Ինչպես եւ կանխատեսվում էր, երեկ ՀՀ Արդարադատության խորհուրդը որոշում է կայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցնող միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս երկու շաբաթվա ընթացքում պետք է որոշի` բավարարե՞լ միջնորդությունը, թե՞ ոչ (այդ ժամկետում որոշում չկայացնելու դեպքում միջնորդությունը համարվում է մերժված): Հիշեցնենք, որ Պարգեւ Օհանյանի դեմ կարգապահական վարույթը հարուցվել էր այն բանից հետո, երբ վերջինս համարձակվել էր ինքնուրույն գործել եւ Մաքսային պետական կոմիտեին կաշառակերության մեջ մեղադրող «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին արդարացնելու որոշում էր կայացրել: Այսինքն` Օհանյանը համարձակվել էր դեմ դուրս գալ կոռումպացված համակարգին, ինչը չէր կարող տեղավորվել «կազմակերպված պետության» տրամաբանության մեջ, ուստի եւ չէր կարող ներվել: Ամեն դեպքում՝ Պարգեւ Օհանյանի փաստաբանը երեկ հայտարարել է, որ Ռ. Քոչարյանի կողմից Պ. Օհանյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացնելու պարագայում իրենք դիմելու են Եվրոպական դատարան:
Իսկ ԱԽ-ի հետաքրքրությունը Պ. Օհանյանի նկատմամբ ուժեղացավ այն բանից հետո, երբ դատավորը հուլիսի 16-ին «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանին եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանին արդարացնելու որոշում ընդունեց: Վերջիններիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ նրանք հրապարակավ հայտարարել էին, թե Մաքսային պետական կոմիտեն իրենցից կաշառք է պահանջում: «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատերերը համոզված են, որ իրենց դեմ քրեական հետապնդումը ՄՊԿ-ի պատվերն է: Իսկ այս դեպքում ստացվում է, որ արդարացնելով Գ. Հակոբյանին ու Ա. Ղազարյանին՝ Պարգեւ Օհանյանը դեմ է դուրս եկել իշխանություններին ու պետական համակարգին: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե արդարացման հայտնի դատավարությունից հետո ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վճռաբեկ դատարանում մասնակցել է Արդարադատության խորհրդի նիստին եւ խիստ նկատողություն է արել դատավորներին այն բանի համար, որ նրանք համարձակվում են ինքնուրույն որոշումներ կայացնել: Եվ ահա այդ այցից հետո Արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթ է հարուցում Պարգեւ Օհանյանի դեմ: ԱԽ-ն ստուգել է Օհանյանի 2006-2007թթ. դատական գործերը եւ 16 քրեական ու 4 քաղաքացիական դատավարությունների դեպքում խախտումներ է հայտնաբերել: Խախտումներից մեկի դեպքում դատավորը վճիռն ուշացումով է հանձնել ամբաստանյալին, մյուսի դեպքում դատավարությունը 5-6 ամիս ձգձգել է, որովհետեւ ամբաստանյալը եւ նրա պաշտպանը չեն ներկայացել դատական նիստերին: Եվ նման խախտումները «պատճառ» դարձան, որ ԱԽ-ն Պ. Օհանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդություն ներկայացնի Ռ. Քոչարյանին: «Սպասում էի նման որոշման»,- նիստից հետո լրագրողներին ասաց պարոն Օհանյանը: «Դա առավելագույն տույժն է,- ասաց Պ. Օհանյանի փաստաբան Հայկ Ալումյանը: -Նման խախտումների դեպքում սովորաբար սահմանափակվում են հարցի քննարկումով, նկատողությունով, կամ խիստ նկատողությունով: Իսկ այդ խախտումները հայտնաբերողների երեւակայության արգասիքն են եւ բռնկվել են ստացած պատվերի արդյունքում»:
Դատավոր Օհանյանը չէր բացառում, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը «Ռոյալ Արմենիայի» ղեկավարներին արդարացնելու վճռի հետեւանքն է: Իսկ լիազորությունները դադարեցնելու վճռից հետո ավելի շատ հակված է մտածել, որ «հենց այդպես էլ կա»: Այդուհանդերձ, նա չի զղջում, որ արդարացրել է Գ. Հակոբյանին ու Ա. Ղազարյանին: Իսկ Ռ. Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, երկու շաբաթվա ընթացքում (եթե այդ ժամկետում միջնորդությունը չի բավարարվում, այն համարվում է մերժված) կհաստատի ԱԽ որոշումը, եւ Պ. Օհանյանն այլեւս դատավոր չի աշխատի:
«Պատրաստվում եմ հանգստանալ,- ասաց պարոն Օհանյանը: -Թեպետ դա ինձ առայժմ չի հաջողվի, որովհետեւ դեռ նախագահը չի հաստատել որոշումը: Մինչեւ այդ պետք է աշխատեմ: Բայց իսկապես պետք է հանգստանամ, հոգնել եմ, թե՛ գործերից, դատական նիստերից ընդհանրապես, եւ թե՛ այս գործից մասնավորապես: Գիտեք, իմ կարծիքով՝ դատավորները հոգնում են ավելի շատ դատավարությունների անկատարությունից: Հոգնում են օրենքների անկատարությունից, որը բերում է դատավարությունների անկատարության: Շատ հարցեր կարգավորված չեն օրենքով եւ շատ իրավիճակներում չես կարող լուծել»: Ըստ Պ. Օհանյանի` իր գործերում հայտնաբերած 20 խախտումների մեջ կան այնպիսիք, որոնք օրենքի անկատարության արդյունք են:
«Թեպետ ես չեմ ուզում ամեն հարցում մեղքը գցել օրենքի անկատարության վրա,- ասաց դատավորը: -Միեւնույն դեպքում՝ ես կարծում եմ, որ օրենքը շունչ ունի, պետք է հասկանալ օրենքի ոգին եւ ոչ թե կառչել օրենքի տառից: Պետք է օրենքին շունչ տալ»:
Այն հարցին, թե տեղեկություններ ունի՞ կամ զգացե՞լ է, որ այդ որոշումն ընդունելու համար ԱԽ անդամների վրա եղել են ճնշումներ, պրն Օհանյանը պատասխանեց: «Իմ կարծիքով՝ այդ որոշումը նրանցը չէ»: Նա հստակ չպատասխանեց հարցին` արդյոք «Ռոյալ Արմենիայի» դատավարության ժամանակ իր վրա ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ: «Հավանաբար նրանք, ովքեր կցանկանային ճնշել, ավելի շատ վստահ են եղել, որ չի լինի արդարացում,- ասաց դատավորը: -Հավանաբար, այդ պատճառով էլ ճնշում չի եղել: Մնացած առումներով չեմ էլ ուզում խոսել: Պարզապես ասեմ, որ ես երբեք իմ խղճին դեմ չեմ գնացել: Իհարկե, տատանումներ եղել են, նման դեպքերում էլ դա թողել եմ կամ վերադաս դատարանին, կամ՝ Աստծուն»:
Այժմ ի՞նչ կարծիք ունի Հայաստանի արդարադատության, դատական համակարգի մասին դատավորը, ով արդեն կողքից է նայում այդ համակարգին եւ ով, ամենայն հավանականությամբ, երկու շաբաթ հետո հրաժեշտ կտա այդ համակարգին: Կայացա՞ծ է արդյոք մեր երկրի դատական համակարգը, մարդիկ այս դատական համակարգով իրենց պաշտպանված զգո՞ւմ են, կամ առհասարակ պաշտպանվա՞ծ է արդյոք դատավորն ինքը: Այս հարցերին Օհանյանը կարճ, բայց կոնկրետ պատասխան տվեց: «Ցավոք սրտի, լավ բան քիչ կարող եմ ասել, թեեւ խոստովանեմ, որ շատ դրական փոփոխություններ էլ կան՝ թեկուզ խորհրդային տարիների հետ համեմատած: Բայց շատ անելիքներ էլ կան: Իմ կարծիքով՝ Հայաստանի դատական իշխանությունն անկախ չէ: Մեր երկրում ազատությունները կարծես թե լիարժեք չեն»:
Պաշտոնից ազատվելուց հետո Պ. Օհանյանը չի պատրաստվում համալրել երիտասարդ թոշակառուների շարքը: Իր ասելով, այս անգամ նա պատրաստվում է հակառակ կողմից պայքարել արդարադատության համար: Չբացառեց նաեւ քաղաքականությամբ զբաղվելու տարբերակը: Սակայն դեռ սպասում է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի որոշմանը: Միգուցե նախագահը մեծահոգություն կամ դիվանագիտություն ցուցաբերի, մանավանդ, որ խախտումներն աննշան էին: «Հակառակ դեպքում՝ ես իրավական, արդարադատության, արդարության համար մղվող պայքարում շատ ծրագրեր ունեմ, որոնք անպայման կյանքի կկոչեմ,- ասաց Պ. Օհանյանը: -Մասնավոր փաստաբանական, իրավաբանական գրասենյակ կստեղծեմ, գիտությամբ կզբաղվեմ, անգլերենս կփորձեմ կատարելագործել: Գուցե, ինչո՞ւ չէ, նաեւ քաղաքականությամբ էլ զբաղվեմ, օրենսդիր մարմնում աշխատեմ: Չգիտեմ` ընդդիմադի՞ր կլինեմ, թե՞ իշխանության հետ»: