Այս տարի կքվեարկվի

16/10/2007

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախօրեին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը պալատի լիագումար նիստում քվեարկության է դրվելու այս տարի: Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե դրա համար պատեհ ժամանակ չի ընտրված՝ Փելոսին ընդգծել է. «Ես Կոնգրեսում եմ 20 տարի, եւ 20 տարի մարդիկ ասել են նույն բանը»:

«Ինչու դա անել հիմա՞: Քանի որ երբեք լավ ժամանակ չի լինում, եւ ամբողջ դեմոկրատական ղեկավարությունը պաշտպանել է դա»,- «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Նենսի Փելոսին: Վերլուծաբանները կանխատեսում են, որ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քվեարկության կդրվի մինչեւ Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 22-ը: «Թըրքիշ դեյլի նյուսը», սակայն, վկայակոչելով իր կոնգրեսական եւ դիվանագիտական աղբյուրները, երեկ գրել է, թե Նենսի Փելոսին կարող է բանաձեւը քվեարկության դնել հենց եկող շաբաթվա ընթացքում: Հոկտեմբերի 10-ին հավանություն տալով օրինագծին՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովը ճանապարհ հարթեց պալատի լիագումար նիստում հարցը քննարկելու համար, ինչն առաջ բերեց թուրքական կողմի, ինչպեսեւ՝ ԱՄՆ-ի վարչակազմի կտրուկ հակազդեցությունը: Դատապարտող հայտարարություններից անցնելով կոնկրետ քայլերի՝ Թուրքիան նախօրեին հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Նաբի Սենսոյին, Թուրքիայի Արտգործնախարարության խոսնակ Լեւենթ Բիլմանի խոսքերով՝ «խորհրդակցելու» նպատակով: «Ասոշիեյթեդ փրեսի» վկայությամբ՝ Բիլմանը նաեւ տեղեկացրել է, որ Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը հրավիրվել է թուրքական դիվանագիտական գերատեսչություն, որտեղ թուրք պաշտոնյաները նրան իրենց մտահոգություններն են փոխանցել կոնգրեսական հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ: Թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, ով ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ներկայումս դիտարկում է հնարավոր պատասխան քայլերի մի ցանկ, որը կարող է հրապարակվել առաջիկա օրերին: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ջանքեր է գործադրում՝ մեղմելու թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածությունը եւ կանխելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից: