Սէֆիլյանին տեղափոխել են

20/10/2007

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին երեկ ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ: Այս մասին այսօր «Ա1+»-ին տեղեկացրել է Ժիրայր Սէֆիլյանի փաստաբան Արայիկ Զաքարյանը: Սէֆիլյանի հետ նույն գործով ազատազրկման դատապարտված Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի տեղափոխման մասին առայժմ որեւէ լուր չկա: Սէֆիլյանի տեղափոխման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը որոշել է այցելել նրան: Քրեակատարողական հիմնարկի տնօրեն Համլետ Խլղաթյանը Զարուհի Փոստանջյանին տեղեկացնել է, որ նա չի կարող Ժիրայր Սէֆիլյանի հետ հանդիպել ԱԱԾ մեկուսարանում, քանի որ նրան կես ժամից պատրաստվում են տեղափոխել: Փոստանջյանի եւ Խլղաթյանի զրույցը տեղի է ունեցել երեկ առավոտյան: Ի դեպ, եթե նույնիսկ 1,5 տարի ազատազրկման դատապարտված Սէֆիլյանը վաղաժամկետ ազատ արձակվի պատժաչափի 1/3-րդը կրելուց հետո, որի իրավունքը նա ունի Քր. դատ. օրենսգրքի 76 հոդվածի համաձայն, միեւնույն է, նա մեկ ամիս դեռ ստիպված կլինի անցկացնել Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում, քանի որ նույն Համլետ Խլղաթյանը հրաժարվում է համապատասխան միջնորդագիր ներկայացնել, որպեսզի Սէֆիլյանի վաղաժամ ազատելու հարցը քննարկվի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովում»: Այս հանձնաժողովը կոչվում է՝ «անկախ», մինչդեռ նրա անդամներին նշանակում է Ռոբերտ Քոչարյանը: Ազատազրկման վայրի ղեկավարը հանձնաժողովի նախագահին միջնորդագիրը կարող է ներկայացնել մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը: