Շշպռել է ադրբեջանցիներին

16/10/2007

Վերջին շրջանում ամերիկյան, եվրոպական, միջազգային տարբեր կառույցների, լրատվամիջոցների կողմից հակահայկական քարոզչություն է իրականացվում: Համենայն դեպս, այդպես է կարծում Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության դեռեւս ատենապետ Հարություն Առաքելյանը:

Հենց վերոնշյալ հանգամանքից ելնելով էլ պարոն Առաքելյանը որոշել էր երեկ ասուլիս հրավիրել ու Ադրբեջանի «պորտը տեղը դնել»: ՀՌԱԿ-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ դուրս գալ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացից՝ հաշվի առնելով 13 տարի տեւող բանակցությունների անարդյունավետ ընթացքը: «Դադարեցնել Հայաստանի ներկայությունը ԼՂ-ի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կազմակերպվող բանակցային գործընթացում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ադրբեջանական իշխանությունը հանդիսանում է հայ ժողովրդի հանդեպ հանցագործություն իրականացրած պետական կառույց, որն արտահայտվել է 1988-1994թ. ընթացքում Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի զտումների, ջարդերի ու սպանդների, հայերի գույքը թալանելու, պատմամշակութային արժեքները ոչնչացնելու միջոցով եւ այդ գործողություններն իրականացրել է պետական կառույցների՝ բանակի, տրանսպորտի եւ կապի, Ոստիկանության եւ կազմակերպված խուժանի միջոցով»,- հորդորում է Հարություն Առաքելյանը: Իսկ հայրենի խորհրդարանին ՀՌԱԿ ատենապետը խորհուրդ է տալիս օրակարգի հարց դարձնել եւ ընդունել «1988-1994թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ազգի հանդեպ իրականացրած ցեղասպանության մասին օրինագիծը, իսկ մերժման դեպքում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք»:

Նա խորհուրդներ է տվել նաեւ միջազգային իրավունքի հայ մասնագետներին, պետաիրավագետներին եւ պատմաբաններին: Ըստ այդմ, Հ. Առաքելյանը խորհուրդ է տալիս համախմբել իրավաբանորեն գրագետ ձեւակերպվելիք հայցի շուրջ՝ «Հաագայի միջազգային դատարանում՝ ընդդեմ 1988-ից մինչեւ 1994թ. ադրբեջանական կառավարության»: Առաքելյանը ՀՀ կառավարությանն էլ կոչ է անում պաշտոնապես դիմել Հաագայի Միջազգային դատարան՝ «ընդդեմ ադրբեջանական 1988-1994թթ. կառավարության՝ Անդրկովկասում հայերի հանդեպ էթնիկ զտումներ, ջարդեր ու սպանդներ, թալան եւ կողոպուտ իրականացնելու մեղադրանքով: Հաագայի Միջազգային դատարանին ներկայացնել թե՛ ԼՂՀ, թե՛ Հայաստանի խաղաղ բնակչության հանդեպ մասսայական ոչնչացման զենքերի. ցամաքից եւ օդից հայկական բնակավայրերի (քաղաքները եւ գյուղերը) ռմբակոծման բազմաթիվ փաստերը եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Նախիջեւանի կողմից»: ՀՌԱԿ ատենապետը կոչ է անում նաեւ թուրքական եւ ադրբեջանական կառավարությունների կողմից էթնիկ հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանությունն ապացուցող փաստեր ներկայացնել միջազգային իրավապաշտպան եւ մարդու իրավունքները քարոզող շահագրգիռ կազմակերպություններին: