Հորդորել է չընդունել

13/10/2007

Ջորջ Բուշը երեկ, Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովի նիստից մի քանի ժամ առաջ, կոնգրեսականներին հորդորել է չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը` ասելով, թե դա «կվնասի առանցքային դաշնակից Թուրքիայի հետ հարաբերություններին»: «Ես հորդորում եմ ընդդիմանալ Հայոց ցեղասպանության բանաձեւին… Դրա ընդունումը կարող է մեծ վնաս հասցնել ՆԱՏՕ-ում եւ ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում մեր առանցքային դաշնակցի հետ հարաբերություններին»: Քոնդոլիզա Ռայսն էլ կարծիք է հայտնել, թե բանաձեւի ընդունումն այս պահին իսկապես շատ խնդրահարույց կլինի, որովհետեւ «մենք շատ ենք կախված Թուրքիայից՝ մեր լավ ռազմավարական դաշնակցից»: Միաժամանակ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը Ռայսի հետ միասին հանդիպել է Ջորջ Բուշին, փաստել է. «Զինվորականները համոզված են, որ օդակայանների եւ ճանապարհների մատչելիությունը ռիսկի տակ կհայտնվի, եթե այս բանաձեւն անցնի, եւ թուրքերը այնքան կոշտ կարձագանքեն, որքան մենք համոզված ենք, որ նրանք կանեն: Եվ թուրքերից մեր ծանր կախվածության պատճառով է, որ զինվորականությունը բարձրացնում է այս հարցը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: Հիշեցնենք, որ բանաձեւի քննարկումը սկսվել է երեկ երեկոյան ժամը 22:30-ին: