Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առաջարկում է իջեցնել կուսակցությունների` խորհրդարան անցնելու ընտրական շեմը, սահմանափակել խորհրդարանը լուծարելու` երկրի նախագահի լիազորությունը եւ երկարաձգել խորհրդարանի լիազորությունների ժամկետը: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ` կառավարող «Ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահն առաջարկել է խորհրդարան անցնելու շեմը ներկայիս 7%-ից իջեցնել 5-ի, խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ ներկայիս 4 տարուց հասցնել 5-ի: Նա պարզաբանել է, որ իր առաջարկների նպատակը «քաղաքական մշակույթի» եւ «քաղաքական բանավեճերի մշակույթի» խթանումն է: Սահակաշվիլին հայտարարել է, թե երկրի հիմնական խնդիրներից մեկն ընդդիմության թուլությունն է, իսկ փոփոխությունները դրսեւորվելու հնարավորություն կտան նոր քաղաքական ուժերի: Բացի այդ, ինչպես նշել է Վրաստանի նախագահը, առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակ: Հանդիպումից հետո կառավարող կուսակցության խորհրդարանականներն ասել են, որ համապատասխան սահմանադրական փոփոխությունները կառաջարկեն եկող շաբաթ: