«Կուռք մի՛ դարձրեք ճանապարհափոսերը»,- խորհուրդ է տալիս Գեորգի Մուրադովը

20/10/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մոսկվայի քաղաքապետարանի Արտաքին տնտեսական կապերի վարչության պետ Գեորգի Մուրադովը Երեւան էր այցելել մեր մայրաքաղաքի տարեդարձի տոնին մասնակցելու նպատակով: Նա արդեն վեցերորդ անգամ է Երեւանում եւ հասցրել է մեծ, հիմնականում՝ դրական, փոփոխություններ նկատել: Պարոն Մուրադովը նշեց, որ Մոսկվան հայկական տնտեսության մեջ շատ խոշոր ներդրումներ է կատարում, իսկ հայերը Մոսկվայում իրենց ապահով ու վստահ են զգում եւ նույնպես համարձակ ներդրումներ են անում Մոսկվայի կառուցապատման ոլորտում:

– Երբ սկսեցինք ակտիվացնել Մոսկվայի եւ Երեւանի միջեւ երկկողմանի կապերը, զգալի արդյունքների հասանք: Վերջին 4-5 տարիների ընթացքում ձեր քաղաքն ուղղակի վերափոխվել է, առաջին հերթին արագացան նոր շենքերի կառուցման ու հին շենքերի վերակառուցման տեմպերը: Ակնհայտորեն լավացավ ճանապարհների ու կոմունալ տնտեսությունների վիճակը: Տուրիստական ենթակառուցվածքների կարեւորագույն օբյեկտներ են կառուցվել: Եվ, իհարկե, շատ լավ երեւում է, որ Երեւանում կյանքն աշխուժացել է, շատացել են ավտոմեքենաները, նույնիսկ մարդկանց տրամադրություններն են դինամիկ դարձել: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ աշխատելու ցանկություն ունեն, բարձրացել է նրանց սոցիալական ու հասարակական տոնուսը:

– Թույլ տվեք ասել, որ երեւանցիների մոտ հակասական տրամադրություններ կան. շատերը բացասական են նայում այն փաստին, որ քանդվում է հին քաղաքն ու կորչում է կյանքի հմայքը: Կառուցման տեմպերը բոլորը նկատում են, սակայն նկատում են նաեւ, որ կորչում է քաղաքի մթնոլորտը:

– Ես անկանխակալ ու օբյեկտիվ կարծիք եմ հայտնում, ասում եմ այն, ինչը տեսնում եմ: Ընդ որում` համոզված եղեք, որ հազարավոր մարդիկ նույն բանը կասեն ձեզ: Քաղաքը վերելք է ապրում: Իհարկե, մարդուն հատուկ են կասկածները, մարդը սովոր է ամեն ինչի մասին խորհել, եզրակացություններ անել, բայց անփոփոխ մթնոլորտ լինել չի կարող: Մթնոլորտն` առանց փոփոխությունների, թերեւս, կարող է միայն անմարդաբնակ կղզիներում լինել, որտեղ հազարամյակներ, գուցե՝ նաեւ միլիոնավոր տարիներ շարունակ ոչինչ չի փոխվում: Բայց մենք չենք կարող խոսել քաղաքի` որպես անփոփոխ մի երեւույթի մասին: Քաղաքը նման է մարդուն, այն ապրում եւ զարգանում է: Չի կարելի քաղաքը պատկերացնել խրճիթների ու փայտե տնակների տեսքով` լցված աղբակույտերով ու կեղտով: Ես չեմ կասկածում, որ Երեւանում պահպանվում են մշակութային եւ պատմական հուշարձանները, որովհետեւ ես ոչ մի պատմական շինություն չեմ տեսել, որը քանդվել եւ ոչնչացվել է եւ որի շրջակայքում աղբ կա:

– Գուցե դուք «ճիշտ» շինություննե՞ր եք տեսել:

– Պատասխանեմ Մոսկվայի օրինակով: Երբ մենք երրորդ ճանապարհային օղակն էինք կառուցում (որից, ի դեպ, կախված էր քաղաքի կենսունակությունը), մեր ճանապարհին հայտնվեց մի կիսավեր սարայանման կառույց, որն Աստված գիտե` ինչի՞ էր նման: Եվ պատմաբաններից կազմված էնտուզիաստների մի խումբ, որոնք իրենց առաքելությունն են համարում՝ անել այնպես, որ քաղաքից «մազ անգամ չընկնի», պարզեց, որ այդ շինությունը վաճառական Պետրովի տունն է: Եվ այդ խումբը սկսեց գոռալ` պահպանենք վաճառական Պետրովի տունը: Իսկ թե ո՞վ է այդ վաճառական Պետրովը, ոչ ոք նույնիսկ չգիտի: Մոսկվայում հարյուր հազարավոր վաճառականներ` կուպեցներ են եղել, եւ դրանցից առնվազն տասը հազարը Պետրովներ են եղել: Կարելի է, իհարկե, մի խրճիթին այդքան «կապվել», ու սկսել ասել` դա մեր անգին, եզակի ու անկրկնելի արժեքն է…

– Ճարտարապետական կառույցների պահպանման խնդիրն ի հայտ է եկել վերջին դարում: Եվ մենք այլեւս այդ խնդիրն անտեսել չենք կարող, նույնիսկ՝ երբ ավելի լավն ենք կառուցում այդ վայրում:

– Ես հաճախ եմ լինում Երեւանում եւ տեսնում եմ, որ քաղաքի դիմանկարը չի փոխվել: Քաղաքի կենտրոնը, որը եւ բնութագրում է Երեւանը, չի քանդվել, քանդվել են միայն կեղտոտ սարայները: Հիշեք, ի՞նչ պատկեր էր քաղաքապետարանի առջեւ: Կարծում եք՝ դա պետք է պահպանվե՞ր: Դե, ուրեմն, եկեք պահպանենք նաեւ քաղաքապետարանի դիմաց գտնվող աղբանոցն ու այդ աղբանոցում ապրող առնետներին: Շատ գեղեցիկ, խոշոր առնետներ էին: Գուցե դրա՞նք էլ էին ազգային արժեքներ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր ամենաբանական միտքն էլ կարելի է անհեթեթության հասցնել: Ճարտարապետական հուշարձանները պետք է պահպանել, բայց չի կարելի կուռք դարձնել մեկ ճանապարհափոսը: Գուցե այդ փոսն իսկապես երեսուն տարի շարունակ եղել է մայրաքաղաքի դիմագծերից մեկը, այն ոչ ոք չի լցրել ու ասֆալտով չի ծածկել: Հիմա բոլորն այդ փոսը պետք է քաղաքի անբաժան մա՞սը համարեն, իսկ «լցնողներին» էլ քաղաքի դիմանկարը փչացողնե՞ր կոչեն: Քաղաքը մարդկանց կողմից եւ մարդկանց համար է կառուցվում: Քաղաքը վերացական հասկացողություն չէ, այն չափազանց կոնկրետ վայր է, որտեղ մենք բնակվում ենք: Իսկ բնակավայրը պետք է հարմարավետ լինի: Դա էլ է կախված մարդկանցից:

– Հիմա մեր քաղաքը հարմարավետ համարելը բարդ է: Կանաչը քիչ է, բաց տարածություններ չկան:

– Իհարկե, հարմարավետ դարձնելը պետք է բարդ գործ լինի: Իսկ ո՞վ ասաց, որ դա հեշտ է: Սեփական բնակարանները կարգի բերելն էլ է դժվար: Երբեմն բնակարաններում անպետք ու պետքական իրեր են թափված լինում, կահույքն է մաշվում ու ջարդվում, հաճախ դրանք հավաքելու ու թարմացնելու համար մենք փող կամ էլ ժամանակ չենք ունենում: Նույնն էլ քաղաքի պարագայում է: Յուրաքանչյուր մեծ բան փոքրից է սկսվում:

– Իսկ ինչպե՞ս կարելի է պայքարել ճանապարհային խցանումների դեմ:

– Խցանումների հարցը գնալով ավելի ու ավելի է վատթարանալու: Արդեն իսկ հիմա Երեւանին հարկավոր են նոր հանգուցային ճանապարհներ ու նոր մայրուղիներ: Հիմա է հարկավոր այդ մասին մտածել, որովհետեւ վաղն արդեն ուշ կլինի: Այդ խնդիրը ռազմավարական մասշտաբի խնդիր է, եւ բոլոր զարգացած քաղաքներն այն ունեն:

– Հնարավո՞ր է որոշ ճանապարհներ վճարովի դարձնել:

– Կարծում եմ` դրան էլ հերթը կհասնի: Դա խցանումներից ազատվելու միջոցներից մեկն է: Վստահ եմ, որ Երեւանը ստիպված է լինելու քաղաքի կենտրոն տանող ճանապարհները վճարովի դարձնել: Բայց պետք է չմոռանալ, որ հարկավոր է ալտերնատիվ երթուղիներ մշակել, որոնք անվճար կլինեն ու նախատեսված կլինեն չունեւորների համար: Ով վճարել չի կարող կամ վճարել չի ուզում, պետք է կարողանա օգտվել անվճար եւ ոչ այնքան հարմարավետ երթուղիներից:

– Դուք, անցնելով մեր քաղաքի միջով, երեւի նկատել եք, որ ամենուրեք շինարարություն է: Դա խախտում է երթուղային գրաֆիկն ու նյարդայնացնում քաղաքացիներին: Ճի՞շտ եք համարում արդյոք այդ միաժամանակյա շինարարությունը:

– Միաժամանակ կառուցել կարելի է, եթե անհրաժեշտ միջոցներ ունեք: Եվ հետո, ես տեսնում եմ, որ շինարարությունը կաթվածահար չի անում քաղաքի կյանքը: Քայքայվող շրջանները պետք է վերակառուցել, չի կարելի ասել` սա կանենք, ասենք, տասը տարի հետո: Պետք է այսօր անել:

– Չինովնիկների կերպարը շատ հայերի մոտ վստահություն չի ներշնչում, քանի որ այն հազվադեպ է անկողմնակալ լինում: Կարծում եմ, Մոսկվայում` նույնպես: Պաշտոնական անձն ու մարդը տարբե՞ր հասկացողություններ են:

– Չինովնիկին ոչ միայն կարելի է, այլեւ` անհրաժեշտ է մարդկային հատկություններով օժտել: Ընդհանուր առմամբ, չինովնիկի կերպարը փոփոխման կարիք ունի: Եթե չինովնիկը բարեհամբույր է, ձգտում է օգնել յուրաքանչյուրին, կաշառք պոկել չի փորձում եւ տրամադրված է բարի գործեր անել, ապա չինովնիկներին կսկսեն նորմալ վերաբերվել: Բայց դա իդեալիստական պատկեր է, կյանքում այդպես չի լինում, կամ էլ հազվադեպ է լինում: Նայեք դեմոկրատական ավանդույթներ ունեցող զարգացած երկրների փորձառությանը ու կտեսնեք, որ այդ երկրներում չինովնիկի՝ որպես քաղաքացու ճակատագրի վրա ազդող մարդու դերը նվազագույնի է հասցված: Դրան հասնելու համար հատուկ մեխանիզմներ ու տեխնոլոգիաներ են մշակված, որոնք հնարավոր են դարձնում պաշտոնյայի անձին մեծ դերակատարում չտալ: Բայց դրա համար չինովնիկը պետք է լավ աշխատավարձ ստանա: Ծայրը ծայրին հազիվ հասցնող չինովնիկը պարզապես չի կարող բարեհամբույր լինել մարդկանց հետ: Առավելեւս` չի կարող հանգիստ վերաբերվել այն մարդկանց, որոնք հարուստ են կամ էլ սուպերհարուստ են: Ամեն ինչ ունեցող մարդու հետ հանդիպելիս` չինովնիկի մոտ բարդ տրամադրություններ ու ներքին տառապանքներ են սկսվում:

– «Պարտքը կամ զգացմունքը»` դասական այդ երկընտրանքը փաստորեն միշտ կա:

– Առանց դրա չի լինում:

– Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան, մեր այս բարդ տարածաշրջանում մեզ թիկունք հարկավո՞ր է, թե՞ ոչ մեկի վրա հույս դնել չի կարելի:

– Այդ հարցին պատասխանելու համար պետք է պատմությունը վերընթերցել: Տեսեք, թե ո՞ւմ հետ դաշինք կազմելով է Հայաստանը կարողացել դիմակայել, ավելի ամուր դառնալ ու իրեն ավելի վստահ զգալ: Հենց պատմությունն էլ կտա այդ հարցի պատասխանը: