Սբ. Գայանե եկեղեցու միանձնուհիների հետ հանդիպման գնացի` մտովի վիճելով նրանց հետ` ինչպե՞ս կարելի է թողնել աշխարհիկ կյանքը, երբ այնքան մարդիկ կան, ովքեր կարիք ունեն կարեկից հոգիների:
Կարելի էր, չէ՞, գնալ, ասենք, ծնողների կողմից լքված հիվանդ երեխաների մանկատուն ու խնամել այդ փոքրիկ ու անօգնական արարածներին: Սակայն, պարզվում է, աստվածահաճո կյանք վարելու համար անպայման պետք է առանձնանալ վանքում ու աղոթել, աղոթել: Իսկ փորձեք աստվածահաճո կյանքով ապրել աշխարհիկ կյանքում: Չե՛ք կարող: Այս մարտական տրամադրությամբ ուղեւորվեցի ս. Գայանե: Միանձնուհիների հետ զրուցելուց հետո, սակայն, մնաց միայն ամոթի ու զղջման զգացում այն մտքերի համար, որոնցով գնացել էի այդ երեք կանանց` քույր Տաթեւիկի, քույր Եղիսաբեթի եւ քույր Աստղիկի մոտ:
– Քույր Տաթեւիկ, կնոջ համար բարդ ընտրություն է` թողնել աշխարհը, ընտանիքը եւ նվիրվել Աստծուն: Հատկապես հայկական ավանդույթները ստիպում են կնոջը տեսնել ընտանիքի մոր, բազում պարտականություններ ունեցող կնոջ դերում: Ձեր առանձնանալն աշխարհից փախո՞ւստ էր այդ ամենից:
– Հայ կնոջ համար միանձնուհու կյանքը ոչ միայն խորթ չէ, այլ մեր արյան մեջ այդ առաքինությունը՝ գուցե թաքնված, բայց կա: Մեր ընտանիքները հիվանդագին են ընդունում կանանց հեռացումն աշխարհից: Սակայն երկու հարյուր միանձնուհի տալով` կարող են մի ողջ ժողովուրդ բարոյապես կայուն դարձնել եւ, ինչո՞ւ ոչ, նաեւ թվապես: Օրինակ` մեզ մոտ գալիս են թե՛ ընտանեկան տարբեր խնդիրներ ունեցող կանայք, թե՛ դժբախտացած աղջիկներ, որոնք հղի են եւ լքված: Իրենք պատրաստ են դեռ չծնված երեխային ոչնչացնել` չգիտակցելով, որ դա մեծ մեղք է: Նրանք կարծում են, որ եթե երեխան ապօրինի է, ուրեմն իրենք անեծքի տակ են: Մենք բացատրում ենք, որ երեխան Աստծո զավակն է եւ ունի իր առաքելությունն այս կյանքում:
– Որտե՞ղ է տեղի ունենում ձեր զրույցը նման կանանց հետ: Իրե՞նք են գալիս, թե՞ դուք եք գնում:
– Մեր հագուստը տրամադրում է մարդկանց, որոնք Աստծուն են փնտրում, այսինքն` ելք են փնտրում՝ մոտենալ, խորհուրդ հարցնել: Մի ժամանակ, երբ ս. Հռիփսիմեում էինք, մեր շփումը շատ էր, քանի որ մոմավաճառությունը մեր պարտականություններից մեկն էր: Այստեղ՝ ս. Գայանե եկեղեցում, նույնպես կարողանում ենք շփվել մարդկանց հետ: Մենք ունենք աղոթքի եւ հոգեւոր ընթերցանության ժամեր, ունենք նաեւ աշխատանքի ժամեր: Մեր աշխատանքը հիմա մեծ մասամբ դրսի հետ է կապված: Օգնում ենք մշակել այգին, մաքրել տարածքը: Եվ երբ եկեղեցու բակում մեզ տեսնում են, գալիս են, շփվում ենք, զրուցում:
– Անապատականների, ճգնավորների մասին աշխատությունները շատ են, որոնցից մեկն է Տոլստոյի «Հայր Սերգին»: Իր կյանքի մայրամուտին հայր Սերգին հասկանում է, որ իր առանձնությունը մարդկանցից, գայթակղության դեմն առնելու համար անգամ կացնով մատը կտրելը, ի վերջո, հպարտությունից էր:
– Երբ մարդն աշխարհից առանձնանում է, իր հնարավորությունները` պայքարել իր կրքերի դեմ, աղոթել եւ աստվածահաճո կյանք վարել, մեծանում են: Երբեք մի հավատացեք այն մարդկանց, ովքեր ասում են` մի՞թե ավելի մեծ խիզախություն չէ աշխարհում լինելով` պայքարել կրքերի դեմ:
– Սակայն հիշենք Մայր Թերեզային, որը վարում էր միանձնուհու կյանք, բայց իր ոտքով գնում էր նրանց մոտ, ովքեր ունեին իր խնամքի կարիքը, նրանց օգնում թե՛ ֆիզիկապես, թե՛ դարձի գալու հարցում: Մի՞թե ավելի աստվածահաճո չէ օգնել նրանց, ովքեր ունեն ձեր սիրո, խնամքի կարիքն` անմիջապես, ոչ հեռվից` աղոթքներով:
– Գիտե՛ք, որն է ավելի ճիշտ կամ պակաս ճիշտ, մենք թողնում ենք Աստծուն: Որովհետեւ, եթե դու մտնում ես վանք, ողջ անձդ նվիրում ես Աստծուն, Ինքը պիտի առաջնորդի, տնօրինի քո հետագա կյանքը: Կտնօրինի այնպես, որ դու պետք է հավետ փակվես եւ աղոթես, պետք է հնազանդվես: Թե ինչի կառաջնորդի Տերը, դա` համաձայն յուրաքանչյուրի շնորհի:
– Բայց չէ՞ որ Տերը տվել է նաեւ ազատ կամք` ընտրություն անելու:
– Տերն ընտրության հնարավորություն տվել է` ընտրություն անելու Բարու եւ Չարի միջեւ:
– Այնպես է ստացվում, որ մարդիկ Աստծուն են դիմում իրենց կյանքի ամենադժվար պահերին միայն:
– Այո, եւ ասում են, որ Աստված դժվար վիճակում հայտնված մարդուն ավելի մոտ է լինում: Գիտի, որ դու իր կարիքն այդ ժամանակ հատկապես ունես: Փառք Աստծո, եթե հարվածները, դժվար վիճակները տանում են դեպի Աստված:
– Շատ զարմանալի էր, երբ Ձեզ հետ կապվելու համար Մայր Աթոռից տվեցին Ձեր բջջային հեռախոսի համարը: Այսինքն, այնուամենայնիվ, օգտվում եք աշխարհիկ ատրիբուտներից:
– Մենք բջջային հեռախոսներ շատ վերջերս ձեռք բերեցինք, քանի որ վանքը հեռախոս չունի: Շատ կարեւոր պահերին կարող էինք պարզապես չկարողանալ հաղորդակցվել: Եվ ձեռքի հեռախոսը եկավ օգնության:
– Իսկ հեռուստացույց դիտո՞ւմ եք:
– Մենք հեռուստացույց չունենք: Հայր սուրբի մոտ կա մի հեռուստացույց: Երբ հոգեւոր կյանքը լիարժեք է, ոչ մի այլ բանի կարիք չես զգում:
– Յուրաքանչյուր կնոջ կյանքում գալիս է մի տարիք, երբ ցանկանում է ընտանիք կազմել եւ այլն: Թերեւս Դուք էլ բացառություն չեք: Ամեն դեպքում, ի՞նչը կարող էր Ձե՛զ կտրել աշխարհիկ կյանքից:
– Իմ կյանքի ընթացքում հասկացել եմ, որ իմ կոչումը կուսակրոնությունն է:
– Աստծո, քրիստոնեության մասին աշխարհիկ հազարավոր գեղարվեստական գրքեր կան` Դոստոեւսկի, Տոլստոյ, Լագերկվիստ, Գյոթե, Բուլգակով, եւ այլն, եւ այլն: Որեւէ նման գիրք կա՞ Ձեր ձեռքի տակ:
– Ոչ, չկա: Ես չեմ ցանկանում ձեզ հիասթափեցնել, բայց ձեր թվարկած բոլոր գրքերն, իմ կարծիքով, գրված են ո՛չ Սուրբ Հոգով: Կան հոգեկիր հայրեր, որոնք մեզ ավանդել են գրականություն, որը խաղաղեցնում է հոգիդ: Իսկ Դոստոեւսկի, Տոլստոյ… Իրենք եղել են հավատացյալ, բայց ինչ-որ բանով շեղված: Տոլստոյը համարվում է աղանդավոր:
– Ռուս Ուղղափառ եկեղեցին, այո՛, նզովել է Տոլստոյին, սակայն նրան համարել այնպիսի գրող, որին ընթերցելուց հոգիդ չի խաղաղվում, թույլ տվեք չհամաձայնել:
– Դրանք մարդկային իմաստությամբ գրված գրքեր են: Այսինքն` այնտեղ Սուրբ Հոգին չի գործել: Հոգեկիր գրող լինելու համար պետք է ապրել սրբակյաց կյանքով:
– Ուզում եք ասել, որ համաշխարհային գրականության մեծագույն արժեքները գրված են ոչ Սուրբ Հոգո՞վ:
– Այո: Դրանք մարդկային իմաստնության արդյունք են:
– Բայց մարդկային իմաստնությունը տրված է ի վերուստ, Աստծուց:
– Գիտեք, կա մարդկային իմաստնություն եւ աստվածային իմաստնություն: Ասված է` հիմարեցրի մարդկային իմաստնությունը եւ իմաստնացրի մարդկային հիմարությունը: Աստվածային իմաստնությունը հենց աշխարհիկ հիմարությունն է:
– Մեր կյանքում Աստծուն գնալու ճանապարհն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կոռուպցիան, անպատժելիությունը, տգիտությունը դոմինանտ են, եւ ոչ այնքան բարձր գիտակցություն, եւ հոգեւոր աղքատ գիտելիքներ ունեցող մեր հասարակությունը վերոնշյալ արատների գոյությունը կապում է Աստծո չգոյության հետ:
– Կան բաներ, որոնց դեմ մենք պայքարել չենք կարող` աղոթելուց բացի:
– Վանական կյանքի պարտադիր կանոններից է նաեւ հարազատների, մերձավորների հետ կապվածությունը թողնելը:
– Կապվածություններ մարդու կյանքում պիտի չլինեն: Եթե կապված ես, ուրեմն թուլություն ունես:
– Բայց հիշենք Էքզյուպերիին` մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք:
– Վանք մտնելուց առաջ մեզ հարցնում են` ունե՞ք ձեր ծնողներին խնամողներ: Վանք մտած այս երեք քույրերիս մեջ իմ ծնողներն են միայն, որ սկզբում դեմ են եղել: Սակայն հայրս մահվան մահճում ինձ օրհնեց: Իսկ մայրս մինչ օրս ինձ ասում է, որ ինձ համար հանգիստ է: Այսինքն, եթե ապավինում ես Աստծուն եւ Նրա ճանապարհով ես գնում, հնարավոր չէ, որ ծնողդ դրանով չգոհանա:
– Ի՞նչ խնդիր Ձեզ բերեց Աստծուն:
– 88-ին ես նվիրվեցի Շարժմանը, մտածեցի, որ հեղափոխություն է, լավ իմաստով: Եվ, ճիշտն ասած, համարյա մահացու հիասթափություն ապրեցի, երբ տեսա, թե ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին բանտից բերում են, եւ մարդիկ ուսերի վրա կրում են նրանց մեքենաները: Ինձ թվաց, որ դա վեր է ածվում կռապաշտության:
– Աշխարհիկ կյանքում տեղի են ունենում ընտրություններ: Առջեւում նախագահական ընտրություններն են: Ունե՞ք նախընտրելի թեկնածու:
– Մենք չենք հրաժարվել քաղաքացիական մեր պարտավորություններից եւ մասնակցում ենք ընտրություններին, բայց որոշ վերապահումով: Բանն այն է, որ լավ ծանոթ չենք առաջադրված թեկնածուների արժանիքներին, բայց աշխատելու ենք կատարել հնարավորինս ճիշտ ընտրություն:
– Եվ ազա՞տ ընտրություն:
– Անպայման: Մեզ ոչ ոք չի թելադրում: Քրիստոնեությունն ազատության կրոն է:
Հ.Գ. Միանձնուհի դառնալու համար դեռեւս 2000-ին Մայր Աթոռ էին դիմել 11 հոգի եւ Հաղպատի վանքում մոտ 5 ամիս փորձաշրջան անցնելուց հետո վերադարձել Ս. Հռիփսիմե եկեղեցի, բայց արդեն հինգ հոգով: Սակայն ժամանակի հետ հինգ միանձնուհիներից մնացին երեքը: