Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Վոյեննոպրոմիշլեննի կուրյեր» պարբերականը երեկ մի ուշագրավ հոդված է հրապարակել, որտեղ նշել է, թե` «Հակառակ տարածքային փոքր չափերին` Հայաստանը կարեւոր աշխարհաքաղաքական գործոն է, որի նշանակությունը ոչ միայն Անդրկովկասի, այլեւ Մերձավոր Արեւելքի համար անհամեմատ բարձր է միջազգային ասպարեզում նրա կշռից: Հայաստանն ամենից քիչ խնդիրներ է հարուցում ՌԴ-ի համար: Ավելին, այն փաստորեն մեր թիկունքն է ԱՊՀ-ի հարավային սահմաններում: Մինչեւ 2007թ. Մոսկվան ու Երեւանն ընդարձակ դաշնակցային պայմանագրային հիմք են ձեւավորել: Գործակցության առանցքը ՌԴ-ի եւ ՀՀ-ի ռազմական եւ ռազմավարական համագործակցությունն է, որն ապահովում է երկու պետությունների անվտանգությունը»: Թերթը` փաստելով, որ «Թուրքիան միշտ ընկալվել է Հայաստանի կողմից որպես արտաքին սպառնալիքի աղբյուր», ընդգծել է. «Վաշինգտոնը ձգտում է ամեն գնով ուժեղացնել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը»: