Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը նախօրեին հայտարարել է, որ ինքը դեմ է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: «Մեզ անհանգստացնում է այն, որ այդ բանաձեւը կազդի Թուրքիայում ապրող հայերի վրա: Մենք դեմ ենք դրան»,- «Թըրքիշ դեյլի նյուզին» տված հարցազրույցում ասել է Մեսրոպ Մութաֆյանը` հավելելով, որ ինքը պատրաստվում է նամակ հղել ԱՄՆ իշխանություններին` նրանց կոչ անելով կանխել բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Պետք է նշել, որ Մեսրոպ Մութաֆյանի անհանգստությունը միանգամայն տեղին է, քանի որ արդեն մի քանի օր է` Թուրքիայից մեծ թվով հայազգիներ են արտաքսվում, իսկ թուրքահայ համայնքը ճնշումների կարող է ենթարկվել ցանկացած ժամանակ: Ի դեպ, արժե հիշել, որ 106-րդ բանաձեւի քվեարկությունից հետո համայն հայությանը շնորհավորեց այդ օրերին ԱՄՆ-ում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, այն դեպքում, երբ այդ բանաձեւի ընդունումը, փաստորեն, վտանգ է ներկայացնում իր առաջնորդած հոտի մեծ թվով ներկայացուցիչների համար: Նշենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւն առաջիկայում կընդգրկվի պալատի լիագումար նիստի օրակարգում: