Ամեն տարի գալիս ասում էին, թե քանդելու են, ու միշտ վախով ենք ապրել, որ կմնանք օդում: Ուղիղ 15-20 օր առաջ բնակիչներով կառավարության մոտ միտինգի գնացինք: Մեզ ընդունեցին ու ասեցին, որ արդեն հրաման ա արձակվել, որ պիտի գան, չափագրեն ու վկայական տան: Հիմա ո՞նց չասես, որ լավ բան են արել, որ էսքան տարվա մեր վախերին վերջ ա տրվում, ու գիտենք, որ էդ մեր սեփական անկյունն ա, ոչ թե՝ ամեն օր քնես ու մտածես, որ վաղը կարող ա օդում մնաս: Հարեւաններով հավաքվեցինք ու մի լավ նշեցինք, մաղարիչ արեցինք: Էդ էլ հո մեր երկրի ղեկավարությունն արեց, կարար չաներ, չէ՞: Ասում են, որ Սերժ Սարգսյանը որոշում ա կայացրել՝ բոլոր նման մարդկանց սեփականության իրավունքը ճանաչվի: Ուզում եմ ասել, որ լավն էլ ա պետք ասել: Էդքան վարչապետեր ենք ունեցել, բայց ոչ ոք չի զբաղվել մեր հողերով: Հիմա Սերժի որոշումը դուրս ա եկել, ու պետք ա ասել, որ էս մարդը մտավ հասարակ քաղաքացու դրության մեջ: Մանր բաներ կան, որ սովորական մարդու համար շատ մեծ բան ա»։ Մանուկը կոչ է անում հոռետես չլինել, մարդկանց գնահատել օբյեկտիվորեն:

«Արթուրի գլխին սարքում են»

Վարորդ Գուրգենի կարծիքով՝ մեր իշխանություններն ինչ-որ քայլ անելիս մշտապես իրենց շահն են հետապնդում։ «Ընտրությունների նախաշեմին մեծ-մեծ բրդեցին, ժողովրդին ոգեւորեցին, թե՝ թոշակ են բարձրացնում, էս են անում: Տո դուք, որ մի բանից շահ չունենաք՝ լավություն կանե՞ք: Մինչեւ թոշակները կբարձրացնեն՝ ապրանքները բեշեննի գների հասցրին, որ ժողովրդին գռփեն ու իրանց փողերով թոշակ բարձրացնեն: Էդ որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ մեծահարուստները պիտի հարկերը վճարեն, բայց հես ա՝ ժողովրդի հաշվին բյուջե կլցնեն ու թոշակ կբարձրացնեն: 500 դրամանոց ձեթը դարձրին 950 դրամ, հացը թանկացրին, ու կտեսնեք, որ մինչեւ հունվար մեզ թալանելու են: Անունը դնում են՝ իբր պիտի հարուստները հարկերը վճարեն, բայց իրականում ապրանքները թանկացնելով են թոշակները բարձրացնելու: Պատկերացրեք, թե թոշակի հույսին ապրող մարդիկ հիմա ինչ վիճակում են: Այսինքն՝ էդ մարդիկ պետք ա ամսվա մեջ մի հատ ձեթ առնեն ու մի տասը օր էլ կարենան հաց առնել: Ասենք՝ մի 7000 դրամ թոշակով ապրող մարդը ո՞նց պիտի համ սնվի, համ էլ հոսանք, ջուր, էդ կոմունալ հարցերը լուծի,- ասում է Գուրգենն` ավելացնելով, որ նախագահի թեկնածուներից նախապատվությունը տալիս է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին,- «Եթե ինքը դնի թեկնածությունը՝ ես անպայման կընտրեմ իրան: Ինքը շատ խելոք մարդ ա երեւում, ուղղակի դուրս չի գալիս, որ հենց ընտրությունները վերջանում են՝ իրանք ժողովրդից յան են տալիս: Մեջներից անշառն ինքն ա երեւում, թե չէ` բոլորից էլ հիասթափված ու զզված ենք: Ինձ մենակ դուր չի գալիս էն խոսակցությունները, որ ասում են՝ ինքը եվրոպացիների հետ ա, իրանց կամքն ա կատարում: Էդ շատ անընդունելի ա, չի կարելի սեփական ժողովրդին տենց գցել ուրիշների մոտ: Չնայած, ինձ թվում ա՝ տենց բան չկա, իրա գլխին սարքում են»:

Ես գնալու եմ Լեւոնի միտինգին

«Հոկտեմբերի 26-ին ես գնալու եմ Լեւոնի միտինգին: Ես ուզում եմ նրա խոսքը լսեմ, էսքան տարի չի խոսացել: Ես հավատում եմ, որ էսօր մենակ ինքը կարա էս երկրում ինչ-որ բան փոխի: Էն Արամ Սարգսյանն ու Դեմիրճյանը՝ հեչ, դրանք ոչ մի բան են, Լեւոնն իզուր ա դրանց իրա շուրջը թողել: Կտեսնեք` լիքը ժողովուրդ գնալու ա էդ միտինգին՝ մենակ Լեւոնին լսելու համար: Մենակ Լեւոնը կարա սրանց լկտիությունների վերջը տա, ինքը ինտելիգենտ, խելոք ղեկավար ա, էս ազգին տենց մարդ ա պետք: Սրանք էսքան որ խոսում են Լեւոնենց ժամանակներից, հա, սուրբ չէին, բայց սրանց նման էլ չէին լափում: Լեւոնն ուղղակի պետք ա մի քիչ կոշտ լինի, թե չէ, որ կիրթ մարդ են տեսնում` գլխին են նստում: Ես իրան եմ ընտրելու,- ասում է վարորդ Սեդրակն ու անմիջապես ավելացնում,- Եթե, իհարկե, թեկնածությունը դնի ու խոստանա, որ իրա կողքից շատերին կմաքրի, իշխանությանը մոտ չի թողնի»:

«Մեր թաղի Սուրոն անձեռնմխելի ա»

«Չգիտեմ ինչի` ես վստահ եմ, որ ընդդիմությունը համախմբվելու ա Լեւոնի շուրջ, ու դա շատ լավ կլինի, որովհետեւ էս պառակտված ընդդիմադիրները մեր երկրում եղանակ չեն փոխում»,- ասում է վարորդ Կարենն ու վստահեցնում է, որ մեկ թեկնածուի շուրջ միավորումը Հայաստանի համար շրջադարձային կլինի: «Վերջապես էս համակարգը հիմնովին կփոխվի: Ես հավատում եմ, որ իշխանափոխությունը Հայաստանի համար օդի պես անհրաժեշտ ա, որովհետեւ, երբ ասում են՝ ձուկը գլխից ա հոտում, դրա մեջ ճշմարտություն կա: Մեր երկրի անօրինականությունները գալիս են վերեւներից, եւ մեզ պետք ա մեկը, որը բոլորին իրանց տեղը կդնի: Եթե իշխանությունը թույլ չտա՝ որեւէ մեկը ռիսկ կանի՞ օրենք խախտի, իհարկե՝ ոչ: Ղեկավարությունը դաբրոն տալիս ա, մյուսներն էլ թալանում են: Ես հարեւան ունեմ, որ 2 ամիսը մեկ կամ գողություն ա անում, կամ էլ մեկի վրա կրակում ա, բայց քանի որ մեջքն Ազգային ժողովի «պապաներն» են, երբեք օրենքի առաջ պատասխանատվություն չի կրում: Բոլորն էլ գիտեն, որ մեր թաղի Սուրոն անձեռնմխելի ա, ինչ կուզի՝ կանի, ու ոչ մեկը ռիսկ չի անում իրան թարս աչքով նայի: Եթե մեկը խառնվի իրա գործերին՝ տուտ ժե կփակեն: Նենց որ, մեր երկրում պիտի օրենքը գործի, իսկ դրա համար պետք ա մարդիկ փոխվեն, որովհետեւ հիմիկվա ղեկավարությունն օրենքի վրայից անցնող ա: Էն դատավորի դեպքն էլ՝ ձեզ ապացույց: Իրա խոսքը որ հեռուստատեսությամբ լսեցի՝ նենց վրես ազդեց: Ասում եմ՝ այ քեզ երկիր, արդար դատավճռի համա՞ր էլ մարդուն պատժեն: Փաստորեն՝ ով դուխ ունեցավ իրանց կամքը չկատարել՝ նա պատժվում ա խստագույն ձեւով: Դուք պատկերացրեք, թե էս դեպքից հետո մարդիկ ինչ հիասթափություն ապրեցին դատարանների առումով: Էլ ընդհանրապես հավատ չկա, որ դատարաններն անաչառ են»: