Երբ մեկ տարի առաջ մի ծանուցագիր եկավ մեր տուն, որի բովանդակությունից պարզվեց, որ մանկամսուրի սան, երկուսուկես տարեկան աղջիկս եւս ընդգրկվել է այն երջանիկների մեջ, որոնք կարող են մասնակցել համայնքի «գեղեցկության, նրբագեղության եւ ներդաշնակության» մրցույթին, ծանուցագիրն` իր ձեւակերպումներով, պարզապես զվարճալի թվաց: Բանն այն է, որ երկուսուկես տարեկան երեխաներից շատերը, ինչպես եւ սույն ծանուցագրի հասցեատիրուհին, դեռեւս փամփերս են հագնում, հաճույքով են հիշում չոչ անելու երանելի ժամանակները եւ հետո, հասկանալի է, պատկերացում էլ չունեն, որ մեծերի աշխարհում կանայք ու աղջիկները երազում են մասնակցել ձիերի առքուվաճառք հիշեցնող գեղեցկության մրցույթներին: Կարճ ասած, ծանուցագիրը մոռացության մատնվեց: Սակայն բառացիորեն երեկ երեխան մանկապարտեզից վերադարձավ` հերթական թղթի կտորը գրպանում: Ըստ այդմ` մանկիկները համառորեն հրավիրվում են մասնակցելու ոչ միայն «նրբագեղության եւ ներդաշնակության» մրցույթի, այլեւ հնարավորություն ունեն հավակնել, ինչպես ծանուցման մեջ մուգ տառերով է նշված, «Միսս (կամ միստր) թոփ մոդել», «Միսս Եվրոպայի մոդել», ավելին` «Միսս աշխարհի մոդել» տիտղոսներին: Այս անգամ արդեն լրջորեն մտածեցի, որ թե՛ այս մրցույթի կազմակերպիչների մոտ, թե՛ մեր երկրում` առհասարակ, ինչ-որ բան լրջորեն խաթարված է: Եվ ոչ միայն էսթետիկայի առումով: Փաստորեն, նման անհեթեթ մրցումներ անցկացնելու համար մարդիկ վատնում են էներգիա ու ժամանակ: Շատ ծնողներ միջոցներ չեն խնայում իրենց` առանց ամեն կարգի տխմար մրցույթների էլ հրաշալի երեխաների համար ապահովել, ասենք, «Միսս Կենտրոն» կամ «Միսս Աջափնյակ» տիտղոսները: Սակայն Հայաստանում նման անարժեք միջոցառումների կազմակերպումը խրախուսվում է բոլոր մակարդակներում: Հեռուստատեսությունը լցված է քաղքենիների ճաշակը սպասարկող մրցույթ-համերգներով ու անխելք աստղերով: Որեւէ բնական միջավայր, որը կարող է մարդկանց հակել մտածելուն, խորհելուն արժեքավոր որեւէ նյութի մասին, չկա: Չկա նաեւ ժողովրդի հոգեւոր ազդակներն արթնացնելուն միտված պետական որեւէ ծրագիր, ռազմավարություն: Գուցե մեր հասարակությանը բթացման վերջնական վտանգից կարողանան փրկել լոկալ միջոցառումնե՞րը: Ասենք, տաղանդավոր ռեժիսորի նոր նկարահանված ֆիլմ, գեղարվեստական կամ գիտական որեւէ արժեքավոր գործ: Բայց ոչ: Նոբելյան մրցանակները հաջողությամբ շրջանցում են Հայաստանը: Կաննի կինոփառատոնին էլ ներկայացնելու արժանի ֆիլմ առայժմ չունենք: Մնում է շարունակել դիտել «Եռանկյունի» կամ «Բարեւ, ես եմ» ֆիլմերը: Բայց ինչքա՞ն:
Մոսկվայում վերջերս տեղի ունեցավ Պավել Լունգինի «Կղզի» ֆիլմի շնորհանդեսը, եւ ռուս հայտնի դերասաններն ու դերասանուհիները կինոթատրոնից դուրս էին գալիս հուզված, արցունքոտ աչքերով: Երբ դերասանուհիներից մեկը պատմում էր, թե կինոնկարը դիտելուց հետո այնպես է ամաչում, որ կինոդիտման գալուց առաջ հատուկ շքեղ զգեստ ու ադամանդյա համապատասխան զարդեր է ընտրել, եւ, որ հիմա, կինոնկարը դիտելուց հետո, ինչ-որ էական բան է փոխվել իր համար, որ ֆիլմից հետո ինքն այլ կերպ է ընկալում կյանքն ու իր ադամանդների կարիքն այլեւս չի զգում, խիստ պաթետիկ էր հնչում: Հետեւաբար` ոչ այնքան համոզիչ, որպեսզի անմիջապես վազեի մոտակա սրահն ու ձեռք բերեի կինոնկարը: Սպասում էի, որ մեր հեռուստաընկերություններից գոնե մեկը մի օր կցուցադրի այն: Ապարդյուն: Ֆիլմը ձեռք բերեցինք պատահաբար:
Հայաստանում, դատելով համապատասխան ֆակուլտետի գոյությունից, կան կինոգետներ ու կինոքննադատներ, բայց որեւէ արժեքավոր ֆիլմի քննարկում, վերլուծություն, հասարակության հետաքրքրությունը դրա վրա բեւեռելու որեւէ փորձ դեռեւս չի եղել: Սակայն կան հարցեր, որոնք հետաքրքիր են բացարձակ բոլորին, թեկուզեւ միայն ենթագիտակցական մակարդակում: Եվ այդ մարդիկ կարող են վստահ դիտել «Կղզի» կինոնկարը` համոզված, որ այն կյանքի իմաստը փնտրել կամ հասկանալ փորձող մարդկանց համար խորհելու հետաքրքիր նյութ է:
Ֆիլմի սյուժեն սա է. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն են: Ածուխ տեղափոխող նավն ընկնում է գերմանացիների ձեռքը: Նավի վրա են Տիխոնն ու Անատոլին: Վերջինս ընկնում է գերմանացիները ոտքերը, խնդրում չսպանել իրեն: Ապա մահվան սարսափից մատնում է ընկերոջ` Տիխոնի թաքստոցն ու գերմանացիների կամքով սպանում նրան: Գերմանացիներն անգամ փամփուշտ չեն վատնում վախկոտի վերջը տալու համար: Նրան պարզապես թողնում են ականապատված նավի վրա եւ հեռանում: Անատոլիին փրկում են կղզու վանականները: Եվ նա իր կյանքն անց է կացնում վանականների համար ածուխ ջարդելով, հնոցն այրելով: (Ի դեպ, սա հետաքրքիր ալեգորիա է): Անցնում է ավելի քան 30 տարի: Ծերունի Անատոլիի հրաշագործ աղոթքների լուրը ստիպում է հավատացյալներին (եւ ոչ միայն) իրենց հիվանդ, անդամալույծ, հոգեկան խանգարումներ ունեցող հարազատներին բերել նրա մոտ` կղզի: Հայր Անատոլիի դերակատարը գյուղացի, անատամ, առանց գրիմի Պյոտր Մամոնովն է, մի իսկական հայտնություն: Ասում են, որ երբ նկարահանում էին հոգեկան խանգարում ունեցող աղջկա տեսարանը, Մամոնովն անդադար լաց էր լինում` ձգձգելով տեսարանի նկարահանումը: Իսկ երբ նա աղոթում էր հիվանդների ապաքինման համար (իսկ նա ոչ թե խաղում էր, այլ իսկապես աղոթում էր), լաց էր լինում արդեն ողջ անձնակազմը: Ինչեւէ: 30 տարի առաջ իր կատարած սպանության գիտակցությունը հանգիստ չի տալիս ծերունուն: Նա վստահ է, որ մեռնելու է` առանց ապաշխարության: Ֆիլմի վերջը ես չեմ ասի: Այն մի տեսակ դուրս է դասական ֆիլմերի սցենարից` կոնֆլիկտ, կուլմինացիա եւ հանգուցալուծում:
Ֆիլմի իմաստի եւ արժեքի մասին գրելու անհրաժեշտությունը չկա: Այն յուրաքանչյուրը հասկանում է յուրովի: Պարզապես «Կղզին» եւս այն ճանապարհներից մեկն է, որն օգնում է վերջնականապես մանկուրտ չդառնալուն, օգնում է շարունակել փնտրել այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք գտնվում են դժվարությամբ. դրանց փնտրտուքը շատ ժամանակ է պահանջում, շատ ջանք ու ցանկություն: Այդ պատասխանները գրքերում են, լավ ֆիլմերում, իմաստուն մարդկանց զրույցներում: Այդպիսի մարդիկ գուցե թե ԱԺ-ում չեն հանդիպում եւ կամ հեռուստատեսությամբ չեն երեւում: Նրանք դրա համար այնքան էլ ֆոտոգենիկ չեն: Սակայն նման մարդիկ կան, եթե մի փոքր ուշադիր լինենք եւ նկատենք նրանց մեր կողքին: Փնտրեք ձեր Կղզին: