Բացահայտելու է ծախվածներին ու հիվանդներին

16/10/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Մանուկ Գասպարյանի եւ Պարույր Հայրիկյանի ղեկավարությամբ ձեւավորվող նախընտրական «երրորդ ճակատը» գործում է հնարավորինս գաղտնի եւ փակ պայմաններում: Մանուկ Գասպարյանի ասելով` իրենք որոշել են ոչ մի ինֆորմացիա «դուրս չտալ», մինչեւ չավարտվի իրենց միասնական թեկնածուի փնտրտուքը:

«Մենք տեսել ենք, թե ինչպես էին տարբեր անուններ կպցնում մեր հանդիպումներին` է՛լ «Մետելիցա», է՛լ սրճարանային ուժ, ինչ ասես, թե չասեցին, դրա համար մենք որոշել ենք՝ ոչ մի բառ չասենք: Հենց կավարտենք մեր թեկնածուի փնտրտուքները, էդ ժամանակ կհայտարարենք»,- մեզ հետ զրույցում ասաց ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը: Նա նույնիսկ հրաժարվեց ասել, թե այս պահին որ ուժերն են մասնակցում ԺՈՒԿ գրասենյակում անցկացվող բանակցություններին: «Չեմ կարող ասել, հենց վերջացնենք` էդ ժամանակ բոլորդ ամեն ինչ կիմանաք»,- ասաց նա: Ի պատասխան մեր հարցին` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը, իրենց «երրորդ ճակատն» արդյոք կսատարի՞ նրան, ԺՈՒԿ նախագահն ասաց. «Երբ որ ինքը կդառնա միասնական թեկնածու, քաղաքական դրությունը կփոխվի: Մենք ոչ մեկին չենք միանա, մենք ուզում ենք, որ թեկնածուն գա մեզ միանա: Մենք բացի իշխանություններից, ում ասես` կպաշտպանենք: Ճիշտ է` Լեւոնի շուրջ հավաքված մարդիկ ավելորդ բաներ են անում, բայց ոչինչ, թող անեն,- ասաց Մ. Գասպարյանը` մանրամասնելով, որ «ավելորդ բաներ» ասելով՝ նկատի ուներ Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ այսօր հավաքված մարդկանց պահելաձեւը,- Այսօր հաճոյանում են մեկ՝ սրան, մեկ` նրան: Հասկանո՞ւմ եք, նրանք նման բաներ են անում: Լեւոնի շուրջը մարդիկ կան, ովքեր չեն ուզում, որ կողքի ուժերը գնան ու համախմբվեն նրա շուրջ: Իրենք ուզում են մի քանի հոգով լինեն, որ վաղը-մյուս օրը էն նույնն անեն, ինչ արել են: Այսինքն` իրենք գան իշխանության: Բայց եթե նույն թիմով է Լեւոնը գալու իշխանության, մենք իրեն կխնդրեինք, որ չառաջադրվի: Իմ ասածները չեն նշանակում, որ մենք չենք պաշտպանի իրենց միասնական թեկնածուին, բայց ոչ թե մենք պետք է գնանք իրեն միանանք, այլ էդ թեկնածուն պետք է գա մեզ միանա ու ասի, որ ինքը միասնական թեկնածու դառնալու հավակնություններ ունի»: Մ. Գասպարյանի ասելով՝ ինքը ոչ թե ուզում է, որ Տեր-Պետրոսյանը գնա իրենց «դուռը», այլ` ուզում է, որպեսզի գնա ու մասնակցի իրենց բանակցություններին, հատկապես, երբ իրենք ամեն անգամ բոլոր քաղաքական ուժերին հրավիրում են իրենց քննարկումներին: «Լ.Տեր-Պետրոսյանը միասնական թեկնածու կդառնա այդ բանակցությունների ժամանակ: Այսինքն` եթե նա ուզում է միասնական թեկնածու դառնա, ուրեմն` բոլորիս համար պիտի դառնա»,- ասաց Մ. Գասպարյանը:

Ի տարբերություն Մանուկ Գասպարյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով նույնպես այս «երրորդ ճակատի» առաջնորդողներից է, երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կողմից նախորդ շաբաթ ընդունված հայտարարությունն ըստ էության բացառել է Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու հնարավորությունը: «Մեր հայտարարության մեջ, որը Մանուկ Գասպարյանի գրասենյակն ուղարկել է քաղաքական բոլոր ուժերին, բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, ասված է, որ` նախկիններն իրենց չարդարացրին, ներկաներն էլ` եռակի, քառակի չարդարացրեցին: Սա արդեն բացառում է Լ.Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու հնարավորությունը»: Պարզվում է` ԱԻՄ առաջնորդը խիստ դժգոհ է Լ. Տեր-Պետրոսյանի պահվածքից: Ասում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու համար պետք է նախ՝ «ինքն իրեն ճիշտ պահեր»: «Նա իրեն օլիգարխի պես է պահում: Նայելով նրա աշխատանքային բնույթը, կարող ենք ասել, որ նա ընտրել է օլիգարխիկ ճանապարհը: Ասում է` ես եմ, եկեք մտեք իմ թեւի տակ: Ես դրա համար այն ժամանակ կոպիտ արտահայտվեցի ու ասեցի՝ երբ եղել եմ բոլորի համար ճանապարհ բացողը, երբեք չասացի` տղերք, եկեք մտեք իմ թեւի տակ կամ զգաստ կանգնեք` իմ հետ եք խոսում: Ասացի` եկեք քննարկենք, տեսնենք` ինչ ենք անում: Բայց Լեւոնն ուրիշ ճանապարհով է գնում, որը ես բնութագրում եմ մեկ բառով` օլիգարխիկ, ուղղակի կամ անուղղակի»,- ասում է Պ. Հայրիկյանը: Բացի այս` ըստ Պ. Հայրիկյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է իր կողմից որոշ «նվազագույն» քայլերը կատարեր ու ՀՀՇ-ին ու իրեն սատարող այլ ուժերի, որոնք նույնպես բազմաթիվ անգամներ հրավիրվել են իրենց մոտ անցկացվող բանակցություններին, հորդորեր ներկա լինել, մասնակցել դրանց: «Իր թեկնածության օգտին խոսողները նույնպես հրավիրված էին ու սկզբնական փուլում մասնակցում էին, եւ եթե ինքը քաղաքական մոտեցում ցուցաբերեր, պիտի այդ գործընթացը խորացներ, ոչ թե գնար ինքնամեկուսացման: Ինքը, փաստորեն, ուղղակի թե անուղղակի՝ խոչընդոտեց նրանց մասնակցությունը: Պատկերացնո՞ւմ եք` եթե նրանք բոլորն էլ լինեին, ինչ զորեղ բան կստացվեր, ու այդ դեպքում կարող էր փորձ անել ու համոզել, որ` եկեք, ես հարմար թեկնածու եմ: Բայց ինքն այդ ճանապարհով չգնաց, ու այսօր մեր հայտարարությունը բացառում է դա: Ընդհանրապես ոչինչ չեմ բացառում, բայց Լեւոնն ինքը գնացել է այդ հնարավորությունը բացառելու ճանապարհով»,- վստահեցնում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Չնայած սրան` Պ. Հայրիկյանը հավաստիացրեց, որ այս պահի դրությամբ` դեռեւս «երրորդ ճակատը» բաց է բոլորի համար, եւ այն հայտարարությունը, որն իրենք ուղարկել են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերին, «խորհելու հնարավորություն է»: Ի դեպ, Պ. Հայրիկյանն ասաց, որ իրենց կողմից ընդունված հայտարարությունը ԺՈՒԿ գրասենյակն ուղարկել է նաեւ ՀՅԴ-ին. թե ինչու` նա չգիտեր. «Չգիտեմ, բայց իմ իմանալով՝ Մանուկի գրասենյակը նրանց էլ է ուղարկել»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Այդուհանդերձ, վերջինիս հետ զրույցից պարզ դարձավ, որ ինքն այլեւս նախկինի պես ոգեւորված չէ իր ստեղծած «երրորդ ճակատով», որովհետեւ այնտեղ «մարդիկ կան, որոնք մտածում են, թե իրենք ավելի շատ են մտածում այդ մասին», քան ինքը: «Ես հիմա շատ դրա հետեւից չեմ ընկնում»,- հայտարարեց Պ. Հայրիկյանը: Նրա հավաստմամբ` իրենց վերջին հանդիպմանը մասնակցել են միայն ինքն ու Մանուկ Գասպարյանը. «Եղել է, որ երեքով ենք եղել` ես, Մանուկն ու Գեղամյանը: Եղել է` հինգով ենք մասնակցել` ես, Մանուկը, Գեղամյանը, Արամ Գասպարիչն ու Շավարշ Քոչարյանը: Տարբեր է լինում: Բայց հիմա, արդեն ասացի, որ ես այդքան դրա հետեւից չեմ ընկնում: Մարդիկ կան, որ ուզում են միանան մեր հայտարարությանը, դրական կարծիք են արտահայտում, բայց գյադայավարի: Այսինքն` ասում են՝ լավ հայտարարություն ա, բայց ինչի՞ ստորագրենք»,- ասաց Պ. Հայրիկյանը: Նա երեկ երեք օրով մեկնում էր Արցախ, եւ այս ընթացքում, իր իսկ ասելով` պետք է ինքն իր համար ճշտի, թե ովքեր են իրենց «ճակատում» որոշակի ու միանշանակ կանգնած եւ ովքեր են «ծախված ու հիվանդ»: Մեր հարցին, թե «երրորդ ճակատում» ծախվածներ կա՞ն, Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Նրանք ովքեր ասում են, որ մենակ կարող են գնալ ընտրությունների ու հաղթել` հիվանդ են: Առայժմ այսքանով բավարարվեք»:

Հ.Գ. Պ. Հայրիկյանը խոստացավ Արցախից վերադառնալուց հետո մեզ հետ կիսվել իր «բացահայտումներով»: Ի դեպ, Հայրիկյանն ասաց, որ ինքն ուզում է ԼՂՀ իշխանություններին առաջարկել Արցախը ճանաչել որպես ամենաժողովրդավարական երկիրն աշխարհում, որպեսզի այլեւս ոչ ոք չկասկածի նրա ժողովրդավար լինելու մեջ, սակայն չգիտեր, թե այդ առաջարկն ինչպես կընդունվի ԼՂՀ նորընտիր ղեկավարության կողմից: