«Երեվանն ապագա ունի»

16/10/2007 Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հոկտեմբերի 11-ին մեկնարկած «Երեւանի օր» տոնակատարությունը հետաքրքիր խանդավառությամբ ընդունվեց երեւանցիների կողմից: Երեւանի 2789-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող մեր քաղաքացիներն այս օրերին իսկապես տոնական տրամադրությամբ նշում են մեր քաղաքի տոնը:

«Երեւանի օրեր» խորագրով տոնակատարություններին մասնակցելու համար մայրաքաղաք են ժամանել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ եւ մշակութային գործիչներ: Եվրոպական զարգացած երկրներից Հայաստան ժամանած պատվիրակությունները Երեւանը համարում են փոքրիկ Միլան. նրանք զարմացած էին Երեւանի զարգացման արագ տեմպերով:

Հոկտեմբերի 11-ին «Երեւանի օր» տոնակատարության հանդիսավոր բացման արարողության ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր բացման խոսքում մասնավորապես նշեց. «Այս տոնը հոգեհարազատ է մեր ժողովրդին եւ ունի մեծ խորհուրդ. այն մեր անկախ պետության եւ համայն հայության մայրաքաղաքի՝ Երեւանի օրն է: Քիչ երկրներ կան աշխարհում, որոնց մայրաքաղաքն ունի այնպիսի մեծ նշանակություն երկրի համար, ինչպես Երեւանն է։ Այն ներկայացնում է հանրապետության բնակչության մեկ երրորդը, արտադրության շուրջ կեսը, մշակույթի, գիտության, գործարարության զգալի հատվածը։ Մայրաքաղաքի զարգացումն ուղղակի ազդեցություն ունի ողջ հանրապետության վրա ոչ միայն որպես խոշորագույն ադմինիստրատիվ, մտավոր եւ գործարար կենտրոն, այլեւ՝ որպես արտադրության, սպառման եւ ռեսուրսների բաշխման հիմնական միավոր։ Իր գրեթե երեք հազարամյա պատմության մեջ նա թերեւս երբեք այնքան ծանրակշիռ եւ պատասխանատու տեղ չի զբաղեցրել մեր ազգի կյանքում, ինչ այս տարիներին»։ Քաղաքապետ Ե. Զախարյանն իր ելույթում նշեց, որ միայն վերջին հինգ տարիների մակրոտնտեսական ցուցանիշներն էականորեն գերազանցում են առաջին 10-12 տարիների տվյալներն ամբողջությամբ վերցրած։ Ավելին՝ աճել է ներդրումային հետաքրքրությունը բոլոր ոլորտներում։

Քաղաքապետը վկայեց, որ այսօր Երեւանի բնակչության մեծամասնությունն ապահովված է կենցաղային սպասարկման առաջնային անհրաժեշտության բաղադրիչներով։ Դրա մեջ են մտնում գազամատակարարումը, որ 2002թ. համեմատ աճել է 6-7 անգամ, ջրամատակարարումը` մայրաքաղաքի բնակչության կեսից ավելին ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, էներգամատակարարումը, արտաքին լուսավորությունը եւ այլն։

Ի դեպ, նա նաեւ անդրադարձավ 2003 թվականին ընդունված մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման 2004-2007թթ. ծրագրին, որն ամբողջությամբ ավարտվում է այս տարի: Նա վստահեցրեց, որ այս տարի նաեւ կավարտվի Երեւանի ամենանշանակալի եւ ամենածավալուն քաղաքաշինական ծրագիրը՝ Հյուսիսային պողոտայի կառուցումը։ «Զուգահեռաբար ամբողջանում է Գլխավոր պողոտայի կառուցապատման համալիր ծրագիրը։ Թամանյանական այս երկու նախագծերի իրագործումը, որին մեր քաղաքը սպասել է շուրջ 8 տասնամյակ, ամբողջովին վերափոխելու է մայրաքաղաքի կենտրոնի տեսքը՝ ստեղծելով քաղաքաշինական ավարտուն եւ գրավիչ մի միջավայր՝ տարածությունների ռացիոնալ օգտագործմամբ, կատարման ժամանակակից լուծումներով եւ կենցաղավարման նոր որակով»,- վստահեցրեց Ե. Զախարյանն՝ ավելացնելով, որ մայրաքաղաքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերը, որպես կանոն, հետապնդում են մեկ խնդիր՝ բնակչության կենսապայմանների բարելավում: Ի դեպ, հարկ է նշել, որ այս տարի 4-րդ աստիճանի վթարայնության փլուզվող շենքերի բնակիչներին փոխհատուցելու նպատակով պետական բյուջեի միջոցներով կառուցվող շենքերի քանակը կրկնապատկվել է, իսկ առաջիկա երեք տարում նախատեսված է ապահովել այս կարգի բոլոր 14 շենքերի բնակիչներին եւ հիմնանորոգել ու ամրացնել 3-րդ աստիճանի վթարայնության մնացած 54 շենքերը։ Անդրադառնալով մայրաքաղաքի 12 համայնքների գործունեությանը՝ քաղաքապետը նշեց, որ զգալի աշխատանքներ են կատարվում բնակարանային ֆոնդի պահպանման եւ վերականգնման ուղղությամբ: Հետեւաբար, յուրաքանչյուր տարի օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ էականորեն աճում է համայնքների բյուջեների հավաքագրման մակարդակը, ինչպես նաեւ՝ սեփական միջոցների հաշվին ավելանում են հարկային մուտքերը: «Ելնելով ոլորտում ստեղծված հրատապ անհրաժեշտությունից, կառավարության կողմից, ՀՀ վարչապետի անմիջական նախաձեռնությամբ՝ քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգման նպատակով պետական բյուջեից տրամադրվեց 3 միլիարդ դրամ, որը հնարավորություն կտա առաջին անգամ հիմնավոր կերպով անդրադառնալ մեր բնակչության սպասարկման անվտանգությանը վերաբերող այդ կարեւորագույն խնդրին, որտեղ վերջին 15 տարիների ընթացքում որեւէ լուրջ միջամտություն չէր կատարվել»,- ասաց քաղաքապետ Ե. Զախարյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ իրացման գոտիներում գտնվող թաղամասերի բնակիչները տասնամյակներ շարունակ զրկված էին իրենց բնակարանների սեփականատերերը լինելու օրինական իրավունքից։ Այսօր վերականգնվում են նախկինում մերժված նրանց բոլոր իրավունքները, այդ ընտանիքներին տրվում են սեփականության վկայականներ։ Ինչպես նման տարածքների բնակիչներն, այնպես էլ քաղաքապետը համարում է, որ սա պետության կողմից վստահության մի աննախադեպ ակցիա է՝ առավելագույն չափով պահպանելու եւ վերականգնելու իր քաղաքացիների շահերը։ Օրերս ՀՀ վարչապետի կողմից կրկին շեշտվել է, որ իրացման գոտիներում պետք է բացառվի որեւէ մեկի բնակարանի իրացումն՝ առանց այդ տարածքում նրան բնակմակերես առաջարկելու։

Վերջապես լուծվում է այնպիսի կարեւորագույն խնդիր, ինչպիսին դպրոցների ջեռուցումն է: Պրն Զախարյանը միանշանակ հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ սեփական ջեռուցմամբ ապահովված կլինի մայրաքաղաքի դպրոցների 50%-ը։ Բացի այդ, պետբյուջեի միջոցներով ամբողջովին հիմնանորոգվել է 44 դպրոց։ Հայաստանի կառավարությունը վերջերս 1 միլիարդ 700 միլիոն դրամի խոշոր հատկացում է կատարել 2008 թվականին Երեւանի դպրոցների եւ նախադպրոցական հիմնարկների շուրջ 60 կաթսայատների եւ ջեռուցման համակարգերի կառուցման նպատակով։ Առաջիկա 2 տարիների ընթացքում բոլոր կրթական հաստատություններն ապահովված կլինեն լոկալ ջեռուցմամբ, եւ 5 տարիների ընթացքում կավարտվեն բոլոր դպրոցների հիմնանորոգման աշխատանքները։ Անդրադառնալով բնապահպանության ոլորտին՝ քաղաքապետը նշեց. «Երեւանի կանաչ տարածքները վերականգնելու եւ պահպանելու նպատակով նորոգվել եւ կառուցվել է քաղաքի ոռոգման ցանցի 90%-ը։ Այսօրվա դրությամբ՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներն ավելացել են 254 հա-ով։ 58 հա ընդհանուր տարածքով ստեղծվել են նոր պուրակներ եւ այգիներ։ Արդյունքում՝ այսօր քաղաքի բնակչության մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների մակերեսը 2003թ. 4,9 քառակուսի մետրից հասել է 6,2 քառակուսի մետրի»։ Նա մանրամասնորեն անդրադարձավ նաեւ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի, հաղորդուղիների, հանրային փոխադրամիջոցների եւ ճանապարհաշինության խնդիրներին՝ ներկայացնելով դրանց լուծման ճանապարհները:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը Երեւանի 2789-ամյակի կապակցությամբ շնորհավորեց երեւանցիներին. «Մեր մայրաքաղաքը ժառանգել է մեծ պատմություն եւ մեծ ապագա ունի իր ժողովրդի հետ միասին։ Հավերժություն եւ բարգավաճում մաղթենք նրան»։