Արա Աբրահամյանը հարգում է

16/10/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հանդիպեց լրագրողների հետ:

Կոնգրեսի հետ հաշվի են նստում

Կոնգրեսն արդեն մասնաճյուղեր ունի Ռուսաստանի մոտ 600 քաղաքներում։ Ա. Աբրահամյանի հավաստմամբ, ՌԴ բոլոր կուսակցություններն իրենց հետ հաշվի են նստում, նախընտրական շրջանում այցելում են իրենց գրասենյակ, ելույթ են ունենում։ Հետո արդեն իրենք որոշում են՝ ում աջակցել, ինչպես աջակցել եւ այլն։

Պրն Աբրահամյանն իրենց կազմակերպության եւ ՌԴ իրավապահ մարմինների համագործակցության արդյունք է համարում այն, որ ազգային հողի վրա կատարվող սպանությունները պակասել են։ Ըստ Ա. Աբրահամյանի՝ 2006թ. համեմատ դրանց թիվը պակասել է մոտ 2.5 անգամ։

Եթե ընդունենք, որ ռուս սքինհեդները հիմնականում սովորական «աբիժնիկներ» են, որոնք ծանր են տանում, երբ այլազգիները Մոսկվայում իրենց լավ են զգում, ապա բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս կազդի նրանց վարքագծի վրա, օրինակ, Տիգրան Արզաքանցյանի պահվածքը։ Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, հայտնի կազինոյի մշտական հաճախորդ էր։ Այսպիսի հարց չհնչեց, փոխարենը լրագրողները հետաքրքրվեցին, թե Տ. Արզաքանցյանի հետ կատարվածին Ա. Աբրահամյանն ինչպե՞ս է վերաբերվում։ «Դա մեզ համար շատ վատ անուն է թողնում, Ռուսաստանի հայերի միության համար»,- ասաց Արա Աբրահամյանը, ով չի պատկերացնում «մի որեւիցե մարդ, որ այդպիսի դեպքին դրական նայի կամ իմիջիայլոց… Այդպիսի դեպքեր չպետք է լինեն: Ինձ թվում է՝ Հայաստանի կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որպեսզի այդպիսի դեպքեր չկրկնվեն»։

Հայերի հեղինակության վրա ոչ պակաս չափով ազդում են նաեւ հայերի առեւանգումները հայերի կողմից։ Հիշեցնենք, որ Հայաստանի կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը, որն, ըստ իրավապահ մարմինների, ակտիվ մասնակցություն է ունեցել այդ գործում, ձերբակալվել էր հենց Արա Աբրահամյանի ահազանգից հետո։ Ինքը՝ Ա. Աբրահամյանն, ասում է, որ Դատախազությանը կոնկրետ անուն չի տվել, պարզապես տեղեկացրել է երեւույթի մասին։ Եվ նրան չի հետաքրքրում, թե մեղավորն ով է. «Ով էլ ուզում է լինի, նրա տեղը բանտում է՝ երկար ժամանակով»։

Նախկին, ներկա եւ ապագա նախագահների մասին

Արա Աբրահամյանը հոկտեմբերի 14-ին եղել է Ղարաբաղում եւ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Լրագրողները հիշեցրին, որ ժամանակին նա կոչ էր անում Արկադի Ղուկասյանին՝ առաջադրվել երրորդ անգամ։ Դա կարո՞ղ է ազդել ԼՂՀ նոր նախագահի հետ հարաբերությունների վրա։ Ի պատասխան այս հարցին, Հայերի կոնգրեսի նախագահը տեղեկացրեց, որ Բակո Սահակիչին մոտ տասը տարուց ավելի է ճանաչում. «Ինքը շատ հայրենասեր, շատ արժանի մարդ է: Ղարաբաղցիներն ընտրություն են կատարել, դա մեր բոլորի համար բավական է, որ մենք առանց ավելորդ հարցեր տալու՝ իրար հետ աշխատենք։ Հարաբերությունները ոչ մի բանով չեն փոխվի: Ես ինչպես օգնել եմ, այնպես էլ կօգնեմ»։

Ինչ վերաբերում է ՀՀ ապագա նախագահին, Արա Աբրահամյանը դեռ չի որոշել՝ ում են «սատարելու» (Ռուսաստանի քաղաքացի Արա Աբրահամյանին թերեւս հայաստանյան յուրաքանչյուր ընտրությունից առաջ պետք է հիշեցնել, որ օրենքով նա եւ իր ղեկավարած կազմակերպությունն իրավունք չունեն որեւէ մեկին սատարելու)։ Դա կանեն թեկնածուների առաջադրումից հետո։ Իսկ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ակտիվացմանն Արա Աբրահամյանը հանգիստ է վերաբերվում եւ հարգանքով է լցված նրա նկատմամբ. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահն է եղել։ Հենց բառը` «առաջին նախագահ», արդեն հարգանք է ներշնչում, մարդ պետք է հարգանքով վերաբերվի: Հիմա մեր նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, որ մի վեց ամիս հետո նախագահ չլինի, իմ հարգանքը իր նկատմամբ չի բացակայի»։ Կհետեւի՞ արդյոք Քոչարյանը Պուտինի օրինակին, ով վարչապետ դառնալու պլաններ ունի։ Թող Քոչարյանն ինքը որոշի՝ ասում է Արա Աբրահամյանը։ Իսկ նախագահի թեկնածուները, վերջինիս կարծիքով, որքան շատ լինեն՝ այնքան լավ. «ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում դրա մեջ, երբ որ կլինեն թեկնածուները, երբ որ կլինեն նրանց ծրագրերը, մենք մեր կարծիքը կհայտնենք»։

Հ.Գ. Ամեն դեպքում, հարկ է նշել, որ վերը շարադրվածը սոսկ Արամ Աբրահամյանի կարծիքն է՝ թե՛ 600 քաղաքներում իրենց կազմակերպության ներկայության մասին, թե՛ այդ կազմակերպության դերի եւ թե՛ 2.5 անգամ կրճատված սպանությունների մասին։ Փաստորեն, ըստ Ա. Աբրահամյանի` հայերի սպանությունների կրճատման հարցում իր կազմակերպությունը մեծ դեր է ունեցել: Այս եւ ասուլիսում հնչած շատ այլ մտքերի հետ քչերը կարող են համաձայնել, քանի որ դեռեւս այդ կազմակերպությունները ֆորմալ բնույթ են կրում: Ինչ վերաբերում է

106-րդ բանաձի նկատմամբ Ա. Աբրահամյանի վերաբերմունքին, ապա դա որոշ չափով պայմանավորված է Ռուսաստան-Թուրքիա օրեցօր սերտացող կապերով։ Այս դեպքում նա խոսում է հիմնականում ՌԴ շահերից ելնելով: