Հայերին արտաքսում են

16/10/2007

Իռլանդիայում լույս տեսնող «Այրիշ թայմս» պարբերականը նախորդ շաբաթ տեղեկություն էր հրապարակել, որ Թուրքիայում ձերբակալվել են շուրջ 100 հայաստանցի ապօրինի ներգաղթողներ, որոնք արտաքսվելու են հայրենիք: «Նրանց վտարումը դիտվում է որպես վրեժխնդրություն (ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող) ցեղասպանության բանաձեւի համար»,- գրել էր թերթը: Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը, որի նստավայրը Ստամբուլն է, երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հաստատել է այդ փաստը: «Ավելի ստույգ տեղեկություններ, ցավոք սրտի, չեմ կարող տրամադրել, որովհետեւ ի պաշտոնե նման հարցերը չեն մտնում իմ իրավասության շրջանակների մեջ, բայց ոչ պաշտոնական տեղեկությունները հաստատում են նման ձերբակալությունների փաստը»,- ասել է Կարեն Միրզոյանը: Նրա տեղեկություններով, սակայն, ՀՀ որոշ քաղաքացիների, որոնք Թուրքիայի տարածքում էին վիզային ռեժիմի խախտումներով, թուրքական իշխանությունները բանտարկել են` «նպատակ ունենալով նրանց արտաքսել հենց վիզային ռեժիմի խախտումների համար»: «Ընդհանրապես, պետք է շեշտել, որ վերջին շրջանում Թուրքիայի իշխանություններն ավելի խիստ քաղաքականություն են անցկացնում, այսպես կոչված` «իլեգալ» աշխատողների նկատմամբ, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում: Դատելով մամուլում եղած հրապարակումներից` նաեւ ոչ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»,- ասել է նա: Ձերբակալվածները, նրա տեղեկություններով` դեռեւս Թուրքիայի տարածքում են: Իսկ հարցին, թե հիմնականում ինչո՞վ են զբաղվում Թուրքիա ապօրինի ներթափանցած Հայաստանի քաղաքացիները, Կ. Միրզոյանը պատասխանել է. «Իմ անձնական շփումները, տեղեկությունները թույլ են տալիս մի քանի խմբի դասել. հիմնականում, դրանք կանայք են, որոնք այստեղ զբաղվում են Թուրքիայի հայազգի քաղաքացիների ընտանիքներում տարբեր ծառայություններ մատուցելով` հիվանդներին, ծերերին են խնամում, հավաքարարներ են… Կան, իհարկե, նաեւ առեւտրով զբաղվող մարդիկ, բայց առեւտրով զբաղվողները հիմնականում մարդիկ են, որոնք անընդհատ ճանապարհորդում են»: Իսկ այն հարցին, թե` մարմնավաճառությամբ զբաղվելու դեպքեր կա՞ն Հայաստանի քաղաքացի հանդիսացող կանանց կողմից` Միրզոյանը արձագանքել է. «Որքանով ես կարող եմ դատել` այո, նման դեպքեր կան»: