«Հուշարձանը վերածել են հանքավայրի»

16/10/2007

«Մի լռեցրեք Գառնու սիմֆոնիան», «Պահանջում ենք պատժել մեղավորներին», «Գողանում են ազգային հարստությունը» ցուցապաստառներով երեկ մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առջեւ: «Մենք պահանջում ենք, որ նրանք, ովքեր Գառնու կիրճից այդ քարերը տարել են, պատասխանատվության ենթարկվեն: Քարե հուշարձանները վերածվել են քարե հանքավայրի, որտեղից արտահանում են շինանյութ առանձնատների շինարարության, հատակի սալիկապատման, հեթանոսական տաճարի ամբողջ ճանապարհը սարքելու համար»,- ըստ «Ա1+»-ի, ասել է ԱԺ-ին կից Երիտասարդական խորհրդարանի Առողջապահական եւ բնության պահպանության հարցերի խորհրդի նախագահ Տիգրան Սիմոնյանը: Ցուցարարներից մեկի տեղեկություններով` Գառնիից դուրս բերվող քարի յուրաքանչյուր կտորը վաճառվում է 250 դրամով: Քարերն, ըստ ակցիայի մասնակիցների` օգտագործվել են Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի առանձնատան շինարարության, Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի անունով` Արտաշատում կառուցվող եկեղեցու համար: Երեկ պատահաբար ցուցարարներին է հանդիպել նաեւ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը: Չկարողանալով շրջանցել նրանց, գյուղապետն ասել է. «Ես դատախազություն չեկա, անցնում էի, տեսա Գառնիի անունը, եկա տեսնեմ, ինչ է պատահել: Եթե մտածում եք Գառնիի մասին, ինչո՞ւ եք գալիս եւ աղտոտում այն քեֆերից հետո»: Չնայած սրան` գյուղապետը երեկ ստորագրել է այն դիմում-բողոքի տակ, որով ցուցարարները պահանջում էին պատժել մեղավորներին: «Թող պատժվեն մեղավորները, ովքեր իրականացնում են»,- ասել է Աշոտ Վարդանյանը: Նշենք, որ ցուցարարներն իրենց դիմումներից մեկ օրինակ հանձնեցին կառավարությանը եւ ՀՀ Գլխավոր դատախազությանը: